🏠 Գլխավոր էջ Պահված համարներ

Չար մշակների առակը։ Այգեպանների առակը։ Կայսրին տրվող հարկը։ Հարության մասին սադուկեցիների մոլորությունը։ Ամենամեծ պատվիրանը։ Դավիթը Մեսիային ընդունում է որպես իր Տեր։ Քրիստոսը ժողովրդին զգուշացնում է դպիրներից։ Երկու լումա տվող աղքատ այրին։

⬅ Վերադառնալ
1 Եվ սկսեց առակներով խոսել նրանց հետ. «Մի մարդ այգի տնկեց, ցանկապատեց այն, հնձան փորեց, աշտարակ շինեց և այն հանձնեց մշակների ու գնաց օտար երկիր։ 2 Երբ ժամանակը հասավ, մշակների մոտ մի ծառայի ուղարկեց, որպեսզի մշակներից վերցնի այգու բերքի իր բաժինը։ 3 Մշակները նրան բռնեցին, ծեծեցին և դատարկ ու ձեռնունայն արձակեցին։ 4 Նա մեկ այլ ծառայի դարձյալ ուղարկեց, բայց նրա գլուխը ջախջախեցին և անարգելով արձակեցին։ 5 Եվ դարձյալ ուրիշի ուղարկեց. նրան էլ սպանեցին։ Եվ շատ ուրիշների էլ ուղարկեց. ոմանց ծեծեցին, ոմանց սպանեցին։ 6 Նա մի սիրելի որդի ուներ։ Վերջում նրան ուղարկեց նրանց մոտ՝ ասելով. “Թերևս իմ որդու հանդեպ պատկառանք ունենան”։ 7 Բայց մշակներն իրար ասացին. “Սա ժառանգն է. եկե՛ք սպանենք նրան, և ժառանգությունը մերը կլինի”։ 8 Բռնելով նրան՝ սպանեցին և այգուց դուրս նետեցին։ 9 Արդ, այգու տերը ի՞նչ կանի. կգա, կսպանի մշակներին և այգին կտա ուրիշների ձեռքը։ 10 Դուք չե՞ք կարդացել Սուրբ Գրքի այն խոսքը, թե՝ “Այն քարը, որ շինարարները մերժեցին, անկյունաքար եղավ։ 11 Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է»։ 12 Եվ ուզում էին Նրան բռնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև հասկացան, որ առակն իրենց մասին ասաց. և Նրան թողնելով՝ գնացին։ 13 Եվ Նրա մոտ ուղարկեցին փարիսեցիներից ու հերովդեսականներից ոմանց, որպեսզի Նրան խոսքով ծուղակը գցեն։ 14 Նրանք եկան և նենգամտորեն հարցրին Հիսուսին. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում, որովհետև մարդկանց միջև խտրականություն չես դնում, այլ ճշմարտությամբ Աստծու ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ մեզ, օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ. տա՞նք, թե՞ չտանք»։ 15 Նա, իմանալով նրանց կեղծավորությունը, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք Ինձ փորձում, կեղծավորնե՛ր. մի դահեկան բերեք Ինձ, որ տեսնեմ»։ 16 Նրանք բերեցին։ Եվ Նա ասաց նրանց. «Ո՞ւմ պատկերն ու գիրն է սա»։ Նրանք ասացին Նրան. «Կայսրինը»։ 17 Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Կայսրինը տվեք կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Եվ այդ պատասխանից մնացին ապշած։ 18 Եվ սադուկեցիները, որոնք ասում են, թե հարություն չկա, եկան Նրա մոտ և հարցրին Նրան՝ ասելով. 19 «Վարդապե՛տ, Մովսեսը մեզ համար գրել է. “Եթե մեկի եղբայրը մեռնի և կին թողնի, բայց զավակ չթողնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար զավակ ապահովի” (Բ Օր. 25.5)։ 20 Յոթ եղբայրներ կային. առաջինը կին առավ և մեռավ՝ սերունդ չթողնելով։ 21 Երկրորդը նրան առավ և մեռավ՝ սերունդ չթողնելով. երրորդն էլ նույնպես։ 22 Յոթն էլ առան նրան և սերունդ չթողեցին։ Վերջում, բոլորից հետո, կինն էլ մեռավ։ 23 Արդ, հարության ժամանակ, երբ նրանք հարություն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կլինի, քանի