Մատթեոս 21:42
Հիսուսը նրանց ասաց․ «Մի՞թե երբեք չեք կարդացել Սուրբ Գրքում. “Այն քարը, որ շինողներն անարգեցին, այն դարձավ անկյունաքար։ Սա Տիրոջից եղավ, և մեր աչքերի առաջ զարմանալի է”(Սաղ. 118.22-23)։
Հիսուսն այս խոսքերով մեջբերում է Սաղմոս 118:22–23-ը՝ բացահայտելով, որ Նա է այն «քարը», որը շինողները՝ այսինքն կրոնական առաջնորդները, մերժեցին, բայց Աստված այն դարձրեց ողջ շինության ծրագրի (փրկության ) անկյունաքար։ «Շինողները» խորհրդանշում են մարդկանց, հավատքի ժողովրդին, ովքեր պիտի կառուցեին Աստծո տունը, բայց մերժեցին Քրիստոսին՝ չճանաչելով Նրա աստվածային բնույթը։ Սակայն հենց այդ մերժված Քրիստոսն է դառնում փրկության հիմնաքարը, որի վրա կանգնում է Եկեղեցին։ «Սա Տիրոջից եղավ» արտահայտությունը ցույց է տալիս, որ այս ամենը Աստծո ծրագրի մի մասն էր՝ մարդկանց մերժման միջոցով իրականացնել Իր փրկության խորհուրդը։ Այս խոսքը խոր մարգարեություն է՝ բացահայտելով, որ Քրիստոսի խաչը, որը մարդկանց աչքում թվում էր պարտություն, Աստծո նախախնամությամբ դարձավ հաղթանակ և փրկություն մարդկության համար։