Քրիստոսը հրաշքով կերակրում է ժողովրդին։ Զգուշացնում է Իր աշակերտներին հեռու մնալ փարիսեցիների և հերոդեսականների խմորից։ Բացում է կույրի աչքերը։ Հայտնում է, որ Ինքն է Քրիստոսը, և որ պետք է չարչարվի ու հարություն առնի։ Հանդիմանում է Պետրոսին։ Հորդորում է աշակերտներին՝ Ավետարանի համար հալածվելիս համբերել։
⬅ Վերադառնալ
🧹 Մաքրել նշումները
1
Այդ օրերին դարձյալ ժողովրդի մեծ բազմություն էր հավաքվել, և ուտելու բան չունեին։ Հիսուսը Իր մոտ կանչեց աշակերտներին և ասաց.
2
«Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև ահա երեք օր է ինձ հետ են և ուտելու բան չունեն։
3
Եթե նրանց քաղցած իրենց տներն ուղարկեմ, ճանապարհին ուժասպառ կլինեն, որովհետև նրանցից ոմանք հեռվից են եկել»։
4
Աշակերտները նրան պատասխանեցին. «Այս անապատում որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել»։
5
Նա հարցրեց նրանց. «Քանի՞ հաց ունեք»։ Նրանք ասացին. «Յոթ»։
6
Հիսուսը հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնին։ Ապա վերցնելով յոթ հացերը՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, որ բաժանեն։ Նրանք էլ բաժանեցին ժողովրդին։
7
Մի քանի փոքր ձկներ էլ ունեին։ Հիսուսը դրանք ևս օրհնեց և հրամայեց բաժանել։
8
Եվ կերան ու կշտացան։ Ապա յոթ զամբյուղ էլ ավելացած կտորտանքներ հավաքեցին
9
Ապա Հիսուսը նրանց արձակեց։ Նրանք, ովքեր կերան, մոտ չորս հազար հոգի էին։
10
Եվ իսկույն Իր աշակերտների հետ նավակ մտնելով՝ եկավ Դաղմանութայի կողմերը։
11
Փարիսեցիները եկան և սկսեցին վիճել Հիսուսի հետ։ Նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից։
12
Եվ Նա Իր հոգու խորքից հառաչեց և ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրվելու»։
13
Եվ նրանց թողնելով՝ դարձյալ նավակ նստեց և գնաց լճի մյուս կողմը։
14
Աշակերտները մոռացել էին հաց վերցնել և նավակում միայն մեկ հաց ունեին իրենց հետ։
15
Հիսուսը պատվիրեց նրանց և ասաց. «Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների խմորից և հերովդեսականների խմորից»։
16
Նրանք իրար մեջ խորհում էին և ասում. «Այսպես է ասում, որովհետև հաց չունենք»։
17
Հիսուսն իմացավ նրանց մտածումը և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր սրտում խորհում, թե հաց չունեք։ Դեռ չե՞ք հասկանում և չե՞ք հիշում. Ձեր սիրտն այդքան ընդարմացա՞ծ է։
18
Աչք ունեք և չե՞ք տեսնում, ականջ ունեք և չե՞ք լսում ու դեռ չե՞ք հասկանում։ Չե՞ք հիշում,
19
երբ հինգ հացով հինգ հազար հոգի կերակրվեցին, իսկ կտորտանքներով լի քանի՞ զամբյուղ հավաքեցիք»։ Նրան պատասխանեցին՝ «Տասներկու»։
20
«Եվ երբ յոթ հացով չորս հազար հոգի կերակրվեցին, կտորտանքներով լի քանի՞ զամբյուղ հավաքեցիք»։ Նրանք պատասխանեցին՝ «Յոթ»։
21
Եվ ասաց նրանց. «Իսկ ինչպե՞ս չեք հասկանում»։
22
Եկան Բեթսայիդա։ Հիսուսի մոտ բերեցին մի կույրի ու աղաչեցին, որ դիպչի նրան։
23
Հիսուսը, բռնելով կույրի ձեռքից, գյուղից դուրս հանեց, թքով թրջեց նրա աչքերը և ձեռքը դրեց նրա վրա։ Եվ հարցնում էր կույրին, թե որևէ բան տեսնո՞ւմ է։
24
Նա բացեց աչքերը ու ասաց. «Մարդկանց տեսնում եմ, որ քայլում են, ինչպես ծառեր»։
25
Ապա դարձյալ ձեռքերը դրեց նրա աչքերի վրա։ Կույրը բացեց աչքերը և նայում էր, բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր։
26
Հիսուսը նրան իր տուն ուղարկեց և ասաց. «Գյուղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տուն, իսկ երբ գյուղ մտնես, այնտեղ ոչ ոքի չասես»։
27
Հետո Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը։ Ճանապարհին Իր աշակերտներին հարցրեց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։
28
Նրանք պատասխան տվեցին և ասացին. «Ըստ ոմանց՝ Հովհաննես Մկրտիչը, ըստ ուրիշների՝ Եղիան կամ մարգարեներից մեկը»։
29
Եվ Նա ասաց նրանց. «Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխանեց ու ասաց Նրան. «Դու Քրիստոսն ես»։
30
Եվ Հիսուսը նրանց խստորեն պատվիրեց, որ ոչ ոքի չասեն Իր մասին։
31
Ապա Հիսուսն սկսեց ուսուցանել աշակերտներին, թե Մարդու Որդին բազում չարչարանքներ պիտի կրի, անարգվի ծերերից, քահանայապետներից և դպիրներից, պիտի մեռնի և երրորդ օրը հարություն առնի։
32
Հիսուսը բացահայտ խոսեց այս բաները։ Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց հանդիմանել Նրան։
33
Իսկ Հիսուսը շրջվեց, տեսավ աշակերտներին, հանդիմանեց Պետրոսին և ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև դու չես խորհում այն, ինչ Աստված է անում, այլ այն, ինչ մարդիկ են անում»։
34
Եվ ժողովրդին Իր աշակերտների հետ կանչելով՝ ասաց նրանց. «Եթե մեկը կամենում է Իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և իր խաչը վերցնի ու Իմ հետևից գա։
35
Որովհետև ով կամենա իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով կորցնի իր կյանքը Ավետարանի համար, պիտի փրկի այն։
36
Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի.
37
Որովհետև մարդն ի՞նչ հատուցում կարող է տալ իր կյանքի փոխարեն։
38
Ով Ինձ և Իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ, Մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա Իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով»։