Քրիստոսի դեմ ներկայացված մեղադրանքը, Նրա դատապարտությունը, չարչարանքը, խաչելությունը, մահը և թաղումը։
⬅ Վերադառնալ
1
Եվ իսկույն առավոտյան քահանայապետները, երեցների, դպիրների և ամբողջ ատյանի հետ խորհրդակցելով, կապեցին Հիսուսին, տարան և հանձնեցին Պիղատոսին։
2
Պիղատոսը հարցրեց Նրան. «Դո՞ւ ես հրեաների Թագավորը»։ Նա պատասխանեց և ասաց նրան. «Դու ասացիր»։
3
Քահանայապետները նրա դեմ շատ ամբաստանություններ էին անում, բայց Հիսուսը ոչինչ չէր պատասխանում։
4
Պիղատոսը դարձյալ հարցրեց Նրան՝ ասելով. «Ոչինչ չե՞ս պատասխանում. տես ինչքա՜ն բան են Քո դեմ վկայում»։
5
Բայց Հիսուսը այլևս ոչինչ չպատասխանեց, այնպես որ Պիղատոսը շատ զարմացավ։
6
Զատկի տոնի առիթով Պիղատոսը նրանց համար արձակում էր մի բանտարկյալի, որի համար նրանք խնդրում էին։
7
Բարաբբա անունով մեկը կար՝ բանտարկված այն խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ մարդ էին սպանել։
8
ժողովուրդը սկսեց բարձր ձայնով աղաղակել և պահանջել, որ համաձայն իր սովորության՝ Պիղատոսն իրենց համար Բարաբբային արձակի։
9
Պիղատոսը պատասխանեց նրանց՝ ասելով. «Կամենո՞ւմ եք, որ ձեզ համար արձակեմ հրեաների Թագավորին»։
10
Որովհետև գիտեր, որ քահանայապետները նախանձի պատճառով էին Նրան մատնել։
11
Քահանայապետները գրգռեցին ժողովրդին, որ ավելի շուտ Բարաբբային արձակի նրանց համար։
12
Պիղատոսը դարձյալ պատասխանեց և ասաց նրանց. «Իսկ ի՞նչ եք ուզում, որ անեմ հրեաների արքային»։
13
Եվ նրանք, քահանայապետներից դրդվելով, դարձյալ աղաղակեցին. «Խա՛չը հանիր դրան»։
14
Պիղատոսն ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել Նա»։ Նրանք ավելի ուժեղ աղաղակեցին. «Խաչի՛ր Նրան»։
15
Պիղատոսը, ցանկանալով ժողովրդին գոհացնել, նրանց համար արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին խարազանել տվեց և հանձնեց, որ խաչվի։
16
Զինվորները Հիսուսին ներսի գավիթը տարան, որ պալատի բակն էր, և մեկտեղ կանչեցին ողջ գունդը։
17
Հիսուսին կարմիր քղամիդ և ծիրանի հագցրին և նրա գլխին փշերից պատրաստված պսակ դրեցին։
18
Եվ սկսեցին ողջունել Նրան. «Ողջո՛ւյն, հրեաների Թագավոր»։
19
Եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում էին երեսին և ծնկի գալով՝ երկրպագում էին նրան։
20
Երբ Նրան ծաղրեցին, հանեցին Նրանից ծիրանին, հագցրին Իր հագուստները և դուրս տարան Նրան, որ խաչեն։
21
Եվ ստիպեցին մի անցորդի՝ Սիմոն Կյուրենացուն, Ալեքսանդրի և Ռուփոսի հորը, որ գալիս էր արտից, վերցնի Նրա խաչը։
22
Եվ Նրան տարան Գողգոթա կոչված տեղը, որ թարգմանվում է՝ Գանգի տեղ։
23
Եվ Նրան զմուռսով խառնված գինի էին տալիս խմելու, բայց Նա չընդունեց։
