Եվ փարիսեցիներն անմիջապես դուրս եկան և Հերովդեսականների հետ Նրա դեմ խորհուրդ արին, թե ինչպես Նրան կորստյան մատնեն։
Այստեղ հակադրությունը դառնում է ավելի սուր։ Չորացած ձեռքով մարդու բուժմամբ Աստծո ողորմությունն ակնհայտ կերպով դրսևորվեց բոլորի առջև, սայան դրա փոխարեն փարիսեցիները ոչ թե ապաշխարեցին կամ Աստծուն փառավորեցին, այլ անմիջապես դուրս եկան և սկսեցին խորհել Քրիստոսին կորստյան մատնելու մասին։ Սա ցույց է տալիս, թե որքան խոր կարող է լինել մարդու հոգևոր կուրությունը։ Երբ սիրտն արդեն որոշել է չընդունել ճշմարտությունը, հրաշքն էլ չի փափկեցնում նրան։ Հետաքրքիր է նաև, որ փարիսեցիներն այստեղ միանում են Հերովդեսականներին։ Սովորաբար այս խմբերը բոլոր հարցերում համախոհ չէին, սակայն Քրիստոսի դեմ թշնամանքը նրանց միավորում է։ Այսպես աշխարհում հաճախ տարբեր շահեր ունեցող մարդիկ կարող են միավորվել ընդդեմ ճշմարտության։ Բայց նրանց այս խորհուրդը ևս դուրս չէ Աստծո նախախնամությունից։ Մարդիկ խորհում են չարիք, մինչդեռ Աստված նույնիսկ այդ հակառակության մեջ Իր փրկության խորհուրդն է իրագործելու։ Այնուամենայնիվ այս համարը ծանր նախազգուշացում է առ այն, որ մարդու սիրտը կարող է այնքան կարծրանալ, որ նա տեսնելով Աստծո ակնհայտ բարեգթությունը, դարձյալ ընտրի հակառակությունը։