Մատթեոս 27․ Քրիստոսը տարվում է Պիղատոսի մոտ. Հուդայի հուսահատությունը։ Քրիստոսի չարչարանքները, խաչելությունը, մահը և թաղումը:

⬅ Վերադառնալ
1 Երբ առավոտը բացվեց, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը Հիսուսի դեմ խորհուրդ գումարեցին՝ նրան սպանելու համար։ 2 Ապա կապեցին նրան և տարան ու հանձնեցին հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացուն։ 3 Այն ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և արծաթը վերադարձրեց քահանայապետներին ու ժողովրդի ծերերին, 4 Եվ ասաց. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։ 5 Հուդան արծաթե դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։ 6 Իսկ քահանայապետները, արծաթը վերցնելով, ասացին. «Օրինավոր չէ դրանք տաճարի գանձանակի մեջ գցել, որովհետև արյան գին են»։ 7 Եվ խորհրդակցելով՝ այդ դրամով գնեցին Բրուտի ագարակը՝ որպես գերեզմանատեղի օտարների համար։ 8 Այդ պատճառով այդ արտը մինչ օրս կոչվում է Արյան ագարակ։ 9 Այդ ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասված խոսքը. «Վերցրին երեսուն արծաթը՝ վաճառվածի գինը, որ գնահատվել էր Իսրայելի որդիների կողմից, 10 և այն տվեցին Բրուտի ագարակի համար, ինչպես Տերն ինձ հրամայել էր»։ 11 Հիսուսը կանգնեց կառավարչի առջև։ Կառավարիչը հարցրեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսն ասաց. «Դու ես ասում»։ 12 Եվ երբ Նա ամբաստանվեց քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց։ 13 Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե դրանք քո դեմ որքա՛ն բաներ են վկայում»։ 14 Հիսուսը նրան չպատասխանեց, նույնիսկ ոչ մի բառ, այնպես որ կառավարիչը շատ զարմացավ։ 15 Զատկի տոնի կապակցությամբ կառավարիչը սովորություն ուներ ժողովրդի համար մի բանտարկյալ արձակելու, ում նրանք ուզեին։ 16 Այդ ժամանակ մի հայտնի բանտարկյալ կար, որի անունը Հեսու Բարաբբա էր։ 17 Երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար ազատ արձակեմ. Հեսու Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ 18 Որովհետև Պիղատոսը գիտեր, որ Հիսուսին նախանձից էին մատնել։ 19 Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Ոչինչ չանես այդ արդար մարդու դեմ, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։ 20 Սակայն քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ Բարաբբային պահանջեն, իսկ Հիսուսին մահվան դատապարտեն։ 21 Կառավարիչը դիմեց նրանց և ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»։ Նրանք ասացին. «Բարաբբային»։ 22 Պիղատոսը նրանց ասաց. «Հապա ի՞նչ անեմ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։ 23 Բոլորն ասացին. «Թող խաչվի»։ Կառավարիչն ասաց. «Իսկ ի՞նչ չարիք է գործել»։ Բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Թող խաչվի»։ 24 Պիղատոսը, տեսնելով, որ օգուտ չկա, ավելին՝ խռովություն է բարձրանում, ջուր վերցրեց, ժողովրդի առաջ լվաց ձեռքերը և ասաց. «Ես այդ Արդարի արյան համար մեղք չունեմ. դո՛ւք գիտեք»։ 25 Ամբողջ ժողովուրդը պատասխանեց և ասաց. «Նրա արյունը մեզ ու մեր որդիների վրա թող լինի»։ 26 Այդ ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին ձաղկել տալուց հետո հանձնեց, որ խաչվի։ 27 Այդ ժամանակ կառավարչի զինվորները Հիսուսին տարան ատյան և Նրա շուրջը հավաքեցին ողջ գունդը։ 28 Մերկացրին Նրան և վրան կարմիր քղամիդ գցեցին։ 29 Ապա փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին Նրա գլխին, մի եղեգ էլ տվեցին աջ ձեռքը։ Նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին և ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ 30 Եվ թքելով նրա վրա՝ եղեգն առնում էին ու նրա գլխին խփում։ 31 Նրան ծաղրուծանակի ենթարկելուց հետո վրայից հանեցին կարմիր քղամիդը և հագցրին Իր հագուստը։ Ապա տարան Նրան խաչելու։ 32 Երբ դուրս էին ելնում, գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով, և նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչափայտը կրի։ 33 Եվ հասնելով Գողգոթա կոչված տեղը, որը նշանակում է «Կառափնատեղի», 34 Հիսուսին լեղի խառնած գինի տվեցին, որ խմի, և երբ համտեսեց, չուզեց խմել։ 35 Ապա Նրան խաչը հանեցին և Նրա հանդերձները բաժանեցին՝ վիճակ գցելով, որպեսզի իրականանար մարգարեի կողմից ասված խոսքը. «Իմ հանդերձները իրենց մեջ բաժանեցին և Իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։ 36 Եվ նստած պահակություն էին անում Նրա վրա։ 37 Նրա գլխավերևում դրեցին նաև Նրա հանցանքի գրությունը, թե՝ «ՍԱ՛ Է ՀԻՍՈՒՍԸ՝ ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։ 38 Այդ ժամանակ Նրա հետ խաչը հանվեցին երկու ավազակներ՝ մեկը Նրա աջ կողմում, մյուսը՝ ձախ։ 39 Եվ անցորդները, հայհոյում էին նրան, շարժում գլուխները 40 և ասում. «Դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում վերաշինում, ազատի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդին ես, ցած իջի՛ր այդ խաչից»։ 41 Քահանայապետները, դպիրների ու ծերերի հետ միասին, նույնպես ծաղրում էին Նրան և ասում. 42 «Ուրիշներին ազատեց, ինքն Իրեն չի կարողանում ազատել։ Եթե Իսրայելի թագավորն է, այս պահին թող այդ խաչից ցած իջնի, և Նրան կհավատանք։ 43 Ապավինեց Աստծուն. թող այժմ փրկի Նրան, եթե Նրան կամենում է։ Չէ՞ որ ասում էր. “Աստծու Որդի եմ”»։ 44 Նրա հետ խաչված ավազակներն էլ նույն կերպ նախատում էին Նրան։ 45 Ցերեկվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավարը պատեց ամբողջ երկիրը։ 46 Իններորդ ժամի մոտ Հիսուսը բարձրաձայն գոչեց և ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 21(22).1)։ 47 Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Եղիային է կանչում»։ 48 Եվ նրանցից մեկն իսկույն վազեց, քացախով ներծծված մի սպունգ վերցրեց և եղեգին անցկացնելով՝ տվեց Նրան, որ խմի։ 49 Իսկ մյուսներն ասում էին. «Թո՛ղ տեսնենք, թե Եղիան գալի՞ս է Նրան փրկելու»։ 50 Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։ 51 Եվ ահա տաճարի վարագույրը երկու մասի պատռվեց՝ վերից վար, երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին: 52 Գերեզմանները բացվեցին ու ննջեցյալ բազում սրբերի մարմիններ հարություն առան։ 53 Նրա հարությունից հետո, գերեզմաններից ելնելով, մտան սուրբ քաղաքը և շատերին երևացին։ 54 Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսին հսկում էին, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Սա Աստծու Որդին էր»։ 55 Այնտեղ բազմաթիվ կանայք կային, որոնք հեռվից նայում էին։ Նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին՝ Նրան ծառայելու համար։ 56 Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Զեբեդեոսի որդիների մայրը։ 57 Երբ երեկո եղավ, եկավ Հովսեփ անունով մի մեծահարուստ մարդ, որ Արիմաթեայից էր և աշակերտել էր Հիսուսին։ 58 Սա Պիղատոսի մոտ գնաց և խնդրեց Հիսուսի մարմինը։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։ 59 Հովսեփը, մարմինը վերցնելով, պատանեց մաքուր կտավով 60 ու դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց՝ որպես գերեզմանը փակող քար, և հեռացավ։ 61 Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին, նաև մյուս Մարիամը։ Նրանք նստած էին գերեզմանի դիմաց։ 62 Առավոտյան, այսինքն՝ ուրբաթին հաջորդող օրը, քահանայապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ 63 և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը, երբ դեռ կենդանի էր, ասում էր. “Երեք օր հետո հարություն պիտի առնեմ”։ 64 Արդ, հրամայի՛ր, որ մինչև երրորդ օրը գերեզմանը զգուշությամբ պահպանվի։ Չլինի թե Նրա աշակերտները գիշերով գան, գողանան Նրան և ժողովրդին ասեն, թե՝ “Մեռելներից հարություն առավ”։ Այս վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։ 65 Պիղատոսն ասաց նրանց. «Պահակալ զինվորներ ունեք, գնացե՛ք, ուշադիր պահպանե՛ք, ինչպես որ գիտեք»։ 66 Եվ նրանք գնացին ու գերեզմանին հսկողություն սահմանեցին. քարը կնքեցին և պահակազոր կարգեցին։
🏠 Գլխավոր էջ