Հիսուսի հարությունը, դարձյալ երևալը և համբարձումը։
⬅ Վերադառնալ
1
Երբ շաբաթ օրն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայրը՝ Մարիամը, և Սաղոմեն անուշահոտ յուղեր գնեցին, որպեսզի գան և օծեն Հիսուսի մարմինը։
2
Շաբաթվա առաջին օրը, շատ վաղ առավոտյան, արևը ծագելիս, եկան գերեզման։
3
Եվ միմյանց ասում էին. «Ո՞վ մեզ համար գերեզմանի մուտքից քարը կգլորի»։
4
Որովհետև այն շատ մեծ էր, բայց նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորված էր։
5
Եվ գերեզման մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմում՝ սպիտակ հանդերձ հագած, և զարհուրեցին։
6
Նա ասաց նրանց. «Մի՛ զարհուրեք։ Դուք Հիսուս Նազովրեցուն եք փնտրում, որ խաչվեց. Նա հարություն առավ, այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին Նրան։
7
Բայց գնացե՛ք, նրա աշակերտներին և Պետրոսին ասե՛ք, որ ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան, ինչպես ասել էր ձեզ»։
8
Երբ այս լսեցին, դուրս եկան և փախան գերեզմանից, որովհետև դող և զարմանք էր բռնել նրանց։ Եվ ոչ ոքի ոչինչ չասացին, որովհետև վախենում էին։
9
Եվ շաբաթվա առաջին օրը վաղ առավոտյան հարություն առնելով՝ Հիսուսը նախ երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթ դև էր հանել։
10
Մարիամը գնաց և պատմեց նրանց, ովքեր Հիսուսի հետ էին, մինչ նրանք սգում ու լաց էին լինում։
11
Նրանք, լսելով, թե Նա կենդանի է և երևացել է Մարիամին, չհավատացին։
12
Հետո Հիսուսն ուրիշ կերպարանքով երևաց նրանցից երկուսին, ովքեր դեպի ագարակներ էին գնում։
13
Նրանք էլ գնացին և մյուսներին պատմեցին, բայց նրանց էլ չհավատացին։
14
Հետո Հիսուսը երևաց տասնմեկին, երբ նրանք սեղան էին նստել։ Նա հանդիմանեց նրանց իրենց անհավատության ու խստասրտության համար, որովհետև չէին հավատացել նրանց, որոնց ինքը երևացել էր մեռելներից հարություն առած։
15
Եվ ասաց նրանց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին քարոզե՛ք Ավետարանը։
16
Ով հավատա և մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի։
17
Այն նշանները կուղեկցեն նրանց, ովքեր հավատում են. իմ անունով դևեր կհանեն, լեզուներ կխոսեն,
18
ձեռքով օձ կբռնեն և եթե մահաբեր բան խմեն, նրանց չի վնասի. հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կառողջանան»։
19
Եվ ինքը՝ Տեր Հիսուսը, աշակերտների հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց և նստեց Հոր աջ կողմում։
20
Իսկ նրանք գնացին և ամբողջ աշխարհում ամենուրեք քարոզում էին Ավետարանը։ Տերը առաջնորդում էր նրանց և նրանց քարոզչությունը հաստատում հրաշքներով։ Ամեն։