Մատթեոս 26:24
Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Ավելի լավ կլիներ, եթե այդ մարդը ծնված չլիներ»։
Այս խոսքում միավորվում են աստվածային նախախնամության և մարդկային պատասխանատվության խորհուրդները։ Հիսուսը հաստատում է, որ Իր չարչարանքն ու մահը նախապես գրված էին՝ ըստ Աստծո փրկագործական ծրագրի։ Սակայն միևնույն ժամանակ Նա ընդգծում է, որ դա չի արդարացնում դավաճանին․ յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրության մեջ և պատասխանատու է իր արարքների համար։ Աստծո ծրագիրը անկախ ամեն ինչից իրականանում է, սակայն երբ մարդը ընտրում է չարությամբ գործելու ճանապարհը, նա դառնում է իր մեղքի պատասխանատուն, նույնիսկ եթե իր արարքը անկախ իր կամքից նպաստում է ամենամեծ փրկագործության ծրագրին: «Վա՜յ այն մարդուն»՝ խոսքը ոչ միայն դատավճիռ է, այլ նաև ցավոտ ափսոսանք՝ արտահայտված Քրիստոսի շուրթերից։ Նա չի արտաբերում անեծք, այլ ողբում է մարդու հոգևոր կորստի չափը։ «Լավ կլիներ, եթե ծնված չլիներ» խոսքը ցույց է տալիս մեղքի ամենածանր հետևանքը՝ հավիտենական բաժանումը Աստծուց։ Այս խոսքում Քրիստոսի սերն ու արդարությունը միախառնվում են՝ բացահայտելով, որ մարդը կարող է անգամ աստվածային ծրագրի կիզակետում կործանվել, եթե իր սրտում ընտրի չարիքը։ Սա ահազանգ է բոլոր ժամանակների համար․ Աստծո կամքը կատարվում է, բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ հավատարմորեն ծառայել Աստծուն, թե փակված սրտով գործակցել չարի հետ։