🏠 Գլխավոր էջ Պահված համարներ

Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Անպտուղ թզենու անիծումը։ Տաճարի մաքրումը։ Հավատի, աղոթքի և ներողամտության մասին ուսուցումը։ Քրիստոսի իշխանության հարցը։

⬅ Վերադառնալ
1 Եվ երբ մոտեցան Երուսաղեմին՝ Բեթփագեի և Բեթանիայի կողմերը, Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսը ուղարկեց Իր աշակերտներից երկուսին։ 2 Եվ ասաց նրանց. «Գնացե՛ք ձեր դիմացի գյուղը, և հենց որ մտնեք այնտեղ, կգտնեք մի կապած ավանակ, որի վրա դեռ ոչ մի մարդ չի նստել. արձակեցե՛ք այն և բերե՛ք։ 3 Եվ եթե մեկը ձեզ ասի. “Ինչո՞ւ եք անում այդ”, ասացե՛ք. “Տերը դրա կարիքն ունի”, և նա իսկույն այն այստեղ կուղարկի»։ 4 Նրանք գնացին և գտան ավանակը դրսում՝ դռան մոտ, ճանապարհի վրա կապված, և արձակեցին այն։ 5 Եվ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք արձակում այդ ավանակը»։ 6 Նրանք էլ ասացին նրանց այնպես, ինչպես Հիսուսը պատվիրել էր, և նրանք թույլ տվեցին։ 7 Եվ ավանակը բերեցին Հիսուսի մոտ, իրենց հանդերձները գցեցին նրա վրա, և Նա նստեց նրա վրա։ 8 Եվ շատերը իրենց հանդերձները փռում էին ճանապարհի վրա, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում և փռում ճանապարհին։ 9 Եվ նրանք, ովքեր առաջից էին գնում և նրանք, ովքեր հետևից էին գալիս, աղաղակում էին. «Օվսաննա՜. օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»։ 10 «Օրհնյա՜լ է մեր հայր Դավթի եկող թագավորությունը. օվսաննա՜ բարձունքներում»։ 11 Եվ Հիսուսը մտավ Երուսաղեմ ու տաճար։ Եվ ամեն բան շուրջը դիտելուց հետո, քանի որ արդեն երեկո էր, տասներկուսի հետ դուրս եկավ Բեթանիա։ 12 Հաջորդ օրը, երբ Բեթանիայից դուրս եկան, Նա քաղցեց։ 13 Եվ հեռվից մի տերևալից թզենի տեսնելով՝ գնաց, որ գուցե դրա վրա ինչ-որ բան գտնի։ Երբ մոտեցավ դրան, ոչինչ չգտավ, բացի տերևներից, որովհետև թզերի ժամանակը չէր։ 14 Հիսուսը պատասխանեց և ասաց դրան. «Թող այլևս ոչ ոք քեզանից պտուղ չուտի հավիտյան»։ Եվ Նրա աշակերտները լսում էին։ 15 Եվ եկան Երուսաղեմ։ Հիսուսը մտնելով տաճար՝ սկսեց դուրս հանել նրանց, ովքեր տաճարում վաճառում էին և գնումներ անում։ Նա շրջեց դրամափոխների սեղանները և աղավնի վաճառողների աթոռները։ 16 Եվ թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով որևէ անոթ անցկացնի։ 17 Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրված չէ՞. “Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի”, իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։ 18 Եվ դպիրներն ու քահանայապետները լսեցին և փնտրում էին, թե ինչպես կորստյան մատնեն Նրան, որովհետև վախենում էին Նրանից, քանի որ ամբողջ ժողովուրդը զարմացած էր Նրա ուսուցման վրա։ 19 Եվ երբ երեկո եղավ, Նա քաղաքից դուրս ելավ։ 20 Եվ առավոտյան անցնելիս տեսան, որ թզենին արմատից չորացել էր։ 21 Պետրոսը հիշեց և ասաց Նրան. «Ռաբբի՛, ահա այն թզենին, որ անիծեցիր, չորացել է»։ 22 Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Հավատ ունեցե՛ք Աստծո հանդեպ։ 23 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի. “Վեր կաց և ծովը նետվիր”, և իր սրտում չկասկածի, այլ հավատա, որ իր ասածը կլինի, ինչ որ ասի՝ կլինի նրան։ 24 Դրա համար ասում եմ ձեզ. ինչ էլ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, և կտրվի ձեզ։ 25 Եվ երբ կանգնած աղոթում եք, ներեցե՛ք, եթե մեկի դեմ ինչ-որ բան ունեք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեր հանցանքները։ 26 Բայց եթե դուք չներեք, ձեր Հայրն էլ, որ երկնքում է, չի ների ձեր հանցանքները»։ 27 Եվ դարձյալ եկան Երուսաղեմ։ Եվ երբ Նա տաճարում շրջում էր, Նրա մոտ եկան քահանայապետները, դպիրներն ու ծերերը։ 28 Եվ ասացին Նրան. «Ի՞նչ իշխանությամբ ես այդ բաներն անում, և ո՞վ տվեց Քեզ այդ իշխանությունը, որ այդ բաներն անես»։ 29 Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. պատասխանեցե՛ք Ինձ, և Ես կասեմ ձեզ, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ բաները։ 30 Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից. պատասխանեցե՛ք Ինձ»։ 31 Նրանք իրենց մեջ խորհում էին և ասում. «Եթե ասենք՝ երկնքից էր, կասի. “Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան”։ 32 Իսկ եթե ասենք՝ մարդկանցից էր, վախենում էին ժողովրդից, որովհետև բոլորը Հովհաննեսին իսկապես մարգարե էին համարում։ 33 Եվ նրանք պատասխանեցին Հիսուսին ու ասացին. «Չգիտենք»։ Հիսուսն էլ պատասխանեց և ասաց նրանց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս բաները»։