🏠 Գլխավոր էջ Պահված համարներ

Քրիստոսը շաբաթ օրը բժշկություններ է գործում։ Ընտրում է տասներկու առաքյալներին, հերքում է դպիրների սուտ մեղադրանքները: Հայտնում է, թե ովքեր են Իր եղբայրները, քույրերը և մայրը:

⬅ Վերադառնալ
1 Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ։ Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։ 2 Եվ ուշադրությամբ հետևում էին Հիսուսին՝ տեսնելու, թե շաբաթ օրով կբժշկի՞ մարդուն, որպեսզի ամբաստանեն Նրան։ 3 Եվ ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, կանգնի՛ր մեջտեղում»։ 4 Եվ ասաց նրանց. «Շաբաթ օրը ի՞նչ է թույլատրված՝ բարի՞ անել, թե՞ չարիք անել, անձ փրկե՞լ, թե՞ կորստյան մատնել»։ Բայց նրանք լռեցին։ 5 Ապա Հիսուսը, ցասումով լի նայեց նրանց և տրտմելով նրանց սրտի կուրության համար՝ ասաց մարդուն. «Մեկնի՛ր ձեռքդ»։ Նա մեկնեց, և նրա ձեռքն առողջացավ։ 6 Եվ փարիսեցիներն անմիջապես դուրս եկան և Հերովդեսականների հետ Նրա դեմ խորհուրդ արին, թե ինչպես Նրան կորստյան մատնեն։ 7 Եվ Հիսուսն իր աշակերտների հետ գնաց լճի եզերքը։ Գալիլեայից բազում ժողովուրդ էր գնում նրա հետևից, նաև Հրեաստանից, 8 Երուսաղեմից, Հորդանանի մյուս կողմից, ինչպես նաև նրանք, որ Տյուրոսի ու Սիդովնի շրջակայքից էին. բազում ժողովուրդ էր գալիս Նրա մոտ, երբ լսում էր, թե նա ինչքա՛ն բաներ է անում։ 9 Եվ աշակերտներին ասաց, որ մի փոքր նավ պատրաստ պահեն Իր համար՝ բազմության պատճառով, որպեսզի մարդիկ Իրեն չսեղմեն։ 10 Որովհետև շատերին բժշկել էր, այնպես որ բոլոր նրանք, ովքեր որևէ ախտ ունեին, ընկնում էին Նրա վրա՝ միայն թե դիպչեն Նրան։ 11 Եվ պիղծ ոգիները, երբ տեսնում էին Նրան, ընկնում էին Նրա առաջ և աղաղակում՝ ասելով. «Դու Աստծու Որդին ես»։ 12 Եվ խստորեն պատվիրում էր նրանց, որ Իր ինքնությունը հայտնի չդարձնեն։ 13 Եվ բարձրացավ լեռը ու կանչեց նրանց, ում Ինքն էր կամենում, և նրանք եկան Նրա մոտ։ 14 Եվ ընտրեց տասներկուսին, որպեսզի Իր հետ լինեն և որպեսզի ուղարկի նրանց քարոզելու։ 15 Եվ իշխանություն ունենան հիվանդություններ բժշկելու և դևեր հանելու։ 16 Եվ Սիմոնին Պետրոս անունը դրեց։ 17 Ընտրեց նաև Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, և նրանց կոչեց Բաներեգես, այսինքն՝ Որոտման որդիներ. 18 ինչպես նաև Անդրեասին, Փիլիպպոսին, Բարթողոմեոսին, մաքսավոր Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Թադեոսին, Սիմոն Կանանացուն 19 և Իսկարիովտացի Հուդային, որն էլ մատնեց Նրան։ 20 Նրանք տուն վերադարձան, և ժողովուրդը դարձյալ նրանց հետ եկավ, այնպես որ նրանք նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեցան։ 21 Եվ երբ Իր յուրայինները լսեցին, դուրս եկան Նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե Նա խելագարվել է։ 22 Եվ Երուսաղեմից իջած դպիրներն ասում էին. «Նրա մեջ Բեեղզեբուղ կա» և «Դևերի իշխանով է դևեր հանում»։ 23 Եվ նրանց Իր մոտ կանչելով՝ առակներով ասաց նրանց. «Ինչպե՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։ 24 Եվ եթե թագավորությունն իր մեջ բաժանվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ։ 25 Եվ եթե տունը իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։ 26 Եվ եթե սատանան իր դեմ ելնի ու բաժանվի, չի կարող կանգուն մնալ. նրա վախճանը հասել է։ 27 Ոչ ոք չի կարող զորավոր մարդու տունը մտնելով՝ նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ չկապի այդ զորավոր մարդուն, և դրանից հետո միայն կկողոպտի նրա տունը։ 28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին կներվեն բոլոր մեղքերը և հայհոյանքները, ինչքան էլ հայհոյեն։ 29 Բայց ով հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա, այլ հավիտենական մեղքով հանցավոր կմնա»։ 30 Հիսուսն այս ասաց, որովհետև ասում էին՝ «Նրա մեջ պիղծ ոգի կա»։ 31 Եվ եկան Նրա մայրը և եղբայրները ու դրսում կանգնելով՝ մարդ ուղարկեցին Նրան կանչելու։ 32 Եվ բազմությունը նստած էր Նրա շուրջը։ Եվ ասացին Նրան. «Ահա Քո մայրը և եղբայրները դրսում Քեզ են փնտրում»։ 33 Եվ պատասխանեց նրանց՝ ասելով. «Ո՞վ է Իմ մայրը, կամ ովքե՞ր են Իմ եղբայրները»։ 34 Եվ շուրջը նստածների վրա նայելով՝ ասաց. «Ահա Իմ մայրը և Իմ եղբայրները։ 35 Որովհետև ով Աստծու կամքը կատարում է, նա է Իմ եղբայրը, քույրը և մայրը»։