Դուրս ելնելով Տյուրոսի ու Սիդովնի սահմաններից՝ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի լճի եզերքը, Դեկապոլիի սահմաններից ներս։
Այս տեղաշարժը ևս ցույց է տալիս, որ Քրիստոսը շարժվում էր ոչ թե կարճագույն կամ սովորական ուղիներով, այլ ըստ Իր ծառայության նպատակների։ Նա երբեմն հեռանում էր բազմությունից և աղմուկից՝ գործելու ավելի հանդարտ միջավայրում և չէր ցանկանում, որ Իր շուրջ վաղաժամ փառք բարձրանա։ Միևնույն ժամանակ այս ընթացքը վկայում է, որ Նրա ներկայությունը հեթանոսական տարածքներում շարունակական էր և այդ վայրերը ևս ներառված էին Նրա փրկարար գործի շրջանակում։ Դեկապոլիսը նույնպես հեթանոսական ազդեցությամբ շրջան էր և այնտեղ ևս պետք է բացահայտվեր Նրա փրկարար զորությունը։