Քրիստոսին իր հայրենի քաղաքի մարդիկ մերժում են։ Նա իր աշակերտներին իշխանություն է տալիս դևեր հանելու։ Նրան համարում են, որ Նա Հովհաննես Մկրտիչն է, որը հարություն է առել մեռելներից։ Հինգ հացի և երկու ձկան հրաշքը։ Քրիստոսը քայլում է լճի վրայով և բուժում է բազմաթիվ հիվանդների։
⬅ Վերադառնալ
🧹 Մաքրել նշումները
1
Եվ այնտեղից դուրս գալով, եկավ Իր հայրենի քաղաքը. Նրա աշակերտները գնում էին Նրա հետևից։
2
Եվ երբ շաբաթ եղավ, ժողովարանում սկսեց ուսուցանել։ Եվ շատերը լսելով՝ զարմանում էին ու ասում. «Որտեղի՞ց Սրան այս բաները, և ի՞նչ իմաստություն է տրված Սրան, որ Սրա ձեռքով այսպիսի զորավոր գործեր կատարվեն։
3
Սա հյուսնի՞ որդին չէ, Մարիամի որդին և Հակոբոսի, Հովսեի, Հուդայի ու Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերն այստեղ՝ մեզ մոտ չե՞ն»։ Եվ Նրանով գայթակղվում էին։
4
Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մարգարեն անարգված չէ, բացի իր հայրենիքում, իր ազգականների մեջ և իր տան մեջ»։
5
Եվ այնտեղ չկարողացավ որևէ զորավոր գործ անել, այլ սակավաթիվ հիվանդների վրա ձեռք դնելով՝ նրանց բժշկեց։
6
Նա զարմանում էր նրանց անհավատության վրա։ Եվ շրջում էր գյուղերով մեկ և ուսուցանում։
7
Եվ Իր մոտ կանչեց տասներկուսին և սկսեց նրանց երկու-երկու ուղարկել ու իշխանություն տվեց պիղծ ոգիների վրա։
8
Եվ պատվիրեց նրանց, որ ճանապարհի համար գավազանից բացի այլ բան չվերցնեն՝ ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ էլ դրամ գոտիների մեջ,
9
այլ հագնեն միայն հողաթափներ և երկու պատմուճան չհագնեն։
10
Եվ ասում էր նրանց. «Որ տունը մտնեք, այնտեղ օթևանե՛ք, մինչև որ այնտեղից մեկնեք։
11
Եվ որտեղ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ այնտեղից ելնեք, ձեր ոտքերի փոշին թա՛փ տվեք՝ իբրև վկայություն նրանց դեմ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, Սոդոմի և Գոմորի համար դատաստանի օրը ավելի հեշտ կլինի, քան այն քաղաքինը»։
12
Աշակերտները ելան ու քարոզում էին, որ մարդիկ ապաշխարեն։
13
Եվ շատ դևեր էին հանում ու շատ հիվանդների էին յուղով օծում և բժշկում։
14
Եվ Հերովդես արքան այս բաները լսեց , որովհետև Հիսուսի անունը հայտնի էր դարձել, և ասաց. «Հովհաննես Մկրտիչը հարություն է առել մեռելներից, և դրա համար զորավոր գործեր են կատարվում նրա միջոցով»։
15
Մյուսներն ասում էին, թե՝ «Եղիան է», իսկ մյուսները, թե՝ «Մի մարգարե է կամ թե մարգարեների նման մեկը»։
16
Բայց Հերովդեսը լսելով՝ ասաց. «Դա Հովհաննեսն է, որին ես գլխատեցի։ Նա մեռելներից հարություն է առել»։
17
Որովհետև Հերովդեսն ինքն էր մարդ ուղարկել և ձերբակալել Հովհաննեսին, կապել էր նրան և բանտարկել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով։ Բանն այն էր, որ Հերովդեսը նրան իրեն կին էր դարձրել,
18
իսկ Հովհաննեսը Հերովդեսին ասում էր. «Քո եղբոր կնոջը քեզ կին առնելն օրինավոր չէ»։
19
Եվ Հերովդիան ոխ էր պահում Հովհաննեսի դեմ և կամենում էր սպանել նրան, բայց չէր կարող։
20
Որովհետև Հերովդեսը վախենում էր Հովհաննեսից, քանի որ նրան գիտեր որպես արդար և սուրբ մարդու, նրա մասին հոգ էր տանում և ունկնդրելով նրան՝ շատ բաներ կատարում էր. հաճույքով էր լսում նրան։
21
Եվ հարմար օր եղավ, երբ Հերովդեսն իր ծննդյան տարեդարձի առթիվ ընթրիք էր տալիս իր նախարարներին, հազարապետներին և Գալիլեայի մեծամեծներին։
22
Երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, հաճելի եղավ Հերովդեսին ու սեղանակիցներին։ Եվ թագավորը աղջկան ասաց. «Ինչ կամենաս, խնդրի՛ր ինձնից, և քեզ կտամ»։
23
Եվ երդվեց նրան. «Ինչ որ խնդրես ինձնից, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը»։
24
Աղջիկը դուրս գնաց ու ասաց իր մորը. «Ի՞նչ խնդրեմ»։ Իսկ նա ասաց. «Հովհաննես Մկրտչի գլուխը»։
25
Եվ նա շուտափույթ մտավ թագավորի մոտ ու խնդրեց՝ ասելով. «Ուզում եմ, որ հիմա սկուտեղի վրա անմիջապես ինձ տաս Հովհաննես Մկրտչի գլուխը»։
