Քրիստոսը մի անդամալույծի է բժշկում։ Մեղավորներին ապաշխարության է կանչում։ Բացատրում և արդարացնում է Իր աշակերտների վարքը՝ ծոմապահության և շաբաթ օրվա վերաբերյալ
⬅ Վերադառնալ
🧹 Մաքրել նշումները
1
Եվ մի քանի օր հետո դարձյալ Կափառնաում մտավ, լուր տարածվեց, թե տանն է։
2
Եվ շատեր հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չկար նույնիսկ դռան մոտ, և Նա նրանց քարոզում էր խոսքը։
3
Եկան նրա մոտ՝ բերելով մի անդամալույծի, որին բռնել էին չորս հոգով։
4
Եվ երբ բազմության պատճառով չկարողացան մոտենալ Նրան, քանդեցին այն տանիքը, որի տակ Նա էր, և անցք բացելով՝ իջեցրին մահիճը, որի վրա անդամալույծը պառկած էր։
5
Եվ Հիսուսը տեսնելով նրանց հավատքը՝ ասաց անդամալույծին. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։
6
Դպիրներից ոմանք, որ այնտեղ նստած էին, խորհում էին իրենց սրտում.
7
«Այս ի՞նչ հայհոյախոսություն է ասում սա. ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ՝ միայն Աստված»։
8
Հիսուսն իր հոգում իմացավ, որ այդպես են խորհում իրենց սրտում, և ասաց. «Ինչո՞ւ եք այդ բաները խորհում ձեր սրտում.
9
Ո՞րն է ավելի հեշտ. անդամալույծին ասել՝ “քո մեղքերը քեզ ներված են”, թե ասել՝ “վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և քայլի՛ր”։
10
Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու»։ Այդ ժամանակ ասաց անդամալույծին.
11
«Քեզ եմ ասում. վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը»։
12
Անդամալույծը վեր կացավ և անմիջապես վերցնելով անկողինը՝ բոլորի առաջ դուրս ելավ, մինչ ամենքը զարմանում էին, փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չէինք տեսել»։
13
Եվ դարձյալ լճի եզերք ելավ, և ամբողջ ժողովուրդը գալիս էր Նրա մոտ, և Նա ուսուցանում էր նրանց։
14
Եվ անցնելիս տեսավ Ալփեոսի որդի Ղևիին, որ մաքսատանը նստած էր, և ասաց նրան. «Արի՛ Իմ հետևից»։ Եվ նա վեր կացավ ու գնաց Նրա հետևից։
15
Երբ Հիսուսը նրա տանը սեղան նստեց, բազում մաքսավորներ ու մեղավորներ Հիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետև շատերն էին նրա հետևից գնում։
16
Եվ երբ դպիրներն ու փարիսեցիները տեսան, որ Նա մաքսավորների և մեղավորների հետ է ուտում, ասում էին Նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է Նա մաքսավորների և մեղավորների հետ ուտում և խմում»։
17
Երբ Հիսուսը լսեց այս, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. ես էլ չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։
18
Եվ Հովհաննեսի աշակերտներն ու փարիսեցիները պահք էին պահում։ Եվ եկան ու ասացին Նրան. «Ինչո՞ւ Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիների աշակերտները պահք են պահում, իսկ Քո աշակերտները պահք չեն պահում»։
19
Եվ Հիսուսն ասաց նրանց. «Մի՞թե հարսանիքի որդիները կարող են պահք պահել, քանի դեռ Փեսան իրենց հետ է։ Քանի դեռ Փեսան իրենց հետ է, չեն կարող պահք պահել»։
20
Բայց օրեր կգան, երբ Փեսան նրանցից կվերցվի, և այդ օրերին նրանք պահք կպահեն։
21
Ոչ ոք նոր, խավը չթափված կտավի կտորը չի կարկատի հնացած զգեստի վրա, ապա թե ոչ, նոր կտորն ամբողջությամբ հին զգեստից կպոկվի, և պատռվածքն ավելի վատթար կլինի։
22
Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնում, այլապես նոր գինին կպատռի տիկերը, և գինին էլ կթափվի, և տիկերն էլ կկորչեն։ Բայց նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցնել»։
23
Մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր ցորենի արտերի միջով։ Նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել և ուտել։
24
Եվ փարիսեցիներն Նրան ասացին. «Տե՛ս, քո աշակերտները շաբաթ օրով ի՛նչ են անում, որ Օրենքի դեմ է»։
25
Եվ Նա ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ կարիք ունեցավ և քաղցեց ինքը և իր հետ եղողները։
26
Ինչպե՞ս մտավ Աստծու տունը Աբիաթար քահանայապետի օրոք և Առաջավորության հացը կերավ՝ տալով նաև նրանց, որ իր հետ էին. այնինչ օրինավոր չէր ուտել, քահանաներից բացի»։
27
Եվ ասաց նրանց. «Շաբաթը մարդու համար եղավ, ոչ թե մարդը՝ շաբաթի համար։
28
Ուրեմն Մարդու Որդին շաբաթի Տերն էլ է»։