որ յոթն էլ նրան որպես կին ունեցան»։ 24 Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Արդյոք հենց այն պատճառով չե՞ք մոլորված, որ չգիտեք ո՛չ Սուրբ Գիրքը, ո՛չ էլ Աստծու զորությունը։ 25 Որովհետև երբ մեռելներից հարություն առնեն, ո՛չ կին կառնեն, ո՛չ էլ մարդի կգնան, այլ երկնքում եղող հրեշտակների պես կլինեն։ 26 Իսկ մեռելների հարության մասին դուք չե՞ք կարդացել Մովսեսի գրքում՝ մորենու դրվագում, թե ինչպես Աստված ասաց նրան. “Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը” (Ելք 3.6)։ 27 Իսկ Աստված մեռելների Աստված չէ, այլ ողջերի։ Ուստի դուք չափազանց մոլորված եք»։ 28 Դպիրներից մեկը, մոտենալով, լսում էր նրանց վիճաբանությունը։ Երբ տեսավ, թե Հիսուսը նրանց լավ պատասխան տվեց, հարցրեց նրան և ասաց. «Ո՞րն է գլխավոր պատվիրանը»։ 29 Հիսուսն ասաց նրան. «Ամենից գլխավոր պատվիրանն է. “Լսի՛ր, Իսրայե՛լ, Տերը՝ մեր Աստվածը, միակ Տերն է”։ 30 Եվ՝ “Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ” (Բ Օր. 6.4-5)։ Սա է գլխավոր պատվիրանը։ 31 Երկրորդը նման է սրան. “Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես” (Ղևտ. 19.18)։ Սրանցից ավելի մեծ պատվիրան չկա»։ 32 Դպիրն ասաց Նրան. «Լա՛վ, Վարդապե՛տ, ճշմարտությամբ ասացիր, որ Աստված մեկ է և Նրանից բացի ուրիշ չկա։ 33 Եվ Նրան սիրել ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ անձով և ամբողջ զորությամբ, ինչպես նաև ընկերոջը սեփական անձի պես սիրելն, ավելի մեծ է, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»։ 34 Երբ Հիսուսը տեսավ, որ նա խելամտությամբ պատասխանեց, ասաց նրան. «Դու հեռու չես Աստծո արքայությունից»։ Եվ այլևս ոչ ոք չէր համարձակվում Նրան հարց տալ։ 35 Հիսուսը տաճարում ուսուցանելիս ասաց. «Դպիրներն ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի Որդի է։ 36 Երբ Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. “Տերն իմ Տիրոջն ասաց. “Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին դնեմ իբրև ոտքերիդ պատվանդան” (Սաղ.110.1)։ 37 Արդ, եթե Դավիթն ինքն իսկ նրան Տեր է կոչում, ինչպե՞ս նրա որդին կլինի»։ Եվ մի մեծ բազմություն հաճույքով լսում էր նրան։ 38 Եվ Իր ուսուցման մեջ ասում էր նրանց. «Զգուշացե՛ք դպիրներից, որոնք սիրում են երկար զգեստներով շրջել, հրապարակներում հարգանքի ողջույններ ընդունել։ 39 ժողովարաններում առաջին աթոռները գրավել և ընթրիքների ժամանակ՝ պատվավոր տեղերը։ 40 Նրանք ցուցադրաբար երկարացնում են աղոթքները, սակայն լափում են այրիների տները։ Նրանք շատ խիստ դատապարտության պիտի արժանանան»։ 41 Հիսուսը, կանգնած գանձանակի դիմաց, դիտում էր, թե ինչպե՛ս էր ժողովուրդը դրամ գցում գանձանակի մեջ։ Շատ հարուստներ մեծ գումարներ գցեցին։ 42 Եվ մի աղքատ այրի եկավ ու երկու լումա գցեց, որ մեկ դահեկան էր։ 43 Եվ կանչելով Իր աշակերտներին՝ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այն թշվառ այրին ավելի շատ գցեց, քան բոլոր նրանք, որ գանձանակի մեջ դրամ գցեցին։ 44 Որովհետև բոլորն իրենց ավելորդից գցեցին, մինչդեռ նա իր չքավոր վիճակով գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր ամբողջ ապրուստը»։