26
Եվ թագավորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների և սեղանակիցների պատճառով չկարողացավ նրան մերժել։
27
Եվ թագավորը իսկույն մի դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել նրա գլուխը։
28
Եվ դահիճը գնաց, բանտում գլխատեց Հովհաննեսին ու բերեց նրա գլուխը մի սկուտեղի վրա ու տվեց աղջկան, իսկ աղջիկը տվեց իր մորը։
29
Եվ նրա աշակերտները լսելով՝ եկան, վերցրին նրա մարմինը և դրեցին գերեզմանի մեջ։
30
Եվ առաքյալները հավաքվեցին Հիսուսի մոտ և պատմեցին Նրան ամեն ինչ, ինչ որ արել էին և ուսուցանել։
31
Հիսուսն ասաց նրանց. «Դուք առանձին մի ամայի տեղ եկեք և մի քիչ հանգստացեք»։ Որովհետև եկողներն ու գնացողներն այնքան շատ էին, որ նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեին։
32
Եվ նավակով մի ամայի տեղում առանձնացան։
33
Մարդիկ տեսան նրանց գնալը, և շատերը ճանաչեցին նրանց։ Եվ բոլոր քաղաքներից այնտեղ վազելով՝ միասին հասան նրանցից առաջ և հավաքվեցին Նրա շուրջ։
34
Եվ Հիսուսը դուրս գալով՝ տեսավ շատ ժողովուրդ և գթաց նրանց, որովհետև նրանք նման էին հովիվ չունեցող ոչխարների։ Եվ սկսեց շատ բաներ ուսուցանել նրանց։
35
Երբ բավական ժամանակ անցավ, աշակերտները, մոտենալով Հիսուսին, ասացին. «Սա ամայի տեղ է, քանի դեռ օրը չի մթնել,
36
արձակի՛ր այս ժողովրդին, որպեսզի գնան շրջակա ագարակներն ու գյուղերը և իրենց համար ուտելիք գնեն, որովհետև այստեղ ուտելու բան չունեն»։։
37
Բայց Նա պատասխանեց ու ասաց նրանց. «Դո՛ւք նրանց տվեք, որ ուտեն»։ Եվ հարցրին Նրան. «Գնանք երկու հարյուր դահեկանի հաց գնենք և տանք նրանց, որ ուտե՞ն»։
38
Եվ ասաց նրանց. «Քանի՞ հաց ունեք, գնացե՛ք տեսեք»։ Եվ երբ իմացան, ասացին. «Հինգ հաց և երկու ձուկ»։
39
Եվ պատվիրեց նրանց, որ բոլորին խմբերով նստեցնեն կանաչ խոտի վրա։
40
Եվ նրանք շարքերով նստեցին. տեղ-տեղ՝ հարյուր, տեղ-տեղ էլ՝ հիսուն։
41
Ապա Հիսուսը, վերցնելով հինգ հացը և երկու ձկները, աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, մանրացրեց նկանակները և տվեց աշակերտներին, որպեսզի բաշխեն նրանց, իսկ երկու ձկները բաժանեց ամենքին։
42
Եվ բոլորը կերան և կշտացան։
43
Տասներկու լի զամբյուղ էլ հացի կտորտանքներ հավաքեցին, ինչպես նաև՝ ձկներից։
44
Եվ ուտողները հինգ հազար տղամարդ էին։
45
Ապա Հիսուսն իսկույն ևեթ շտապեցրեց աշակերտներին, որ նավակ մտնեն և իրենից առաջ գնան լճի մյուս կողմը՝ դեպի Բեթսայիդա, մինչև ինքը ժողովրդին արձակեր։
46
Եվ նրանց հրաժեշտ տալով՝ բարձրացավ լեռը՝ աղոթելու։
47
Եվ երբ երեկո եղավ, նավակը լճի մեջտեղում էր, իսկ Ինքը մենակ՝ ցամաքի վրա։
48
Եվ տեսավ, որ աշակերտները թիավարելիս հողմակոծ էին լինում, որովհետև հողմը նրանց դիմացից էր փչում։ Գիշերվա չորրորդ ժամին Նա, լճի վրայով քայլելով, եկավ նրանց մոտ և ուզում էր նրանցից առաջ անցնել։
49
Բայց նրանք, երբ տեսան Նրան լճի վրա քայլելիս, կարծեցին, թե ուրվական է, և աղաղակեցին։
50
Որովհետև բոլորը տեսան Նրան և վախեցան։ Բայց Նա իսկույն խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք»։
51
Ապա Նա նավակ մտավ՝ նրանց մոտ, և հողմը դադարեց։ Եվ նրանք չափազանց զարմացան իրենց մեջ ու զարմանքից ապշեցին։
52
Որովհետև չէին ըմբռնել հացերի վերաբերյալ եղածը, քանի որ նրանց սիրտը կարծրացած էր։
53
Եվ լճի մյուս կողմն անցնելով՝ եկան Գեննեսարեթի երկիրը և ցամաք ելան։
54
Եվ երբ նրանք նավակից դուրս եկան, մարդիկ իսկույն ճանաչեցին Հիսուսին։
55
Ամբողջ գավառով մեկ այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին անկողիններով հիվանդներ բերել այնտեղ, որտեղ, ըստ լսածի, Հիսուսն էր գտնվում։
56
Եվ ուր էլ մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ կամ ագարակներ, հիվանդներին դնում էին հրապարակներում և աղաչում էին Նրան, որ թեկուզ Նրա հանդերձի ծայրին դիպչեն։ Եվ ովքեր դիպչում էին Նրան, բժշկվում էին։