🏠 Գլխավոր էջ Պահված համարներ

Սաղմոս 5 — Պահպանության աղոթք

Երգողների գլխավորին։ Նխիլոթի վրա։ Դավթի սաղմոս։
⬅ Վերադառնալ
1 Ականջ դիր իմ խոսքերին, ո՛վ Տեր, ուշադրություն դարձրու իմ աղաղակին։ 2 Լսի՛ր իմ աղաղակի ձայնը, ո՛վ իմ Թագավոր և իմ Աստված, որովհետև Քեզ եմ աղաչում։ 3 Տե՛ր, առավոտյան կլսես իմ ձայնը։ Առավոտյան աղոթքս Քո առաջ կդնեմ և կսպասեմ։ 4 Որովհետև Դու անօրենություն հավանող Աստված չես, չարը Քեզ մոտ չի բնակվի։ 5 Ամբարտավանները Քո աչքերի առաջ չեն կանգնի։ Դու ատում ես բոլոր անօրենություն գործողներին։ 6 Դու կկորցնես սուտ խոսողներին։ Արյունահեղ և նենգ մարդուց Տերը գարշում է։ 7 Բայց ես Քո մեծ ողորմությամբ Քո տունը կմտնեմ և կերկրպագեմ Քո սուրբ տաճարում քո երկյուղով։ 8 Տե՛ր, առաջնորդիր ինձ Քո արդարությամբ իմ թշնամիների պատճառով։ Քո ճանապարհը հարթիր իմ առաջ։ 9 Որովհետև նրանց բերանում ճշմարտություն չկա, նրանց ներսը չարություն է։ Նրանց կոկորդը բաց գերեզման է, իրենց լեզվով նենգություն են անում։ 10 Դատապարտի՛ր նրանց, ո՛վ Աստված։ Թող նրանք ընկնեն իրենց խորհուրդներից։ Նրանց բազմաթիվ հանցանքների պատճառով հեռացրո՛ւ նրանց, որովհետև Քո դեմ ապստամբեցին։ 11 Բայց թող ուրախանան բոլոր նրանք, ովքեր Քեզ են ապավինում։ Թող հավիտյան ցնծան, որովհետև Դու պաշտպանում ես նրանց։ Քո անունը սիրողները թող ուրախանան Քեզանով։ 12 Որովհետև Դու կօրհնես արդարին, ո՛վ Տեր, Քո բարեհաճությամբ վահանի պես կշրջապատես նրան։