Մատթեոս 26․ Իշխանները խորհրդածում են սպանել Քրիստոսին։ Մի կին օծում է Նրան։ Հուդան մատնում է Քրիստոսին։ Հիսուսը ուտում է Զատկի ընթրիքը և սահմանում է Սուրբ Հաղորդությունը։ Նա աղոթում է պարտեզում, բռնվում և տարվում է Կայիափայի մոտ։ Պետրոսը երեք անգամ ուրանում է Քրիստոսին։
⬅ Վերադառնալ
🧹 Մաքրել այս գլխի կարդացածները
1
Երբ Հիսուսն այս բոլոր խոսքերն ավարտեց, իր աշակերտներին ասաց.
2
«Գիտեք, որ երկու օր հետո Զատիկ է, և Մարդու Որդին խաչվելու համար պիտի մատնվի»։
3
Այդ ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում
4
և խորհրդակցեցին, որպեսզի նենգությամբ բռնեն Հիսուսին և սպանեն։
5
Բայց ասում էին. «Ո՛չ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։
6
Երբ Հիսուսը Բեթանիայում էր՝ բորոտ Սիմոնի տանը,
7
նրան մոտեցավ մի կին, որն իր հետ ալաբաստրե շշով թանկարժեք յուղ ուներ: Եվ մինչ Հիսուսը սեղան էր նստած, յուղը թափեց նրա գլխին։
8
Երբ աշակերտները տեսան, բարկացան և ասացին. «Ինչի՞ համար էր այդ յուղի վատնումը,
9
որովհետև այդ յուղը կարելի էր բարձր գնով վաճառել և տալ աղքատներին»։
10
Հիսուսն այդ իմանալով նրանց ասաց. «Ինչո՞ւ եք անհանգստացնում այդ կնոջը. նա ինձ համար մի բարի գործ կատարեց։
11
Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց Ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։
12
Իմ մարմնի վրա այդ յուղը լցնելով՝ նա Ինձ հուղարկավորման նախապատրաստեց:
13
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում որտեղ էլ այս Ավետարանը քարոզվի, նրա հիշատակի համար կպատմվի նաև այն, ինչ նա արեց»։
14
Այդ ժամանակ տասներկուսից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, քահանայապետների մոտ գնաց
15
ԵՎ ասաց. «Ի՞նչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք երեսուն արծաթ դրամ վճարեցին նրան։
16
Դրանից հետո նա հարմար առիթ էր փնտրում, Հիսուսին մատնելու։
17
Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և հարցրին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար պատրաստենք զատկական ընթրիքը»։
18
Հիսուսն ասաց նրանց. «Գնացե՛ք քաղաք՝ այսինչ մարդու մոտ, և նրան ասե՛ք. “Վարդապետն ասում է. իմ ժամանակը մոտեցել է, իմ աշակերտների հետ քեզ մոտ եմ նշելու Զատիկը”»։
19
Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր իրենց հրահանգել, և պատրաստեցին զատկական ընթրիքը։
20
Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկու աշակերտների հետ սեղան նստեց։
21
Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը մատնելու է ինձ»։
22
Աշակերտները խիստ տխրեցին, և սկսեցին մեկ առ մեկ հարցնել Նրան. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»։
23
Նա պատասխանեց և ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ ափսեյի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։
24
Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Ավելի լավ կլիներ, եթե այդ մարդը ծնված չլիներ»։
25
Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին և ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց. «Դու ասացիր»:
26
Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հացը վերցրեց, օրհնեց, կտրեց, տվեց աշակերտներին և ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։
27
Ապա բաժակ վերցնելով՝ գոհացավ, տվեց նրանց՝ ասելով. «Խմե՛ք դրանից ամենքդ,
28
որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։
29
Բայց ասում եմ ձեզ. այսուհետ որթատունկի այս բերքից այլևս չեմ խմելու մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը կխմեմ իմ Հոր արքայության մեջ»։
30
Ապա սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։
31
Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք ամենքդ ինձնով պիտի գայթակղվեք, որովհետև գրված է. “Կհարվածեմ, և հոտի ոչխարները կցրվեն” (Զաք. 13.7բ)։
32
Բայց հարություն առնելուց հետո ձեզնից առաջ պիտի Գալիլեա գնամ»։
33
Պետրոսը Նրան ասաց. «Թեև բոլորն էլ քեզնով գայթակղվեն, սակայն ես երբեք չեմ գայթակղվի»։
34
Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։
35
Պետրոսը նրան ասաց. «Եթե հարկ լինի քեզ հետ նույնիսկ մեռնել, քեզ չեմ ուրանա»։ Նույնը նաև բոլոր աշակերտներն էին ասում։
36
Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի այգի, որի անունը Գեթսեմանի էր կոչվում և աշակերտներին ասաց. «Նստե՛ք այդտեղ, մինչև որ գնամ աղոթեմ»։
37
Եվ իր հետ վերցնելով Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին՝ սկսեց տխրել և տագնապել։
38
Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթուն կացեք»։
39
