🏠 Գլխավոր էջ Պահված համարներ

Հովհաննես Մկրտչի ծառայությունը։ Քրիստոսի մկրտությունը և փորձությունը։ Նա քարոզում է և կանչում Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին։ Բժշկություններ է գործում

⬅ Վերադառնալ
1 Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Ավետարանի սկիզբը։ 2 Ինչպես գրված է մարգարեների մոտ. «Ահա Ես Իմ հրեշտակին ուղարկում եմ Քո առաջից, որ պատրաստի Քո ճանապարհը Քո առաջ» (Մղք. 3.1)։ 3 «Անապատում աղաղակողի ձայնն է. “պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը, ուղի՛ղ արեք Նրա շավիղները” (Ես. 40:3) »։ 4 Հովհաննեսը մկրտում էր անապատում և քարոզում ապաշխարության մկրտություն՝ մեղքերի թողության համար։ 5 Եվ նրա մոտ էին դուրս գալիս Հրեաստանի ամբողջ երկիրը և Երուսաղեմի բոլոր բնակիչները, և մկրտվում էին նրա կողմից Հորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը։ 6 Եվ Հովհաննեսը հագնում էր ուղտի մազից հագուստ և իր մեջքին կաշվե գոտի ուներ, և ուտում էր մարախ ու վայրի մեղր։ 7 Նա քարոզում էր և ասում. «Ինձնից հետո գալիս է ինձնից ավելի զորավորը, որի առաջ խոնարհվելով՝ նրա կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ։ 8 Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա ձեզ Սուրբ Հոգով կմկրտի»։ 9 Այն օրերին Հիսուսը եկավ Գալիլեայի Նազարեթից և Հովհաննեսի կողմից մկրտվեց Հորդանանում։ 10 Եվ նույն պահին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը, որ բացվում էր, և Աստծու Հոգին, որ իբրև աղավնի իջնում էր Իր վրա։ 11 Եվ երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի Իմ բարեհաճությունը»։ 12 Եվ իսկույն Հոգին Նրան անապատ տարավ։ 13 Եվ այնտեղ անապատում մնաց քառասուն օր՝ սատանայից փորձվելով, և գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին Նրան։ 14 Հովհաննեսի բանտարկվելուց հետո Հիսուսը Գալիլեա եկավ. Նա քարոզում էր Աստծու Ավետարանը և ասում. 15 «Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու արքայությունը. ապաշխարե՛ք և հավատացե՛ք Ավետարանին»։ 16 Եվ Գալիլեայի լճի մոտով անցնելիս տեսավ Սիմոնին և նրա եղբայր Անդրեասին, որ ցանց էին գցում ծովը, որովհետև ձկնորսներ էին։ 17 Եվ Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք Իմ հետևից, և ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»։ 18 Եվ նրանք իսկույն թողեցին իրենց ցանցերը և գնացին Նրա հետևից։ 19 Եվ այնտեղից մի փոքր առաջ գնալով՝ տեսավ Զեբեդեոսի որդի Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին, որոնք նավակում իրենց ցանցերն էին կարգի բերում։ 20 Եվ իսկույն կանչեց նրանց. և նրանք իրենց հորը՝ Զեբեդեոսին, վարձկանների հետ նավակում թողնելով, գնացին Նրա հետևից։ 21 Մտան Կափառնաում, և հենց շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ Հիսուսն ուսուցանում էր նրանց։ 22 Եվ զարմանում էին Նրա ուսուցման վրա, որովհետև նրանց ուսուցանում էր իշխանություն ունեցողի նման, ոչ թե դպիրների։ 23 Նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնված, որն աղաղակեց 24 և ասաց. «Թո՛ղ, ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թե ո՛վ ես, Աստծու Սուրբը»։ 25 Եվ Հիսուսը սաստեց նրան՝ ասելով. «Լռի՛ր և դո՛ւրս եկ նրանից»։ 26 Եվ պիղծ ոգին, ցնցելով նրան և մեծ ձայնով աղաղակելով, դուրս եկավ նրանից։ 27 Ամենքն էլ զարմացան, այնպես որ հարցնում էին իրար և ասում. «Այս ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, և նրանք հնազանդվում են նրան»։ 28 Եվ Նրա համբավն անմիջապես տարածվեց Գալիլեայի ամբողջ շրջակայքում։ 29 Ժողովարանից անմիջապես դուրս գալով՝ Հակոբոսի և Հովհաննեսի հետ եկան Սիմոնի և Անդրեասի տունը։ 30 Իսկ Սիմոնի զոքանչը պառկած էր տենդով հիվանդ, և իսկույն Նրա մասին ասացին Նրան։ 31 Եվ մոտենալով՝ բռնեց նրա ձեռքից ու բարձրացրեց նրան և տենդը իսկույն թողեց, և նա սկսեց ծառայել նրանց։ 32 Եվ երեկոյան, երբ արևը մայր մտավ, Նրա մոտ էին բերում բոլոր հիվանդներին և դիվահարներին։ 33 Եվ ամբողջ քաղաքը հավաքված էր դռան առաջ։ 34 Եվ նա բազմաթիվ հիվանդների բժշկեց տեսակ-տեսակ հիվանդություններից, բազում դևեր հանեց և դևերին թույլ չէր տալիս խոսել, որովհետև գիտեին Նրան, որ Քրիստոսն է։ 35 Եվ առավոտյան՝ լույսը դեռ չբացված, վեր կացավ, դուրս եկավ և գնաց մի ամայի տեղ, և այնտեղ աղոթում էր։ 36 Եվ Սիմոնը և նրա հետ եղողները գնացին Նրա հետևից։ 37 Եվ երբ գտան Նրան, ասացին. «Բոլորը Քեզ են փնտրում»։ 38 Եվ Նա ասաց նրանց. «Գնա՛նք մերձակա գյուղաքաղաքները, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ եկել»։ 39 Եվ Նա քարոզում էր նրանց ժողովարաններում ամբողջ Գալիլեայով մեկ և դևեր էր հանում։ 40 Հիսուսի մոտ եկավ մի բորոտ։ Նա ծնկի իջած աղաչում էր և ասում. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ 41 Եվ Հիսուսը գթալով, ձեռքը մեկնեց, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ 42 Եվ հենց որ Նա ասաց, բորոտությունն իսկույն հեռացավ նրանից, և նա մաքրվեց։ 43 Հիսուսն անմիջապես նրան դուրս հանեց և խստիվ պատվիրեց 44 ու ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և իբրև վկայություն մաքրվելուդ համար զո՛հ մատուցիր այն, ինչ հրամայել էր Մովսեսը»։ 45 Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել և լուրը տարածել, այն աստիճան, որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտորեն քաղաք մտնել, այլ դուրսը՝ ամայի տեղերում էր մնում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից գալիս էր նրա մոտ։