Քրիստոսի վարդապետությունը ամուսնալուծության և երեխաների փրկության մասին։ Հարստության վտանգը։ Քրիստոսը նախապես հայտնում է Իր չարչարանքների, մահվան և հարության մասին։ Երկու աշակերտների փառասիրությունը։ Քրիստոսը բացում է կույր Բարտիմեոսի աչքերը։
⬅ Վերադառնալ
🧹 Մաքրել նշումները
1
Եվ այնտեղից վեր կացավ ու եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։ Եվ դարձյալ բազմություններ հավաքվեցին Նրա մոտ, և Նա դարձյալ սովորության համաձայն ուսուցանում էր նրանց։
2
Եվ փարիսեցիները մոտեցան Նրան և փորձելով հարցրին. «Արդյո՞ք օրինավոր է տղամարդուն արձակել իր կնոջը»։
3
Նա պատասխանեց և ասաց նրանց. «Մովսեսը ձեզ ի՞նչ պատվիրեց»։
4
Նրանք ասացին. «Մովսեսը թույլ տվեց արձակման թուղթ գրել և արձակել»։
5
Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ձեր խստասրտության պատճառով գրեց ձեզ այդ պատվիրանը։
6
Բայց արարչության սկզբից Աստված նրանց արու և էգ ստեղծեց։
7
Ուստի տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը։
8
Եվ երկուսը մեկ մարմին կլինեն։ Ուստի այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։
9
Արդ, ինչ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։
10
Եվ տանը Նրա աշակերտները դարձյալ հարցրին Նրան այդ մասին։
11
Եվ ասաց նրանց. «Ով որ արձակի իր կնոջը և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի։
12
Նմանապես եթե կինը արձակի իր ամուսնուն և ուրիշի հետ ամուսնանա, շնություն է գործում»։
13
Եվ Նրա մոտ մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա, բայց աշակերտները հանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին։
14
Հիսուսը, տեսնելով, վրդովվեց և ասաց նրանց. «Թո՛ւյլ տվեք մանուկներին գալ Ինձ մոտ և մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծո արքայությունը։
15
Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայությունը չընդունի մանկան պես, նրա մեջ չի մտնի»։
16
Եվ գրկելով նրանց՝ Իր ձեռքերը դրեց նրանց վրա և օրհնեց։
17
Երբ Հիսուսը ճանապարհ ընկավ այնտեղից, ահա մեծահարուստ մեկը, առաջ վազելով, ծնկի իջավ, հարց տվեց նրան և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։
18
Հիսուսն ասաց նրան. «Ինչո՞ւ ես Ինձ բարի կոչում։ Ոչ ոք բարի չէ, բացի մեկից՝ Աստծուց։
19
Պատվիրանները գիտես. “Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.14, 13, 15-16, 12, Բ Օր. 5.17-20, 16)»։
20
Նա պատասխանեց և ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ ամենն իմ պատանեկությունից ի վեր արել եմ. արդ, էլ ի՞նչ է ինձ պակասում»։
21
Հիսուսը, նայելով նրան, սիրեց նրան և ասաց. «Քեզ մեկ բան է պակասում։ Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր այն ամենը, ինչ ունես, և տո՛ւր աղքատներին ու երկնքում գանձեր կունենաս. ապա վերցրո՛ւ խաչը և արի՛ իմ հետևից»։
22
Բայց նա այդ խոսքից տրտմեց և տխուր գնաց, որովհետև մեծ ունեցվածք ուներ։
23
Եվ Հիսուսը շուրջը նայելով՝ ասաց Իր աշակերտներին. «Որքա՜ն դժվար է Աստծու արքայություն մտնել նրանց համար, ովքեր հարստություն ունեն»։
24
Աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա. իսկ Հիսուսը շարունակեց խոսել նրանց հետ և ասաց. «Որդյակնե՛ր, որքա՜ն դժվար է Աստծու արքայություն մտնել նրանց համար, ովքեր իրենց հույսը դրել են հարստության վրա։
25
Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան հարուստը Աստծո արքայություն մտնի»։
26
Աշակերտներն է՛լ ավելի էին զարմանում և միմյանց ասում էին. «Ապա ո՞վ կարող է փրկվել»։
27
Հիսուսը նայեց նրանց և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց ոչ Աստծո համար, որովհետև Աստծո համար ամեն ինչ հնարավոր է»։
28
Այդ ժամանակ Պետրոսն ասաց Հիսուսին. «Ահա մենք ամեն բան թողեցինք և Քեզ հետևեցինք»։
29
Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ ինձ համար կամ Ավետարանի համար թողած լինի տունը, կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ զավակներին, կամ ագարակները
30
և այժմ՝ այս ժամանակի մեջ, հարյուրապատիկը չստանա՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ, ագարակներ՝ կրելով անշուշտ հալածանքներ, իսկ գալիք աշխարհում՝ հավիտենական կյանքը։
31
Բայց շատ առաջիններ վերջին կլինեն, և վերջիններ՝ առաջին»։
32
Նրանք ճանապարհին էին և բարձրանում էին Երուսաղեմ։ Հիսուսը գնում էր նրանցից առաջ անցած, և ովքեր նրա հետևից էին գնում, զարմացած էին ու վախենում էին։ Հիսուսը, տասներկուսին կրկին առանձին վերցնելով, սկսեց նրանց ասել, թե ինչ դեպքեր պիտի տեղի ունենան իր հետ.
