Քրիստոսը դատապարտում է փարիսեցիների կեղծավորությունը, քանզի նրանք ավանդույթներ պահելով անարգում են Աստծո պատվիրանները։ Բուժում է փյունիկ-ասորի կնոջ աղջկան, ինչպես նաև մի խուլ ու համր մարդու։
⬅ Վերադառնալ
🧹 Մաքրել նշումները
1
Փարիսեցիներն ու Երուսաղեմից եկած մի քանի դպիրներ հավաքվեցին Հիսուսի շուրջ։
2
Եվ տեսնելով, որ Նրա աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլվա էին հաց ուտում, բամբասեցին։
3
Որովհետև փարիսեցիները և բոլոր հրեաները հաց չեն ուտում, եթե իրենց ձեռքերը լավ չեն լվացել, քանի որ պահում են հների ավանդույթը։
4
Եվ շուկայից գալով, եթե նախ չլվացվեն, չեն ուտում։ Եվ շատ ուրիշ բաներ էլ կան, որ ավանդաբար ստացել են պահելու համար՝ գավաթների, սափորների, պղնձե անոթների և մահճակալների լվացումներ։
5
Ապա փարիսեցիներն ու դպիրները հարցրին Հիսուսին. «Քո աշակերտներն ինչո՞ւ նախնիների ավանդույթի համաձայն չեն շարժվում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում»։
6
Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Եսային լավ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով. “Այս ժողովուրդն շուրթերո՛վ է Ինձ մեծարում, բայց նրանց սրտերն ինձնից շատ հեռու են.
7
զուր են ինձ պաշտում. ուսուցանում են վարդապետություններ, որ մարդկանց պատվիրածներն են” (Ես. 29.13)։
8
Որովհետև Աստծու պատվիրանը թողած՝ մարդկանց ավանդությունն եք պահում՝ սափորների և գավաթների լվացումները, և նման շատ ուրիշ բաներ եք անում»։
9
Եվ ասաց նրանց. «Լավ եք Աստծո պատվիրանը անարգում, որպեսզի ձեր ավանդությունը պահեք։
10
Որովհետև Մովսեսն ասաց. “Պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12, Բ Օր. 5.16), նաև՝ “Ով չարախոսի իր հոր կամ մոր մասին, թող մահվան դատապարտվի” (Ելք 21.16, Ղևտ. 20.9)։
11
Բայց դուք ասում եք. “Եթե մեկը հորը կամ մորն ասի. “Այն օգնությունը, որ ինձնից ստանալու էիր, կորբան է, այսինքն՝ Աստծուն տալու ընծա”,
12
և այլևս անպարտ եք դարձնում նրան իր հոր կամ մոր համար որևէ բան անելուց։
13
Այդպես անարգում եք Աստծու խոսքը ձեր ավանդությունով, որ դուք եք փոխանցել։ Եվ նման շատ բաներ էլ եք անում»։
14
Եվ ամբողջ ժողովրդին Իր մոտ կանչելով՝ ասաց նրանց. «Լսեցե՛ք Ինձ ամենքդ և հասկացե՛ք։
15
Որևէ բան, որ դրսից է մտնում մարդու մեջ, չի կարող պղծել նրան, այլ ինչ որ նրանից է դուրս ելնում, ա՛յն է պղծում մարդուն։
16
Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
17
Եվ երբ ժողովրդից բաժանվելով տուն մտավ, Նրա աշակերտները հարցրին Նրան այդ առակի մասին։
18
Հիսուսը նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպես անմիտ եք, չե՞ք իմանում, թե այն ամենը, որ մարդու մեջ մտնում է դրսից, չի կարող պղծել նրան,
19
որովհետև ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ որովայնը, և դուրս է ելնում ու մաքրում ամբողջ կերածը»։
20
Եվ շարունակեց. «Ինչ որ մարդուց դուրս է գալիս, այն է, որ պղծում է մարդուն։
21
Որովհետև ներսից՝ մարդկանց սրտից են դուրս գալիս չար խորհուրդները, պոռնկություն, գողություն, սպանություն, շնություն,
22
ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։
23
Այս բոլոր չար բաները ներսից են դուրս գալիս և պղծում մարդուն»։
24
Եվ այնտեղից ելնելով՝ եկավ Տյուրոսի ու Սիդովնի սահմանները։ Մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որևէ մեկն իմանա, սակայն չկարողացավ թաքնված մնալ։
25
Որովհետև մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց, երբ լսեց Նրա մասին, եկավ ու ընկավ Նրա ոտքերի առաջ։
26
Իսկ կինը հեթանոս էր, Փյունիկեի ասորի էր։ Նա աղաչում էր Հիսուսին, որ իր դստեր միջից դևը հանի։
27
Սակայն Հիսուսն ասաց նրան. «Թող նախ երեխաները կշտանան, որովհետև լավ չէ երեխաների հացն առնել ու շներին գցել»։
28
Բայց կինը պատասխանեց ու ասաց Նրան. «Այո՛, Տե՛ր, բայց շներն էլ սեղանի տակի փշրանքներից են կերակրվում»։
29
Եվ Հիսուսը նրան ասաց. «Այդ խոսքիդ համար գնա՛, դևը քո դստեր միջից դուրս է եկել»։
30
Եվ երբ գնաց իր տունը, գտավ դևին դուրս եկած, իսկ աղջկան՝ անկողնու վրա պառկած։
31
Դուրս ելնելով Տյուրոսի ու Սիդովնի սահմաններից՝ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի լճի եզերքը, Դեկապոլիի սահմաններից ներս։
32
Եվ Նրա առաջ խուլ ու համր մի մարդու բերեցին ու աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրա։
33
Եվ Նրան բազմությունից առանձնացնելով՝ Իր մատները դրեց նրա ականջների մեջ և այնտեղ թքեց, հետո բռնեց նրա լեզվից։
34
Եվ նայելով երկինք՝ հառաչեց ու ասաց. «Եփփաթա», այսինքն՝ «Բացվի՛ր»։
35
Նույն պահին նրա ականջները բացվեցին, լեզվի կապանքներն ընկան, և վարժ խոսում էր։
36
Եվ պատվիրեց նրանց, որ ոչ ոքի չասեն։ Բայց ինչքան էլ նա պատվիրում էր, նրանք է՛լ ավելի էին տարածում։
37
Եվ չափազանց զարմանալով՝ ասում էին. «Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել»։