🏠 Գլխավոր էջ Պահված համարներ

Սերմնացանի, ծածուկ աճող սերմի և մանանեխի հատիկի առակները։ Քրիստոսը հանդարտեցնում է ծովի ալեկոծությունը։

⬅ Վերադառնալ
1 Եվ դարձյալ սկսեց ուսուցանել լճի եզերքին։ Եվ Նրա շուրջը շատ մեծ բազմություն հավաքվեց, այնպես որ Նա նավակ մտավ և լճում նստեց, իսկ ամբողջ բազմությունը ցամաքի վրա էր՝ լճի եզերքին։ 2 Եվ առակներով շատ բան էր ուսուցանում նրանց և Իր ուսուցման մեջ ասում էր նրանց. 3 «Լսե՛ք. ահա սերմնացանը դուրս եկավ սերմանելու։ 4 Եվ եղավ, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան այն։ 5 Եվ Ուրիշ մասն ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար, և իսկույն բուսավ, որովհետև հողը խորունկ չէր. 6 Եվ երբ արևը ծագեց, այրվեց, և որովհետև արմատ չուներ, չորացավ։ 7 Եվ ուրիշ մասն ընկավ փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին այն, և պտուղ չտվեց։ 8 Եվ ուրիշ մասն ընկավ բարեբեր հողի մեջ ու պտուղ տվեց, որ բարձրացավ և աճեց և բերեց մեկը՝ երեսուն, մեկը՝ վաթսուն և մեկը՝ հարյուր։ 9 Եվ ասում էր նրանց. «Ով լսելու ականջներ ունի լսելու, թող լսի»։ 10 Երբ միայնակ մնաց, Նրա շուրջ եղողները աշակերտների հետ հարցնում էին Նրան առակի մասին։ 11 Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ տրված է իմանալ Աստծու արքայության խորհուրդները, բայց նրանց համար, ովքեր դրսից են, ամեն ինչ առակներով կլինի։ 12 Այնպես որ “Ինչքան էլ որ նայեն, չեն տեսնի, ինչքան էլ որ լսեն, չեն հասկանա... որով դարձի չեն գա, որ ներվի նրանց” (Ես. 6.9-10) »։ 13 Եվ ասաց նրանց. «Այս առակը չե՞ք հասկանում, ապա ինչպե՞ս պիտի հասկանաք մյուս բոլոր առակները։ 14 Սերմնացանը Աստծո խոսքն է սերմանում։ 15 Ճանապարհի եզրին սերմանվածները նրանք են, որոնց մեջ խոսքն է սերմանվում, բայց երբ լսում են խոսքը, գալիս է սատանան և դուրս է հանում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։ 16 Նմանապես ապառաժոտ տեղերի վրա սերմանվածները նրանք են, որ երբ խոսքը լսում են, անմիջապես ուրախությամբ ընդունում են այն։ 17 Բայց իրենց մեջ արմատ չունեն և ժամանակավոր են. ապա երբ խոսքի համար նեղություն կամ հալածանք է լինում, անմիջապես գայթակղվում են։ 18 Փշերի մեջ սերմանվածները նրանք են, ովքեր լսում են խոսքը, 19 Եվ այս աշխարհի հոգսերը և հարստության պատրանքները և մյուս ցանկությունները ներս մտնելով՝ խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։ 20 Իսկ բարեբեր հողի մեջ սերմանվածները նրանք են, ովքեր լսում են խոսքը, ընդունում այն և պտուղ տալիս. մեկի դիմաց՝ երեսուն, մեկի դիմաց՝ վաթսուն և մեկի դիմաց՝ հարյուր»։ 21 Եվ ասաց նրանց. «Մի՞թե ճրագը բերվում է, որ կաթսայի կամ մահճակալի տակ դրվի։ Մի՞թե ոչ նրա համար, որ աշտանակի վրա դրվի։ 22 Արդ, ծածուկ բան չկա, որ չբացահայտվի, և գաղտնի բան չի եղել, որ ի հայտ չգա։ 23 Եթե մեկը լսելու ականջներ ունի, թող լսի»։ 24 Ապա նրանց ասաց. «Ուշադի՛ր եղեք ձեր լսածներին. լսողներիդ ավելին կտրվի. ինչ չափով, որ չափում եք, նույնով կչափվի ձեզ համար։ 25 Որովհետև ով ունի, նրան կտրվի, և ով չունի, նրանից էլ կվերցվի այն, ինչ ունի»։ 26 Եվ ասում էր. «Աստծու արքայությունն այնպիսին է, ինչպես երբ մարդը սերմը գցում հողի մեջ։ 27 Եվ նա ննջի թե վեր կենա, գիշեր թե ցերեկ, սերմերը կբուսնեն ու կաճեն, և նա չի իմանա, 28 թե հողն ինքնաբերաբար բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը և ապա՝ լեցուն ցորենը հասկի մեջ։ 29 Եվ երբ պտուղը հասնի, անմիջապես մանգաղն է ուղարկում, որովհետև հնձի ժամանակը հասել է»։ 30 Եվ ասաց. «Ինչի՞ն նմանեցնենք Աստծու արքայությունը, կամ ի՞նչ առակով ներկայացնենք այն։ 31 Այն նման է մանանեխի հատիկին, որը, երբ սերմանվում է հողի մեջ, ավելի մանր է լինում, քան երկրի վրա եղող բոլոր սերմերը. 32 Բայց երբ սերմանվի, աճում է և բոլոր բանջարեղեններից մեծն է դառնում և մեծ ճյուղեր է արձակում, այնպես որ երկնքի թռչունները կարող են բնադրել նրա ստվերի տակ»։ 33 Հիսուսն այսպիսի առակներով էր նրանց ուսուցանում խոսքը, այնպես որ կարողանային լսել։ 34 Եվ առանց առակի չէր խոսում նրանց հետ, իսկ առանձին Իր աշակերտներին ամեն բան բացատրում էր։ 35 Եվ նույն օրը, երբ երեկո եղավ, ասաց նրանց. «Անցնենք լճի մյուս կողմը»։ 36 Աշակերտները թողեցին ժողովրդին և իրենց հետ վերցրին Հիսուսին ու մի նավակով հեռացան։ Նրանց ուղեկցում էին նաև այլ նավակներ։ 37 Եվ մեծ հողմամրրիկ բարձրացավ, և ալիքները նավակի մեջ էին թափվում, այնպես որ նավակն արդեն լցվում էր։ 38 Եվ Նա նավակի հետևում բարձի վրա քնած էր։ Եվ արթնացրին Նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Քեզ փույթ չէ՞, որ կորչում ենք»։ 39 Արթնանալով՝ Հիսուսը սաստեց հողմին և ասաց լճին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Հողմը դադարեց, ու կատարյալ հանդարտություն եղավ։ 40 Եվ ասաց նրանց. «Ինչո՞ւ այսպես երկչոտ եղաք։ Դեռևս հավատ չունե՞ք»։ 41 Եվ մեծ վախով լցվեցին ու միմյանց ասում էին. «Ո՞վ է արդյոք Սա, որ թե՛ հողմը, թե՛ լիճը հնազանդվում են Նրան»։