24
Եվ խաչեցին Նրան։ Նրա հագուստները բաժանեցին՝ վիճակ գցելով դրանց վրա, թե ով ինչ վերցնի։
25
Երրորդ ժամն էր, երբ Նրան խաչեցին։
26
Նրա դատապարտության գրությունը գրված էր. «Հրեաների Թագավորը»։
27
Եվ Նրա հետ երկու ավազակներ խաչեցին՝ մեկը աջ կողմում, մյուսը՝ ձախ։
28
Եվ կատարվեց այն գրվածքը, որ ասում է. «Եվ անօրենների հետ դասվեց»։
29
Եվ անցնողները հայհոյում էին Նրան, գլուխները շարժում և ասում. «Վա՜հ, Դու, որ քանդում ես տաճարը և երեք օրում շինում։
30
Փրկի՛ր Քեզ և իջի՛ր խաչից»։
31
Նույնպես քահանայապետներն էլ դպիրների հետ ծաղրում էին Իրենց մեջ և ասում. «Ուրիշներին փրկեց, Ինքն Իրեն չի կարող փրկել։
32
Ասում է, թե Քրիստոսն է, Իսրայելի թագավորը, թող այժմ խաչից իջնի, որպեսզի տեսնենք և հավատանք նրան»։ Նրա հետ խաչվածներն էլ նախատում էին նրան։
33
Եվ երբ վեցերորդ ժամը եկավ, խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև իններորդ ժամը։
34
Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 22.1)։
35
Եվ մոտ կանգնածներից ոմանք լսելով՝ ասում էին. «Ահա Եղիային է կանչում»։
36
Մեկն առաջ վազելով սպունգը քացախի մեջ թաթախեց և եղեգին անցկացնելով՝ տվեց Հիսուսին, որ խմի. և ասում էր. «Թողե՛ք տեսնենք, Եղիան կգա՞ նրան խաչից իջեցնելու»։
37
Հիսուսը բարձր ձայն արձակեց և հոգին ավանդեց։
38
Եվ Տաճարի վարագույրը երկու մասի պատռվեց՝ վերից վար։
39
Հարյուրապետը, որ կանգնած էր այնտեղ, տեսնելով, թե Հիսուսն ինչպե՛ս աղաղակեց և հոգին ավանդեց, ասաց. «Այս մարդն իսկապես Աստծու Որդի էր»։
40
Այնտեղ նաև կանայք կային, որոնք դիտում էին հեռվից։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբոսի և Հովսեի մայրը՝ Մարիամը, ինչպես և Սողոմեն,
41
Նրանք, երբ Նա Գալիլեայում էր, հետևում էին Նրան և ծառայում Նրան։ Եվ շատ ուրիշ կանայք էլ կային, որոնք Նրա հետ Երուսաղեմ էին եկել։
42
Երբ երեկո եղավ, որովհետև պատրաստության օր էր, այսինքն՝ շաբաթի նախօրյակը,
43
եկավ Արիմաթեացի Հովսեփը, որ մի պարկեշտ մարդ էր, հրեաների ատյանի անդամ, և ինքն էլ էր սպասում Աստծու արքայությանը, համարձակվեց մտնել Պիղատոսի մոտ և խնդրել Հիսուսի մարմինը։
44
Պիղատոսը զարմացավ, որ Նա արդեն մեռած էր, և հարյուրապետին կանչելով՝ հարցրեց նրան. «Իրո՞ք այդքան շուտ մահացավ»։
45
Եվ երբ հարյուրապետից այդ փաստը ստուգեց, մարմինը շնորհեց Հովսեփին։
46
Նա կտավ գնեց, Նրան իջեցրեց, փաթաթեց կտավով և դրեց մի գերեզմանի մեջ, որ ժայռի մեջ էր փորված։ Եվ մի քար գլորեց գերեզմանի դռան առաջ։
47
Մարիամ Մագդաղենացին և Հակոբոսի ու Հովսեի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր Նա դրվեց։