Եվ Նրա հանդերձները դարձան փայլուն, խիստ սպիտակ, այնպես, որ աշխարհի վրա ոչ մի լվացարար չի կարող այդքան սպիտակեցնել։
Ավետարանիչը մարդկային լեզվով փորձում է նկարագրել աննկարագրելին։ Հանդերձների պայծառությունը վկայում է այն փառքի մասին, որ բխում էր ոչ թե արտաքին աղբյուրից, այլ հենց Քրիստոսի անձից։ Սպիտակությունն այստեղ սրբության, երկնային մաքրության և անապական փառքի խորհրդանիշն է։ Պայծառություն, որը ոչ մի լվացարար չի կարող ստեղծել, ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք ոչ թե ստեղծված գեղեցկության, այլ Արարչի փառքի հետ։ Տերը մի պահ բացում է Իր աստվածային վեհությունը, որպեսզի աշակերտները հասկանան, թե ով է Նա իրականում։ Նրանց համար սա պետք է դառնար խաչի խավարի մեջ հիշվող լույս, այսինքն երբ հետո տեսնեին Նրան խոնարհված, լլկված և խաչված, պիտի հիշեին, որ Նա նույն տերն է, Ով պայծառակերպությամբ բացահայտեց Իր երկնային փառքը: