Գլխավոր Պահվածներ

Սաղմոս 17:8

Պահի՛ր ինձ Քո աչքի բիբի պես, ծածկի՛ր ինձ Քո թևերի շուքի տակ

Այս համարը պարունակում է պաշտպանության երկու քնքուշ պատկեր։ Աչքի բիբը մարմնի ամենազգայուն և խնամքով պահպանվող մասերից է։ Դավիթը խնդրում է, որ Աստված իրեն պահի նույնպիսի ուշադրությամբ ու հոգատարությամբ։ «Թևերի շուքի տակ» արտահայտությունը մայր թռչնի պաշտպանության պատկեր է, երբ նա իր ձագերին ծածկում է վտանգից։ Այս պատկերները չեն նշանակում, թե հավատացյալը երբեք չի հանդիպի տառապանքի կամ վտանգի։ Դավիթն ինքն էլ այդ պահին վտանգի մեջ էր։ Դրանք ցույց են տալիս Աստծո մոտիկ, անձնական և հոգատար պահպանությունը։ Տերը ոչ միայն զորավոր Պահապան է, այլ նաև Իրեն ապավինողներին քնքշությամբ խնամող Աստված։ Հավատացյալը կարող է իր վախերն ու անհանգստությունները բերել Նրա առաջ և վստահել Նրա պահպանությանը։ Այս պատկերները նաև հավատք են սովորեցնում․Վտանգի պահին հավատացյալը պետք է ոչ թե փախուստի ճանապարհ որոնի կամ գործի անխոհեմաբար, այլ պետք է ապաստանի Զորավոր Աստծո թևերի շուքի տակ՝ ըստ անհրաժեշտության գործելով Նրա տված իմաստությամբ։ Իրական ապահովությունը վտանգների բացակայության մեջ չէ, այլ՝ Տիրոջ պահպանող ներկայության։
⬅ Վերադառնալ