Ապա Հիսուսն սկսեց ուսուցանել աշակերտներին, թե Մարդու Որդին բազում չարչարանքներ պիտի կրի, անարգվի ծերերից, քահանայապետներից և դպիրներից, պիտի մեռնի և երրորդ օրը հարություն առնի։
Այս համարը բացահայտում է Քրիստոսի առաքելության բուն էությունը։ Մինչ այժմ աշակերտները աստիճանաբար ճանաչում էին Նրա անձը, իսկ այժմ պետք է հասկանային Նրա գործի ճշմարիտ բնույթը։ Նա Քրիստոսն է, բայց ոչ ըստ մարդկանց սպասած փառքի, այլ ըստ Աստծո փրկարար ծրագրի։ «Պետք է» բառը ցույց է տալիս աստվածային անհրաժեշտությունը․ Նրա չարչարանքը պատահական ողբերգություն չէր, այլ փրկության ճանապարհի անբաժանելի մաս էր։ Նա պիտի մերժվեր հենց նրանցից, ովքեր կրոնական առաջնորդներն էին և սա բացահայտում է, որ կրոնական իշխանությունը առանց ճշմարիտ հավատքի կարող է հակառակվել հենց Աստծո Որդուն։ Բայց խաչի խոսքը չի ավարտվում սպանությամբ․այն ավարտվում է հարությամբ։ Այսպիսով Քրիստոսը առաջին իսկ պահից ուսուցանում է, որ չարչարանքն ու փառքը բաժանված չեն։ Հարությունը ցույց է տալիս, որ խաչը պարտություն չէ, այլ հաղթության ճանապարհ։ Այս համարը Նոր Ուխտի սրտերից մեկն է, որովհետև առանց այս ճշմարտության Քրիստոսի մասին բոլոր բարձր խոսքերն անկատար կմնային։