Գլխավոր Պահվածներ

Սաղմոս 18 — Դավթի հաղթության երգը

Երգողների գլխավորին։ Տիրոջ ծառա Դավթի սաղմոսը, որ այս երգի խոսքերը Տիրոջն ասաց այն օրը, երբ Տերը նրան ազատեց իր բոլոր թշնամիների ձեռքից և Սավուղի ձեռքից։ Նա ասաց.
⬅ Վերադառնալ
1 Ես սիրում եմ Քեզ, Տե՛ր, իմ զորություն։ 2 Տերն իմ վեմն է, իմ ամրոցը և իմ Ազատարարը, իմ Աստվածը, իմ ժայռը, որի մեջ ապաստանում եմ, իմ վահանը, իմ փրկության եղջյուրը և իմ բարձր աշտարակը։ 3 Օրհներգությամբ Տիրոջը կկանչեմ և իմ թշնամիներից կփրկվեմ։ 4 Մահվան կապանքները շրջապատեցին ինձ և կորստյան հեղեղները սարսափեցրին ինձ։ 5 Գերեզմանի ցավերը պատեցին ինձ, մահվան որոգայթները դիմավորեցին ինձ։ 6 Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի և իմ Աստծուն աղաղակեցի։ Իր տաճարից Նա լսեց իմ ձայնը և իմ աղաղակը հասավ Նրա առաջ, Նրա ականջներին։ 7 Այն ժամանակ երկիրը դողաց և սասանվեց, լեռների հիմքերը շարժվեցին ու ցնցվեցին, որովհետև Նա բարկացավ։ 8 Նրա քթից ծուխ բարձրացավ և Նրա բերանից կլանող կրակ ելավ, կայծակներ փայլատակեցին նրանից։ 9 Նա խոնարհեցրեց երկինքը և իջավ, Նրա ոտքերի տակ թանձր մառախուղ կար։ 10 Նա հեծավ քերովբեի վրա և թռավ, սլացավ քամու թևերի վրա։ 11 Նա խավարը Իր ծածկոցը դարձրեց. խավարի ջրերը և երկնքի ամպերը վրան դարձան Նրա չորս կողմով։ 12 Նրա առաջ եղած պայծառությունից ամպերն անցան, դարձան կարկուտով և կրակի կայծակներ։ 13 Տերը որոտաց երկնքում, և Բարձրյալն Իր ձայնը տվեց կարկուտով ու կրակե կայծակներով։ 14 Նա արձակեց Իր նետերը և ցրեց նրանց, բազմացրեց կայծակները և խուճապի մատնեց նրանց։ 15 Այն ժամանակ երևացին ջրերի հատակները և աշխարհի հիմքերը բացվեցին Քո հանդիմանությունից, ո՛վ Տեր, Քո բարկության հողմի փչելուց։ 16 Նա վերևից ուղարկեց և բռնեց ինձ. Նա առատ ջրերից հանեց ինձ։ 17 Նա փրկեց ինձ իմ զորավոր թշնամուց և ինձ ատողներից, որոնք ինձանից ուժեղ էին։ 18 Նրանք իմ առջևը կտրեցին իմ նեղության օրը, բայց Տերն իմ հենարանը եղավ։ 19 Նա ինձ դուրս բերեց ընդարձակ տեղ, փրկեց ինձ, որովհետև հավանեց ինձ։ 20 Տերը ինձ հատուցեց իմ արդարության համաձայն, իմ ձեռքերի մաքրության համաձայն վարձատրեց ինձ։ 21 Որովհետև պահեցի Տիրոջ ճանապարհները և ամբարշտությամբ չհեռացա իմ Աստծուց։ 22 Նրա բոլոր դատաստաններն իմ առաջ էին և Նրա կանոններն ինձանից չհեռացրի։ 23 Նրա առաջ անարատ եղա և զգուշացա իմ անօրենությունից։ 24 Ուստի Տերը հատուցեց ինձ իմ արդարության համեմատ իմ ձեռքերի մաքրության համեմատ, որ Նրա աչքի առաջ է։ 25 Հավատարիմի հետ հավատարիմ ես, անբիծի հետ՝ անբիծ։ 26 Մաքուրի հետ մաքուր ես, խոտորի հետ՝ խոտոր։ 27 Որովհետև Դու ազատում ես աղքատ ժողովրդին, բայց ամբարտավան աչքերը խոնարհեցնում ես։ 28 Դու ես վառում իմ ճրագը. Տեր Աստված լուսավոր է դարձնում իմ խավարը։ 29 Քեզանով ես արշավում եմ զորքի վրա և իմ Աստծով անցնում պարսպի վրայից։ 30 Աստծո ճանապարհը անբիծ է, Տիրոջ խոսքը մաքրված է կրակով։ Նա վահան է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են Նրան։ 31 Որովհետև ո՞վ է Աստված Տիրոջից բացի, և ո՞վ է վեմ մեր Աստծուց բացի։ 32 Աստված է ինձ զորությամբ գոտևորողը և իմ ճանապարհը անբիծ դարձնողը։ 33 Նա իմ ոտքերը եղջերուի ոտքերի պես է դարձնում և ինձ կանգնեցնում է բարձր տեղերում։ 34 Նա վարժեցնում է իմ ձեռքը պատերազմելու, որ իմ բազուկները պղնձե աղեղ լարեն։ 35 Դու ինձ տվեցիր Քո փրկության վահանը. Քո աջը զորավիգ է ինձ, և Քո քաղցրությունը մեծացրեց ինձ։ 36 Դու լայնարձակ դարձրիր ընթացքս իմ ոտքերի տակ, և իմ ոտքերը չսայթաքեցին։ 37 Հետապնդեցի իմ թշնամիներին և հասա նրանց, չվերադարձա մինչև նրանք չոչնչացան։ 38 Խոցեցի նրանց, և նրանք չկարողացան վեր կենալ, ընկան իմ ոտքերի տակ։ 39 Դու ինձ զորությամբ գոտևորեցիր պատերազմի համար և իմ դեմ ելնողներին գցեցիր իմ ոտքերի տակ։ 40 Դու իմ թշնամիների թիկունքը դարձրիր դեպի ինձ, և ինձ ատողներին ես ոչնչացրի: 41 Նրանք օգնություն կանչեցին, բայց փրկող չկար, Տիրոջը աղաղակեցին, բայց Նա չպատասխանեց նրանց։ 42 Ես նրանց փոշու պես մանրացրի քամու առաջ, փողոցի ցեխի պես դուրս թափեցի նրանց։ 43 Դու ինձ ազատեցիր ժողովրդի կռիվներից, ինձ ազգերի գլուխ դարձրիր։ Ժողովուրդ, որին չէի ճանաչում, ծառայեց ինձ։ 44 Հենց որ լսեցին իմ մասին՝ հնազանդվեցին ինձ, օտարների որդիները քծնելով հպատակվեցին ինձ: 45 Օտարները թուլացան և դողալով դուրս եկան իրենց ամրոցներից։ 46 Կենդանի է Տերը, օրհնյալ է իմ Վեմը, և թող բարձր լինի իմ փրկության Աստվածը։ 47 Աստված է, Ով վրեժ է լուծում ինձ համար և իմ ձեռքի ներքո հնազանդեցնում է ժողովուրդներին: 48 Նա ազատում է ինձ իմ թշնամիներից։ Այո՛, Դու ինձ բարձրացնում ես իմ դեմ ելնողներից, բռնի մարդուց փրկում ես ինձ։ 49 Դրա համար ազգերի մեջ գոհություն կհայտնեմ Քեզ, ո՛վ Տեր, և Քո անվանը սաղմոս կերգեմ։ 50 Նա մեծ փրկություն է տալիս Իր թագավորին և ողորմություն է անում Իր օծյալին՝ Դավթին և նրա սերնդին հավիտյան։