🏠 Գլխավոր էջ Պահված համարներ

Սաղմոս 7 — Աղոթք արդար դատաստանի համար

Խոստովանություն Դավթի, որ երգեց Տիրոջը՝ Բենիամինի որդի Քուշի խոսքերի համար:
⬅ Վերադառնալ
1 Տե՛ր, իմ Աստված, Քեզ եմ ապավինում։ Փրկի՛ր ինձ իմ բոլոր հալածողներից և ազատի՛ր ինձ։ 2 Որպեսզի առյուծի պես չհոշոտեն իմ անձը ու պատառոտեն և ազատող չլինի։ 3 Տե՛ր, իմ Աստված, եթե ես այս բանն արել եմ, եթե իմ ձեռքերում անիրավություն կա, 4 եթե ինձ հետ խաղաղ ապրողին չարությամբ հատուցեցի կամ առանց պատճառի կողոպտեցի ինձ հակառակվողին, 5 ապա թող թշնամին հալածի իմ անձը և հասնի ինձ, թող գետին տապալի իմ կյանքը և իմ փառքը փոշու մեջ բնակեցնի։ 6 Վե՛ր կաց, Տե՛ր, Քո բարկությամբ, բարձրացի՛ր իմ թշնամիների կատաղության դեմ և արթնացի՛ր ինձ համար. դու սահմանեցիր իրավունքը։ 7 Թող ժողովուրդների բազմությունը շրջապատի Քեզ և նրանց վրա իշխիր բարձունքներից։ 8 Տերը դատում է ժողովուրդներին։ Դատի՛ր ինձ, Տե՛ր, իմ արդարության և իմ մեջ եղած անմեղության համաձայն։ 9 Թող վերջանա ամբարիշտների չարությունը, բայց արդարին հաստատի՛ր, որովհետև Դու, ո՛վ արդար Աստված, սրտեր ու մտքեր քննող ես։ 10 Իմ վահանը Աստծուց է, Ով փրկում է սրտով ուղիղներին։ 11 Աստված արդար Դատավոր է, և Աստված ամեն օր բարկանում է ամբարիշտի վրա: 12 Եթե մարդը չապաշխարի, Նա կսրի Իր սուրը, կլարի Իր աղեղը և կպատրաստի այն։ 13 Նա նրա համար մահվան զենքեր պատրաստեց և Իր նետերը կրակոտ դարձրեց։ 14 Ահա նա անօրենություն է երկնում. հղացած է չարությամբ և սուտ է ծնում։ 15 Փոս փորեց և խորացրեց այն, բայց ընկավ իր պատրաստած փոսի մեջ։ 16 Նրա չարությունը կվերադառնա իր գլխին և նրա անիրավությունը կիջնի իր գագաթին։ 17 Ես Տիրոջը գոհություն կհայտնեմ Նրա արդարության համար և սաղմոս կերգեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։