🏠 Գլխավոր էջ Պահված համարներ

Քրիստոսը օծվում է մի կնոջ կողմից։ Զատկի ընթրիքից հետո հաստատում է հաղորդությունը։ Նախապես ասում է, որ Իր աշակերտները պիտի ցրվեն։ Հուդայի մատնությամբ Քրիստոսը բռնվում է պարտեզում և տարվում է ատյան։ Պետրոսի ուրացումը։

⬅ Վերադառնալ
1 Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները հնար էին փնտրում, թե ինչպես Նրան խորամանկությամբ բռնեն և սպանեն։ 2 Բայց ասում էին. «Ո՛չ տոնի ժամանակ, գուցե ժողովրդի մեջ խռովություն լինի»։ 3 Եվ երբ Նա Բեթանիայում էր՝ Սիմոն բորոտի տանը սեղան նստած, մի կին եկավ, որ ուներ մաքուր նարդոսի թանկարժեք յուղի ալաբաստրե սրվակ։ Նա կոտրեց սրվակը և յուղը թափեց Նրա գլխին։ 4 Աշակերտները դժկամում էին և ասում. «Ինչի՞ համար էր այդ յուղի վատնումը. 5 Որովհետև կարելի էր այս յուղը երեք հարյուր դահեկանից ավելի վաճառել և աղքատներին տալ»։ Եվ հանդիմանում էին նրան։ 6 Հիսուսը նրանց ասաց. «Թողե՛ք նրան, ինչո՞ւ եք անհանգստություն պատճառում, քանի որ նա ինձ համար մի բարի գործ արեց։ 7 Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, և երբ կամենաք, կարող եք նրանց բարիք անել, բայց Ինձ միշտ ձեզ հետ չունեք»։ 8 Այս կինն արեց այն, ինչ կարող էր. նախապես օծեց Իմ մարմինը թաղման համար։ 9 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ամբողջ աշխարհում որտեղ էլ այս Ավետարանը քարոզվի, նրա արածն էլ պիտի պատմվի նրա հիշատակի համար»։ 10 Ապա Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, գնաց քահանայապետների մոտ, որպեսզի Հիսուսին մատնի նրանց։ 11 Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան դրամ տալ նրան։ Եվ Հուդան հարմար առիթ էր փնտրում Հիսուսին մատնելու համար։ 12 Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկական գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Որտե՞ղ ես ուզում ուտել զատկական ընթրիքը։ Գնանք պատրաստենք»։ 13 Եվ Նա Իր աշակերտներից երկուսին ուղարկեց և ասաց նրանց. «Գնացե՛ք քաղաք, և ջրի սափոր կրող մի մարդ կհանդիպի ձեզ. նրա հետևից կգնաք։ 14 Ո՛ր տունը մտնի, այդ տան տիրոջը կասեք. “Վարդապետն ասում է՝ որտե՞ղ է այն օթևանը, որտեղ իմ աշակերտների հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը”։ 15 Եվ նա ձեզ ցույց կտա վերնատուն՝ մեծ, կահավորված և պատրաստ. այնտեղ կպատրաստեք մեզ համար»։ 16 Աշակերտները գնացին, եկան քաղաք և գտան այնպես, ինչպես Հիսուսն ասել էր նրանց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը։ 17 Երեկոյան Նա եկավ տասներկուսի հետ։ 18 Եվ երբ սեղան էին նստել ու դեռ ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ձեզանից մեկը, որ Ինձ հետ ուտում է, Ինձ պիտի մատնի»։ 19 Նրանք սկսեցին տրտմել և մեկը մյուսի հետևից հարցնել Նրան. «Մի՞թե ես եմ»։ 20 Նա պատասխանեց և ասաց նրանց. «Տասներկուսիցդ մեկն է, որ ձեռքն Ինձ հետ ամանի մեջ մտցրեց։ 21 Ճիշտ է, Մարդու Որդին կգնա, ինչպես որ նրա մասին ասում է Սուրբ Գիրքը, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով Մարդու Որդին կմատնվի. լավ կլիներ այդ մարդու համար, եթե ծնված իսկ չլիներ»։ 22 Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Առե՛ք, կերե՛ք. սա