🏠 Գլխավոր էջ Պահված համարներ

Սաղմոս 10 — Աղոթք արդարության համար

⬅ Վերադառնալ
1 Ո՛վ Տեր, Ինչո՞ւ ես հեռու մնում և Քեզ թաքցնում նեղության ժամանակներում։ 2 Ամբարիշտի ամբարտավանությունից հալածվում է աղքատը։ Թող նա բռնվի այն խորհուրդներով, որ ինքն է հնարել։ 3 Որովհետև ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկություններով և ագահն անիծում և արհամարհում է Տիրոջը։ 4 Ամբարիշտն իր հպարտ դեմքով Աստծուն չի փնտրում։ Աստված չկա Նրա բոլոր խորհուրդներում։ 5 Նրա ճանապարհները ծանր են ամեն ժամանակ. Քո կանոնները վեր են նրա տեսողությունից. նա փքվում է իր բոլոր թշնամիների վրա։ 6 Նա իր սրտում ասում է. «Ես չեմ սասանվի, սերնդից սերունդ դժբախտություն չեմ տեսնի»։ 7 Նրա բերանը լի է անեծքով, խաբեությամբ և բռնությամբ։ Նրա լեզվի տակ չարություն ու անօրենություն կա։ 8 Նա գյուղերի գաղտնի տեղերում նստում է, ծածուկ վայրերում սպանում է անմեղին։ Նրա աչքերը գաղտնի հետևում են անպաշտպանին։ 9 Նա ծածուկ դարանակալում է առյուծի պես իր որջում։ Դարանակալում է աղքատին բռնելու համար և նրան բռնում է իր ցանցի մեջ քաշելով։ 10 Նա կռանում և խոնարհվում է, որպեսզի անպաշտպանները ընկնեն նրա ճանկերի տակ։ 11 Նա իր սրտում ասում է. «Աստված մոռացել է, ծածկել է Իր երեսը և երբեք չի տեսնի»։ 12 Վե՛ր կաց, Տե՛ր Աստված, բարձրացրո՛ւ Քո ձեռքը և մի՛ մոռացիր խեղճերին։ 13 Ինչո՞ւ է ամբարիշտը արհամարհում Աստծուն և իր սրտում ասում. «Դու չես քննի»։ 14 Բայց Դու տեսնում ես, որովհետև նայում ես չարությանն ու վշտին, որպեսզի Քո ձեռքով հատուցես։ Անպաշտպանը իրեն Քեզ է հանձնում, Դու ես որբի օգնականը։ 15 Կոտրի՛ր ամբարիշտի և չար մարդու բազուկը, որ նրա չարությունը փնտրես և էլ չգտնես։ 16 Տերը Թագավոր է հավիտյանս հավիտենից։ Ազգերը կորել են Նրա երկրից։ 17 Տե՛ր, Դու լսեցիր աղքատների ցանկությունը, կհաստատես նրանց սիրտը և ականջ կդնես նրանց աղոթքին։ 18 Որպեսզի դատաստան անես որբի և ճնշվածի համար, որ մարդը, որ հողից է, այլևս չհալածի նրան։