Քրիստոսի պայծառակերպությունը։ Խոսում է Եղիայի գալու մասին։ Դիվահար տղայի բժշկությունը: Նախապես հայտնում է Իր մահն ու հարությունը։ Խոնարհության և գայթակղության մասին ուսուցումները։
⬅ Վերադառնալ
🧹 Մաքրել նշումները
1
Եվ ասում էր նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողներից ոմանք մահ չպիտի ճաշակեն, մինչև որ չտեսնեն Աստծու արքայությունը՝ զորությամբ եկած»։
2
Եվ վեց օր հետո Հիսուսն Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին և նրանց առանձին բարձր լեռ հանեց։ Եվ այնտեղ պայծառակերպվեց նրանց առաջ։
3
Եվ Նրա հանդերձները դարձան փայլուն, խիստ սպիտակ, այնպես, որ աշխարհի վրա ոչ մի լվացարար չի կարող այդքան սպիտակեցնել։
4
Եվ նրանց երևաց Եղիան՝ Մովսեսի հետ, ու նրանք խոսում էին Հիսուսի հետ։
5
Պետրոսն սկսեց խոսել և ասաց Հիսուսին. «Ռաբբի՛, լավ է, որ մենք այստեղ ենք, երեք վրաններ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի և մեկն էլ՝ Եղիայի»։
6
Որովհետև չգիտեր՝ ի՛նչ էր խոսում, որովհետև սարսափահար էին։
7
Եվ մի ամպ ծածկեց նրանց. ամպից մի ձայն ելավ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, Նրա՛ն լսեք»։
8
Եվ հանկարծ իրենց շուրջը նայելով՝ նրանք Հիսուսից բացի այլևս ոչ ոքի չտեսան իրենց հետ։
9
Եվ մինչ լեռից իջնում էին, պատվիրեց նրանց, որ ոչ ոքի չպատմեն այն, ինչ տեսան, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի։
10
Նրանք այս խոսքը պահում էին իրենց մտքում, իրար հետ քննարկելով, թե ի՞նչ է նշանակում մեռելներից հարություն առնել։
11
Եվ հարցրին Նրան՝ ասելով. «Ի՞նչ է նշանակում այն, որ դպիրներն ասում են, թե նախ Եղիան պետք է գա»։
12
Նա էլ պատասխանեց և ասաց նրանց. «Իրապես, նախ Եղիան պիտի գա և ամեն ինչ կարգի դնի։ Իսկ ինչո՞ւ է Մարդու Որդու մասին Սուրբ Գրքում գրված, որ բազում չարչարանքներ կկրի ու կանարգվի։
13
Բայց ասում եմ ձեզ, որ Եղիան արդեն եկել է, և նրա հետ արեցին այն, ինչ կամեցան, ինչպես որ գրված է նրա մասին»։
14
Մյուս աշակերտների մոտ գալով՝ նրանց շուրջը տեսան մի մեծ բազմություն և դպիրներին, որոնք վիճում էին նրանց հետ։
15
Եվ իսկույն ամբողջ ժողովուրդը, երբ տեսավ Հիսուսին, անակնկալի եկավ և ընդառաջ վազելով՝ ողջույն էր տալիս նրան։
16
Եվ հարցրեց նրանց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»։
17
Եվ բազմության միջից մեկը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, Քեզ մոտ բերեցի իմ որդուն, որի մեջ մի համր ոգի կա
18
և որտեղ պատահի, նրան գետնին է զարկում. որդիս փրփրում է, կրճտացնում է իր ատամները և ապա փայտանում։ Քո աշակերտներին ասացի, որ նրան հանեն, բայց չկարողացան»։
19
Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ պիտի լինեմ ձեզ հետ, մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ ձեզ։ Բերե՛ք նրան Ինձ մոտ»։
20
Եվ նրան Հիսուսի մոտ բերեցին։ Երբ ոգին նրան տեսավ, իսկույն ցնցեց տղային։ Վերջինս էլ, գետնին ընկնելով, սկսեց թավալվել և փրփրել։
21
Եվ հարցրեց նրա հորը. «Ե՞րբվանից է այս պատահում նրան»։ Նա ասաց. «Մանկությունից։
22
Եվ շատ անգամ ոգին կրակի և ջրի մեջ է գցել նրան, որ կործանի։ Արդ, եթե կարող ես ինչ-որ բան անել, Տե՛ր, գթա՛ և օգնի՛ր մեզ»։
23
Հիսուսը նրան ասաց. «Ասացիր՝ “Եթե կարող ես”։ Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։
24
Եվ իսկույն տղայի հայրն աղաղակեց և ասաց արտասվելով. «Հավատում եմ, Տե՛ր, օգնիր իմ անհավատությանը»։
25
Երբ Հիսուսը տեսավ, որ ժողովուրդն իրար վրա է կուտակվում, սաստեց պիղծ ոգուն՝ ասելով նրան. «Համր և խուլ ոգի, Ես քեզ հրամայում եմ՝ դո՛ւրս եկ նրանից և այլևս չմտնես նրա մեջ»։
26
Պիղծ ոգին աղաղակեց, նրան ուժգին ցնցեց և դուրս ելավ։ Պատանին մեռելի պես եղավ, այնպես որ շատերն ասացին, թե մեռավ։
27
Հիսուսը բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, և նա ոտքի կանգնեց։
28
Երբ Հիսուսը տուն մտավ, աշակերտներն առանձին հարցրին Նրան. «Ինչո՞ւ մենք չկարողացանք հանել նրան»։
29
Հիսուսն ասաց նրանց. «Այդ տեսակ ոգին այլ կերպ դուրս չի ելնում, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով»։
30
Նրանք այնտեղից մեկնեցին և անցնում էին Գալիլեայի միջով։ Հիսուսը չէր ուզում, որ որևէ մեկն իմանա,
31
որովհետև ուսուցանում էր Իր աշակերտներին և ասում նրանց. «Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը, և նրանք կսպանեն Նրան, և երբ սպանվի, երրորդ օրը հարություն պիտի առնի»։
32
Բայց նրանք չէին հասկանում այդ խոսքը և վախենում էին Նրան հարցնել։
33
Եվ եկան Կափառնայում։ Եվ երբ տուն մտավ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»։
34
Բայց նրանք լռեցին, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ո՛վ է մեծը։
35
Երբ նստեց, կանչեց տասներկուսին և նրանց ասաց. «Եթե մեկն ուզում է առաջինը լինել, թող լինի բոլորի վերջինը և բոլորի սպասավորը»։
36
Եվ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մեջ և նրան իր գիրկն առնելով՝ ասաց նրանց.
37
«Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունի Իմ անունով՝ Ինձ է ընդունում, և ով Ինձ ընդունի՝ ոչ թե Ինձ է ընդունում, այլ Նրան, Ով ուղարկեց Ինձ»։
38
Հովհաննեսը խոսքն ուղղեց Հիսուսին և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չի շրջում, և արգելեցինք նրան»։
39
Բայց Հիսուսն ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև չկա մեկը, որ Իմ անունով զորավոր գործեր անի ու կարողանա Ինձ վատաբանել.
40
քանզի նա, ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է։
41
Ով ձեզ մի բաժակ ջուր տա հանուն այն բանի, որ դուք Քրիստոսին եք պատկանում, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի։
42
Եվ ով գայթակղեցնի այս փոքրիկներից մեկին, որ հավատում են Ինձ, նրա համար լավ կլիներ, եթե ջաղացի մեծ քար վզին կապվեր և նա ծովի մեջ գցվեր։
43
Եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր, դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է խեղանդամ մտնել հավիտենական կյանքը, քան թե երկու ձեռք ունենալ և գնալ գեհեն՝ անշեջ կրակի մեջ:
44
Այնտեղ նրանց ուտող որդը չի մեռնում, ու կրակը չի հանգչում։
45
Եվ եթե քո ոտքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն. ավելի լավ է քեզ համար կաղ մտնել հավիտենական կյանք, քան երկու ոտք ունենալով գցվել գեհեն՝ անշեջ կրակի մեջ։
46
Որտեղ նրանց որդը չի մեռնում և կրակը չի մարվում։
47
Եվ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն. ավելի լավ է քեզ համար մեկ աչքով մտնել Աստծո արքայություն, քան երկու աչք ունենալով գցվել գեհենի կրակի մեջ։
48
Որտեղ նրանց որդը չի մեռնում և կրակը չի հանգչում։
49
Որովհետև ամեն մեկը կրակով պիտի աղվի, և ամեն զոհ աղով պիտի աղվի։
50
Աղը լավ բան է, բայց եթե համը կորցնի, ինչո՞վ պիտի համեմվի։ Արդ, դուք ձեր մե՛ջ ունեցեք աղը և իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք»։