է Իմ մարմինը»։ 23 Ապա բաժակը վերցնելով՝ գոհացավ, տվեց նրանց, և բոլորը խմեցին դրանից։ 24 Եվ ասաց նրանց. «Ա՛յս է Նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար։ 25 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որթատունկի բերքից չեմ խմելու մինչև այն օրը, երբ կխմեմ նորը Աստծու արքայության մեջ»։ 26 Եվ օրհներգելուց հետո դուրս ելան Ձիթենյաց լեռը։ 27 Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր ամենքդ էլ գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև գրված է. “Պիտի հարվածեմ հովվին, և ոչխարները պիտի ցրվեն”։ 28 Բայց Իմ հարությունից հետո ձեզնից առաջ Գալիլեա կգնամ»։ 29 Պետրոսն ասաց նրան. «Եթե բոլորն էլ գայթակղվեն, ես չեմ գայթակղվի»։ 30 Հիսուսն ասաց նրան. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր՝ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, դու երեք անգամ կուրանաս Ինձ»։ 31 Իսկ Պետրոսն ավելի ու ավելի էր պնդում և ասում էր. «Եթե պետք լինի Քեզ հետ մեռնել, Քեզ չեմ ուրանա»։ Եվ բոլորն էլ նույնն էին ասում։ 32 Եկան այն այգին, որ Գեթսեմանի էր կոչվում։ Նա ասաց Իր աշակերտներին. «Նստե՛ք այստեղ, մինչև Ես աղոթեմ»։ 33 Եվ Նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին։ Սկսեց տխրել ու տագնապել։ 34 Եվ ասաց նրանց. «Հոգիս մահու չափ տրտմած է. մնացե՛ք այստեղ և արթո՛ւն կացեք»։ 35 Ապա փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսնիվայր գետնին ընկավ և աղոթում էր, որ եթե հնարավոր է, այդ ժամն Իրենից հեռանա։ 36 Եվ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, Քեզ համար ամեն բան հնարավոր է. հեռացրո՛ւ այս բաժակն Ինձանից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես Դու ես կամենում»։ 37 Եվ եկավ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, քնո՞ւմ ես. չկարողացա՞ր մեկ ժամ արթուն մնալ։ 38 Արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. հոգին հոժար է, բայց մարմինը տկար»։ 39 Եվ դարձյալ գնաց, աղոթեց՝ նույն խոսքերն ասելով։ 40 Եվ վերադառնալով՝ նրանց դարձյալ քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, և չգիտեին, թե ինչ պատասխանեն Նրան։ 41 Երրորդ անգամ եկավ և նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք և հանգստացե՛ք, քանի որ վախճանը հասել է։ Եկավ ժամը, և ահա Մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը։ 42 Վե՛ր կացեք, գնանք. ահա մոտեցավ նա, ով Ինձ մատնում է»։ 43 Մինչ Հիսուսը խոսում էր այս բաները, եկավ Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, նրա հետ՝ սրերով ու մահակներով զինված մի ամբոխ՝ ուղարկված քահանայապետների, դպիրների ու ծերերի կողմից։ 44 Նրան մատնողը նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում համբուրեմ, Նա է. բռնեցե՛ք Նրան և զգուշությամբ տարե՛ք»։ 45 Եվ գալով՝ իսկույն մոտեցավ Նրան ու ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛», և համբուրեց Նրան։ 46 Նրանք ձեռք բարձրացրին Նրա վրա և ձերբակալեցին նրան։ 47 Ապա նրա շուրջը գտնվողներից մեկը սուրը քաշեց, հարվածեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեց։ 