🏠 Գլխավոր էջ Պահված համարներ

Քրիստոսը բժշկում է լեգեոն ունեցող մարդուն և արյունահոսությամբ տառապող կնոջը, հարություն է տալիս Հայրոսի աղջկան։

⬅ Վերադառնալ
1 Եվ եկան լճի մյուս կողմը՝ Գերգեսացիների երկիրը։ 2 Եվ երբ Նա նավակից դուրս եկավ, անմիջապես գերեզմաններից մի մարդ ելավ Նրան ընդառաջ՝ պիղծ ոգով, 3 և որի բնակության վայրը հենց գերեզմաններում էր։ Ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարող կապել նրան, 4 որովհետև շատ անգամ շղթաներով և կապանքներով էր կապված, բայց կոտրել էր շղթաները և փշրել կապանքները, և ոչ ոք չէր կարող նրան սանձել։ 5 Եվ միշտ, գիշեր ու ցերեկ, լեռներում և գերեզմաններում աղաղակում էր և իրեն քարերով խփում։ 6 Եվ երբ հեռվից տեսավ Հիսուսին, վազեց ու երկրպագեց Նրան։ 7 Բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ի՞նչ կա իմ և քո միջև, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, մի՛ տանջիր ինձ», 8 որովհետև Հիսուսը նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այս մարդու միջից»։ 9 Եվ հարցրեց նրան. «Ի՞նչ է քո անունը»։ Եվ ասաց. «Իմ անունը Լեգեոն է, որովհետև շատ ենք»։ 10 Պիղծ ոգիները շատ էին աղաչում Նրան, որ իրենց այդտեղից դուրս չուղարկեր։ 11 Եվ այնտեղ՝ լեռան լանջին, մի մեծ խոզերի երամ էր արածում։ 12 Եվ աղաչում էին Նրան՝ ասելով. «Ուղարկի՛ր մեզ խոզերի մեջ, որպեսզի նրանց մեջ մտնենք»։ 13 Եվ Հիսուսն անմիջապես թույլ տվեց նրանց։ Եվ պիղծ ոգիները դուրս գալով մտան խոզերի մեջ, և երամը, մոտ երկու հազար, վազեց դեպի ծովը և խեղդվեց ծովում։ 14 Եվ խոզարածները փախան և պատմեցին քաղաքում ու գյուղերում։ Եվ մարդիկ եկան տեսնելու, թե ինչ էր պատահել։ 15 Եվ եկան Հիսուսի մոտ և տեսան դիվահարին, որ լեգեոն ուներ, նստել էր հագնված ու զգաստացած, և զարհուրեցին։ 16 Եվ նրանք, որ տեսել էին, պատմեցին նրանց, թե ինչ պատահեց դիվահարվածին և ինչ խոզերին։ 17 Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ հեռանա իրենց սահմաններից։ 18 Եվ երբ Նա նավակ էր մտնում, դիվահարը աղաչում էր Նրան, որ Նրա հետ լինի։ 19 Բայց Հիսուսը նրան թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ և պատմի՛ր նրանց այն, ինչ Տերը քեզ արեց և թե ինչպե՛ս քեզ ողորմեց»։ 20 Եվ գնաց և սկսեց Դեկապոլիսում քարոզել, թե ինչ մեծ բաներ արեց Հիսուսն իր համար, և բոլորը զարմանում էին։ 21 Եվ երբ Հիսուսը դարձյալ նավակով լճի մյուս կողմն անցավ, մեծ բազմություն հավաքվեց Նրա մոտ, և Նա լճեզերքին մոտ էր։ 22 Եվ ահա եկավ ժողովարանի պետերից մեկը, անունը՝ Հայրոս, և տեսնելով Նրան՝ ընկավ Նրա ոտքերի առաջ։ 23 Եվ սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, որ Հիսուսը գա և իր ձեռքը դնի նրա վրա, որպեսզի առողջանա և ապրի։ 24 Եվ գնաց նրա հետ։ Եվ մեծ բազմություն էր գնում Նրա հետևից ու սեղմում Նրան։ 25 Եվ մի կին, որ տասներկու տարի արյունահոսություն ուներ։ 26 Նա շատ էր տառապել բազմաթիվ բժիշկների ձեռքից, ծախսել էր իր ողջ ունեցվածքը, բայց որևէ օգուտ չէր տեսել, այլ է՛լ ավելի էր վատացել։ 27 Երբ լսեց Հիսուսի մասին, եկավ ժողովրդի հետևի կողմից և դիպավ Նրա հանդերձին։ 28 Որովհետև մտքում խորհում էր. «Եթե նույնիսկ Նրա հանդերձին դիպչեմ, կբժշկվեմ»։ 29 Եվ անմիջապես նրա արյան հոսքը ցամաքեց, և իր մարմնով զգաց, որ բժշկվեց իր ցավից։ 30 Եվ Հիսուսն այդ նույն պահին զգաց, որ Իրենից զորություն դուրս եկավ, ժողովրդին դառնալով՝ ասաց. «Ո՞վ դիպավ Իմ հանդերձին»։ 31 Եվ աշակերտները ասացին Նրան. «Տեսնում ես, որ ժողովուրդը սեղմում է Քեզ, և ասում ես՝ ո՞վ դիպավ Ինձ»։ 32 Հիսուսը շուրջն էր նայում՝ տեսնելու, թե ո՛վ արեց այդ։ 33 Եվ կինը, վախենալով ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել,- որովհետև գիտեր, թե ի՛նչ է կատարվել իր հետ,- եկավ ընկավ Նրա առջև և ամեն բան ճշգրտությամբ ասաց։ 34 Եվ Նա ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատքը քեզ փրկեց։ Գնա՛ խաղաղությամբ և քո ցավերից բժշկված եղիր»։ 35 Մինչ Նա դեռ խոսում էր, ժողովրդապետի տնից ոմանք եկան ու ասացին Հայրոսի. «Աղջիկդ մեռավ։ Էլ ինչո՞ւ ես Վարդապետին նեղություն տալիս»։ 36 Երբ Հիսուսը լսեց ասված խոսքը, ասաց ժողովրդապետին. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛»։ 37 Եվ ոչ ոքի չթողեց իր հետ գնալ, բացի Պետրոսից, Հակոբոսից և նրա եղբայր Հովհաննեսից։ 38 Եվ եկավ ժողովրդապետի տուն ու տեսավ մեծ իրարանցում, լացուկոծ անողներին ու ողբացողներին։ 39 Եվ մտնելով ներս՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում. երեխան մեռած չէ, այլ քնած է»։ 40 Սակայն նրանք ծաղրում էին Նրան։ Բայց Նա բոլորին դուրս հանելով, վերցրեց երեխայի հորը և մորը և Իր հետ եղողներին ու մտավ այնտեղ, ուր երեխան պառկած էր։ 41 Հիսուսը, բռնելով աղջկա ձեռքից, ասաց նրան. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է «Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ 42 Եվ աղջիկն անմիջապես վեր կացավ ու քայլում էր, որովհետև մոտ տասներկու տարեկան էր։ Եվ ամենքը մեծապես զարմացան։ 43 Հիսուսը նրանց խստորեն պատվիրեց, որ ոչ ոք չիմանա այդ մասին, և ասաց, որ նրան ուտելու բան տան։