Այս կարճ խոսքում արդեն ամփոփված է առակի ամբողջ կոչը։ «Լսե՛ք» բառը պարզապես ուշադրության հրավեր չէ, այլ հոգևոր արթնության կանչ։ Քրիստոսը միշտ առաջին հերթին ցանկանում է, որ մարդը իսկապես լսի։ Ավետարանի հանդեպ ամենամեծ դժբախտություններից մեկն այն է, երբ մարդը լսում է միայն ականջով, բայց ոչ սրտով։ Այնուհետև Նա ներկայացնում է սերմնացանին, որ դուրս է գալիս սերմանելու։ Ինչպես կհասկանանք հաջորդիվ արտաբերված մտքերից, սերմնացանը խորհրդանշում է Իրեն՝ Քրիստոսին կամ Աստծո խոսքը տարածողին, իսկ սերմը՝ Աստծո խոսքը: Սերմնացանի «դուրս գալը» ցույց է տալիս, որ Աստծո խոսքն ինքն է գալիս մարդկանց մոտ՝ հասնելու նրանց սրտերին։