48 Հիսուսը խոսքն ուղղեց նրանց և ասաց. «Իմ դեմ եք ելել սրերով ու մահակներով՝ որպես ավազակի՞, որ ինձ ձերբակալեք։ 49 Միշտ ձեզ մոտ էի և ուսուցանում էի տաճարում, և ինձ չձերբակալեցիք։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի մարգարեների գրվածքները կատարվեն»։ 50 Եվ բոլորը Նրան թողեցին ու փախան։ 51 Եվ մի երիտասարդ հետևում էր Նրան՝ մերկ մարմնի վրա սավան գցած, և երիտասարդները նրան բռնեցին։ 52 Իսկ նա սավանը թողեց և մերկ փախավ նրանցից։ 53 Հիսուսին տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ սկսեցին հավաքվել բոլոր քահանայապետները, դպիրներն ու ծերերը։ 54 Պետրոսը, հեռվից Հիսուսին հետևելով, մտավ մինչև անգամ ներս՝ քահանայապետի գավիթը։ Նա նստած էր սպասավորների հետ ու տաքանում էր կրակի առջև։ 55 Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ վկայություն էին փնտրում, որպեսզի Նրան սպանեն, բայց չէին գտնում։ 56 Որովհետև շատերն էին սուտ վկայություն տալիս նրա դեմ, բայց վկայություններն իրար չէին համապատասխանում։ 57 Ոմանք վեր կացան և Նրա դեմ սուտ վկայություն տվեցին՝ ասելով. 58 «Մենք լսեցինք նրանից, որ ասում էր. “Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կկառուցեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտ”»։ 59 Բայց այդպես էլ նրանց վկայությունը նույնական չէր։ 60 Ապա քահանայապետը, մեջտեղում կանգնելով, Հիսուսին հարց տվեց ու ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. նրանք այս ի՞նչ են վկայում քո դեմ»։ 61 Իսկ նա լուռ էր մնում և որևէ պատասխան չէր տալիս։ Քահանայապետը կրկին հարց տվեց նրան և ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնյալ Աստծու Որդին»։ 62 Հիսուսն ասաց. «Այո՛, ինչպես ասացիր, Ես եմ. և դուք կտեսնեք Մարդու Որդուն նստած Զորության աջ կողմում և երկնքի ամպերով գալիս»։ 63 Քահանայապետը պատռեց իր հանդերձը և ասաց. «Այլևս ի՞նչ կարիք ունենք վկաների։ 64 Լսեցիք հայհոյությունը. ի՞նչ եք կարծում»։ Բոլորն էլ դատապարտեցին նրան՝ վճռելով, որ մահապարտ է։ 65 Ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորը գլխին քաշել, բռունցքներով խփել և ասել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՜վ դու Քրիստոս, այն ո՞վ է, որ քեզ խփեց»։ Սպասավորներն էլ ապտակում էին նրան։ 66 Մինչ Պետրոսը դեռ ներքևում էր՝ գավթում, քահանայապետի աղախիններից մեկը եկավ 67 և տեսավ, որ նա տաքանում էր, ուշադիր նայեց նրան և ասաց. «Դու էլ Նազովրեցի Հիսուսի հետ էիր»։ 68 Բայց նա ուրացավ՝ ասելով. «Չգիտեմ և չեմ հասկանում, թե ինչ ես ասում»։ Եվ դուրս գնաց դեպի նախասրահը, և աքաղաղը կանչեց։ 69 Աղախինը նրան դարձյալ տեսավ և սկսեց մոտ կանգնածներին ասել. «Սա էլ նրանցից է»։ 70 Նա դարձյալ ուրացավ։ Քիչ հետո մոտ կանգնածները դարձյալ ասացին Պետրոսին. «Իրապես նրանցից ես, որովհետև գալիլեացի ես, և խոսքդ էլ նրանց նման է»։ 71 Նա սկսեց անիծել ու երդվել. «Չեմ ճանաչում այդ մարդուն, որի մասին խոսում եք»։ 72 Եվ աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն. «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած, դու երեք անգամ կուրանաս Ինձ»։ Եվ սկսեց լաց լինել։