Գլխավոր Պահվածներ

Սաղմոս 17 — Անմեղ մարդու աղոթքը

Դավթի աղոթքը։
⬅ Վերադառնալ
1 Ո՛վ Տեր, լսի՛ր արդար դատս, ուշադրությո՛ւն դարձրու իմ աղաղակին, ակա՛նջ դիր իմ աղոթքին, որ նենգ շրթունքներից չէ։ 2 Իմ դատաստանը թող Քեզնից ելնի, թող Քո աչքերը ուղիղը տեսնեն։ 3 Դու փորձեցիր իմ սիրտը և քննեցիր գիշերվա մեջ. դու կրակով հալեցիր ինձ և անիրավություն չգտար ինձանում. ես իմ մտքում դրել եմ, որ իմ բերանը օրինազանց չլինի: 4 Մարդկանց գործերի մեջ, Քո շուրթերի խոսքով զգույշ եմ մնում բռնություն գործող մարդկանց ճանապարհներից։ 5 Հաստատի՛ր իմ քայլերը Քո ճանապարհների վրա, որպեսզի ոտքերս չսայթաքեն։ 6 Ես կանչում եմ Քեզ, որ Դու լսես ինձ, ո՛վ Աստված։ Խոնարհի՛ր Քո ականջը դեպի ինձ, լսի՛ր իմ խոսքերը։ 7 Ցույց տուր Քո մեծ սերը, Դու, որ Քո աջով փրկում ես Քեզ ապավինողներին իրենց թշնամիներից։ 8 Պահի՛ր ինձ Քո աչքի բիբի պես, ծածկի՛ր ինձ Քո թևերի շուքի տակ 9 Այն ամբարիշտներից, որոնք տառապանք են տալիս ինձ, իմ անձի թշնամիներից, որոնք շրջապատել են ինձ։ 10 Նրանք փակել են իրենց պարարտ սիրտը, իրենց բերանով ամբարտավանությամբ են խոսում։ 11 Նրանք մեր ընթացքի չորս կողմից մեզ շրջապատեցին, իրենց աչքերը հառեցին, որպեսզի մեզ գետին տապալեն։ 12 Նա նման է առյուծի, որ ցանկանում է հոշոտել, և կորյունի, որ դարանակալում է գաղտնի տեղերում։ 13 Վե՛ր կաց, Տե՛ր, դիմավորի՛ր նրան և խոնարհեցրո՛ւ։ Փրկի՛ր իմ անձը ամբարիշտների ձեռքից Քո սրով։ 14 Քո ձեռքով, ո՛վ Տեր, փրկիր մարդկանցից, այս աշխարհի մարդկանցից, որոնց բաժինն այս կյանքում է։ Դու նրանց որովայնը լցնում ես Քո գանձերով, նրանց որդիներն էլ են կշտացած և մնացածը թողնում են իրենց երեխաներին։ 15 Իսկ ես արդարությամբ կպիտի տեսնեմ Քո երեսը, և երբ արթնանամ, պիտի կշտանամ Քո կերպարանքից: