Մատթեոս 21․ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ։ Տաճարում ցույց տված իշխանությունը։ Առակ երկու որդիների մասին:
⬅ Վերադառնալ
1
Եվ երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուսը երկու աշակերտի ուղարկեց,
2
և ասաց նրանց. «Գնացեք ձեր դիմացի գյուղը, և այնտեղ անմիջապես կգտնեք մի էշ կապած և քուռակն էլ հետը. արձակեցեք և բերեք ինձ մոտ։
3
Եվ եթե մեկը բան ասի ձեզ, ասեք, որ դրանք Տիրոջն են պետք, և իսկույն դրանք կուղարկի»։
4
Բայց այս ամենը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասված խոսքը.
5
Ասացեք Սիոնի դստերն. «Ահա՝ քո Թագավորը գալիս է քեզ մոտ, հեզ, ավանակին ու քուռակին հեծած»(Զաք. 9:9)։
6
Աշակերտներն էլ գնացին և արեցին այնպես, ինչպես Հիսուսը նրանց հրամայեց:
7
Եվ բերեցին էշը և քուռակը, իրենց հանդերձները դրանց վրա գցեցին, և Հիսուսը դրանց վրա նստեց։
8
Ժողովրդի միջից շատերն իրենց հանդերձները փռում էին ճանապարհին, իսկ ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու փռում ճանապարհին։
9
Եվ առջևից և հետևից գնացող բազմությունը, աղաղակում էր և ասում. «Օվսաննա Դավիթի Որդուն, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օվսաննա Բարձրյալին»։
10
Եվ երբ Հիսուսը մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը ցնցվեց: Հարցնում էին. «Սա ո՞վ է»։
11
Եվ ժողովուրդն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է՝ Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։
12
Եվ Հիսուսը մտավ Աստծո տաճարը և դուրս հանեց այնտեղ գտնվող բոլոր վաճառականներին ու գնողներին և փող փոխողների սեղանները և աղավնի վաճառողների աթոռները շրջեց։
13
Եվ ասաց նրանց. «Գրված է. Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջ»։
14
Եվ Տաճարի մեջ կույրեր ու կաղերն եկան Նրա մոտ, և Նա նրանց բժշկեց։
15
Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան այն հրաշքները, որոնք Նա կատարեց, և տեսան նաև երեխաներին, ովքեր Տաճարում աղաղակում էին ու ասում. «Ովսաննա Դավթի Որդուն»
16
բարկացան և ասացին Նրան. «Լսո՞ւմ ես, թե ի՛նչ են ասում դրանք»։ Հիսուսն ասաց նրանց. «Այո՛, դուք չե՞ք կարդացել, թե՝ “Երեխաների ու ծծկերների բերանով օրհնությունը կատարեցիր” (Սաղ. 8.3)»։
17
Եվ Նա նրանց թողնելով՝ դուրս գնաց քաղաքից և գնաց Բեթանիա, և գիշերն այնտեղ մնաց։
18
Առավոտյան, երբ քաղաք էր վերադառնում, քաղց զգաց։
19
Եվ ճանապարհի վրա մի թզենու տեսնելով՝ մոտեցավ, բայց նրա վրա ոչինչ չգտավ, բացի տերևներից։ Եվ ասաց թզենուն. «Թող քեզնից հավիտյան պտուղ չլինի», և թզենին իսկույն չորացավ։
20
Երբ աշակերտները տեսաան, զարմացան և ասացին. «Ինչպե՞ս է, որ թզենին իսկույն չորացավ»։
21
Հիսուսն էլ պատասխանեց և ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատք ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք թզենու հետ պատահածը, այլ եթե այդ սարին ասեք՝ “Վեր կաց և ընկիր ծովը”, կկատարվի։
22
Եվ այն ամենը, որ աղոթքի մեջ հավատքով խնդրեք, կստանաք»:
23
Եվ երբ Նա եկավ Տաճար ու ուսուցանում էր, քահանայապետներն ու ժողովրդի ծերերը Նրան մոտեցան և ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։
24
Հիսուսն էլ պատասխանեց և ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. եթե ինձ պատասխանեք, ես էլ ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում այս բաները:
25
Հովհաննեսի մկրտությունը որտեղից էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Եվ նրանք իրենց մեջ խորհում էին ու ասում։
26
«Եթե ասենք՝ երկնքից, մեզ կասի. “ապա ինչո՞ւ չհավատացիք նրան”։ Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե են համարում»:
27
Եվ նրանք պատասխանեցին Հիսուսին ու ասացին. «Չգիտենք»։ Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս բաները։
28
«Ինչպե՞ս է ձեզ թվում․ մի մարդ ուներ երկու որդի։ Եկավ առաջինի մոտ և ասաց․ “Որդի, գնա այսօր իմ այգում աշխատիր”:
29
Նա պատասխանեց և ասաց․ “Չեմ ուզում”, բայց հետո զղջաց և գնաց։
30
Եվ մյուսի մոտ էլ գնաց ու նույնն ասաց։ Նա էլ պատասխանեց ու ասաց․ “Կգնամ, Տե՛ր”, բայց չգնաց։
31
Այս երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը»։ Նրանք ասացին․ «Առաջինը»։ Հիսուսն էլ ասաց նրանց․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ կմտնեն Աստծո արքայությունը:
32
Որովհետև Հովհաննեսը եկավ դեպի ձեզ արդարության ճանապարհով, իսկ դուք չհավատացիք նրան, բայց մաքսավորներն ու պոռնիկները նրան հավատացին։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք ու նրան չհավատացիք։
33
Լսեցեք մի ուրիշ առակ․ մի տանուտեր մարդ կար, որ այգի տնկեց, նորան ցանկապատեց, նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց։ Ապա այն հանձնեց մշակներին և օտար երկիր գնաց։
34
Եվ երբ բերքի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ՝ բերքից իր բաժինը վերցնելու։
35
Բայց մշակները բռնեցին նրա ծառաներին․ մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։
36
Կրկին ուղարկեց ուրիշ ծառաներ, ավելի շատ քան նախկինները, և նրանց հետ էլ նույն կերպ վարվեցին։
37
Վերջապես նա իր որդուն ուղարկեց նրանց մոտ՝ ասելով. “Իմ որդուց կզգաստանան”։
38
Եվ մշակները տեսնելով որդուն ասացին իրար.“Սա է ժառանգը, եկեք սրան սպանենք և սրա ժառանգությանը տիրանանք”։
39
Եվ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին ու սպանեցին։
40
Արդ, երբ այգու տերը գա, ի՞նչ պիտի անի այդ մշակներին»։
41
Նրանք ասացին Նրան․ «Չարերին դաժանորեն կորստյան կմատնի, իսկ այգին կտա ուրիշ մշակների, որոնք բերքը յուր ժամանակին նրան կտան»։
42
Հիսուսը նրանց ասաց․ «Մի՞թե երբեք չեք կարդացել Սուրբ Գրքում. “Այն քարը, որ շինողներն անարգեցին, այն դարձավ անկյունաքար։ Սա Տիրոջից եղավ, և մեր աչքերի առաջ զարմանալի է”(Սաղ. 118.22-23)։
43
Դրա համար ասում եմ ձեզ․ Աստծու արքայությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն այն պտղաբեր կդարձնի։
44
Եվ ով այս քարի վրա ընկնի՝ ջարդուփշուր կլինի, իսկ ում վրա այն ընկնի, նրան կճզմի»:
45
Երբ քահանայապետներն ու փարիսեցիները Նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց մասին է ասում:
46
Եվ ուզում էին բռնել Նրան, բայց ժողովրդից վախեցան, որովհետև Նրան մարգարե էին համարում։