33
«Ահա Երուսաղեմ ենք բարձրանում, և Մարդու Որդին կմատնվի քահանայապետներին և դպիրներին, և Նրան մահվան կդատապարտեն և կհանձնեն հեթանոսներին։
34
Եվ կծաղրեն Նրան, կխարազանեն Նրան, կթքեն Նրա վրա և կսպանեն Նրան, և երրորդ օրը հարություն կառնի»։
35
Եվ Հակոբոսն ու Հովհաննեսը՝ Զեբեդեոսի որդիները, մոտեցան Նրան և ասացին. «Վարդապե՛տ, ուզում ենք, որ անես մեզ համար այն, ինչ որ քեզնից պիտի խնդրենք»։
36
Նա ասաց նրանց. «Ի՞նչ եք ուզում Ինձնից, որ անեմ ձեզ համար»։
37
Նրանք ասացին Նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ քո փառքի մեջ նստենք մեկս քո աջում, իսկ մյուսս՝ ձախում»։
38
Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Չեք իմանում, թե ի՛նչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։
39
Նրանք ասացին Նրան. «Կարող ենք»։Հիսուսը նրանց ասաց. «Բաժակը, որ ես խմելու եմ, կխմեք, և մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ, կմկրտվեք,
40
բայց իմ աջում և ձախում նստեցնելը ե՛ս չեմ տալիս, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։
41
Երբ մյուս տասը աշակերտները լսեցին, սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա։
42
Հիսուսը նրանց իր մոտ կանչեց և ասաց. «Գիտեք, որ հեթանոսների մեջ իշխանավոր համարվածները տիրում են նրանց, և մեծամեծներն իշխում են նրանց վրա։
43
Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի. այլ ով ուզում է ձեր մեջ մեծ լինել, թող լինի ձեր սպասավորը։
44
Եվ ով ուզում է ձեր մեջ առաջինը լինել, թող լինի բոլորի ծառան։
45
Որովհետև Մարդու Որդին Ինքն էլ չեկավ, որ Իրեն ծառայեն, այլ որ Ինքը ծառայի և Իր անձը տա որպես փրկագին շատերի համար»։
46
Եվ եկան Երիքով։ Երբ Նա Իր աշակերտների և մեծ բազմության հետ դուրս էր գալիս Երիքովից, Տիմեի որդին՝ Բարտիմեոս կույրը, ճանապարհի եզրին նստած մուրում էր։
47
Եվ լսելով, որ Նազովրեցի Հիսուսն է անցնողը, սկսեց աղաղակել և ասել. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։
48
Շատերը նրան սաստում էին, որ լռի, բայց նա ավելի շատ էր աղաղակում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։
49
Հիսուսը կանգ առավ և հրամայեց, որ նրան կանչեն։ Եվ կույրին կանչեցին՝ ասելով նրան. «Քաջալերվի՛ր, վեր կաց, կանչում է քեզ»։
50
Նա, դեն նետելով իր վերնազգեստը, ոտքի կանգնեց, եկավ Հիսուսի մոտ։
51
Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Կույրն ասաց Նրան. «Վարդապե՛տ, որ տեսնեմ»։
52
Հիսուսն ասաց նրան. «Գնա՛, քո հավատքը քեզ փրկեց»։ Նրա աչքերն իսկույն բացվեցին, և ճանապարհին նա գնում էր Հիսուսի հետևից։