Ապա փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսն ի վայր ընկավ, աղոթեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես Ես եմ կամենում, այլ ինչպես Դու»։
40
Եվ եկավ աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, մեկ ժամ է՞լ չկարողացաք արթուն մնալ ինձ հետ։
41
Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։
42
Դարձյալ, երկրորդ անգամ Հիսուսը գնաց, աղոթեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակն Ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. թող Քո կամքը լինի»։
43
Եկավ և դարձյալ նրանց քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։
44
Թողեց նրանց և երրորդ անգամ գնաց ու աղոթեց և նորից նույն խոսքն ասաց։
45
Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ և նրանց ասաց. «Քնե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։
46
Վե՛ր կացեք գնանք. ահա հասավ նա, ով մատնելու է ինձ»։
47
Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից ուղարկված։
48
Հիսուսին մատնողը, նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում ես համբուրեմ, Նա՛ է, Նրան կձերբակալեք»։
49
Նա իսկույն մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց Նրան։
50
Հիսուսը նրան ասաց. «Ընկե՛ր, հանձնարարությունդ կատարիր»։ Այդ ժամանակ մոտեցան, բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին Նրան։
51
Եվ ահա Հիսուսի հետ գտնվողներից մեկը ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը և հարվածեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա ականջը։
52
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև, բոլոր սուր վերցնողները, սրով էլ կընկնեն։։
53
Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ այստեղ այս պահին ինձ համար հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր։
54
Բայց ինչպե՞ս կիրականանա Սուրբ Գիրքը, թե այսպես պետք է լինի»։
55
Այդ ժամանակ Հիսուսն ասաց ամբոխին. «Սրերով ու մահակներով դուրս եք եկել իմ դեմ որպես ավազակի՞, որ ինձ ձերբակալեք։ Ամեն օր ձեզ մոտ՝ տաճարում, նստում էի և ուսուցանում, և ինձ չձերբակալեցիք։
56
Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այդ ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան ու փախան։
57
Իսկ նրանք ձերբակալեցին Հիսուսին, տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ հավաքված էին դպիրներն ու ծերերը։
58
Պետրոսը հեռվից Նրան հետևեց մինչև քահանայապետի պալատը և ներս մտնելով՝ նստեց սպասավորների հետ՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու։
59
Բայց Քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի սպանեն նրան:
60
Եվ չէին գտնում, չնայած որ բազում սուտ վկաներ էին եկել։ Վերջապես մոտեցան երկու սուտ վկաներ
61
և ասացին. «Սա ասում էր. “Կարող եմ քանդել Աստծու տաճարը և երեք օրում շինել”»։
62
Քահանայապետը ոտքի կանգնեց և նրան ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. դրանք քո դեմ ի՞նչ են վկայում»։
63
Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դիմեց նրան և ասաց. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծու անունով, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։
64
Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Դու ասացիր։ Բայց ասում եմ ձեզ. այսուհետ կտեսնեք Մարդու Որդուն՝ նստած Զորության աջ կողմում և եկած երկնքի ամպերի վրայով (Դան. 7.13, Մտթ. 24.30բ)»։
65
Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր հանդերձներն ու ասաց. «Հայհոյեց. մեզ էլ ի՞նչ վկաներ են պետք. ահա հիմա լսեցիք Նրա հայհոյանքը։
66
Ձեզ ի՞նչ է թվում»։ Նրանք պատասխանեցին և ասացին. «Մահապարտ է»։
67
Այդ ժամանակ թքեցին Նրա երեսին և բռունցքներով հարվածեցին Նրան։ Ոմանք էլ ապտակեցին Նրան
68
և ասացին. «Մարգարեացի՛ր մեզ, Քրիստո´ս, ո՞վ է նա, որ հարվածեց քեզ»։
69
Պետրոսը նստած էր դրսում՝ գավթում։ Մի աղախին նրան մոտեցավ և ասաց. «Դո՛ւ էլ գալիլեացի Հիսուսի հետ էիր»։
70
Նա ուրացավ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում»։
71
Երբ նա դեպի դարպասն էր գնում, նրան մեկ ուրիշ կին տեսավ և այդտեղ կանգնածներին ասաց. «Սա ևս Հիսուս Նազովրեցու հետ էր»։
72
Պետրոսը երդումով դարձյալ ուրացավ. «Ես այդ մարդուն չեմ ճանաչում»։
73
Քիչ հետո այնտեղ կանգնածները մոտեցան և Պետրոսին ասացին. «Իրապես որ դու էլ ես նրանցից, քանի որ խոսվածքդ էլ է քեզ մատնում»։
74
Այդ ժամանակ Պետրոսն սկսեց անիծել և երդվել.«Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ իսկույն աքաղաղը կանչեց։
75
Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի այն խոսքը. «Աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ։