Մատթեոս 23․ Կեղծավոր դպիրները։
⬅ Վերադառնալ
1
Այդ ժամանակ Հիսուսը խոսեց ժողովրդի և Իր աշակերտների հետ ու ասաց.
2
«Մովսեսի աթոռի վրա նստել են դպիրներն ու փարիսեցիները։
3
Ուստի, ամեն ինչ, ինչ որ ձեզ ասեն պահել, պահեցե՛ք և արե՛ք, բայց մի՛ վարվեք նրանց գործերի պես, որովհետև նրանք ասում են, բայց չեն անում։
4
Ծանր և դժվարին բեռներ են կապում ու դնում մարդկանց ուսերին, բայց իրենց մատով իսկ չեն ուզում շարժել դրանք։
5
Եվ իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարում․ իրենց գրապանակներն են լայնացնում և իրենց հանդերձների քղանցքները մեծացնում:
6
Նրանք սիրում են ընթրիքներում առաջին տեղերը, ժողովարաններում՝ առաջին աթոռները, հրապարակներում՝ բարևները
7
Եվ մարդկանց կողմից՝ “Ռաբբի, Ռաբբի” կոչվելը։
8
Բայց դուք թույլ մի տվեք, որ ձեզ “Ռաբբի” կոչեն, որովհետև մեկն է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոսը, և դուք բոլորդ եղբայրներ եք:
9
Եվ երկրի վրա ոչ ոքի մի՛ կոչեք ձեզ “հայր”, որովհետև մեկն է ձեր Հայրը՝ Նա, ով երկնքում է:
10
Ոչ էլ “ուսուցիչներ” կոչվեք, որովհետև մեկն է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոսը։
11
Ձեզնից ամենամեծը թող լինի ձեր ծառան:
12
Ով իր անձը բարձրացնի՝ կխոնարհեցվի, և ով իր անձը խոնարհեցնի՝ կբարձրացվի:
13
Վա՜յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ փակում եք երկնքի արքայությունը մարդկանց առջև․ դուք չեք մտնում և փափագողներին էլ թույլ չեք տալիս մտնել:
14
Վա՜յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ ուտում եք որբևայրիների տները և ցուցադրաբար երկար աղոթքներ եք անում․ դրա համար խստորեն եք պատժվելու։
15
Վա՜յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ անցնում եք ծովն ու ցամաքը, որպեսզի մեկին նորահավատ դարձնեք, ու երբ ստացվում է, նրան ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։
16
Վա՜յ ձեզ, կույր առաջնորդներ, որ ասում եք․ “ թե ով երդվում է տաճարով հոգ չէ, բայց ով որ տաճարի ոսկով է երդվում՝ պարտական է”:
17
Անմիտներ և կույրեր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին:
18
Նաև ասում եք․ “Ով որ սեղանով է երդվում՝ հոգ չէ, բայց ով որ դրա վրա եղած ընծայով է երդվում՝ պարտական է:”
19
Անմիտներ և կույրեր, ի՞նչն է ավելի մեծ՝ ընծա՞ն, թե զոհասեղանը, որ սրբագործում է ընծան:
20
Արդ, ով երդվում է զոհասեղանով, նա երդվում է նրանով և բոլոր այն բաներով, որոնք նրա վրա են:
21
Եվ ով տաճարով է երդվում՝ նա երդվում է և՛ տաճարով, և՛ նրանում բնակվողով:
22
Եվ ով որ երկնքով է երդվում՝ նա երդվում է Աստծո աթոռով և նրա վրա նստողով:
23
Վա՜յ ձեզ կեղծավորներ՝ դպիրներ և փարիսեցիներ, որովհետև դուք տալիս եք անանուխի, սամիթի և չամանի տասանորդը, բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը՝ արդարությունը, ողորմությունը և հավատքը։ Դրանք պետք էր կատարել և մյուսներն էլ՝ պահել:
24
Կո´ւյր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս:
25
Վա՜յ ձեզ կեղծավորներ՝ դպիրներ և փարիսեցիներ, որովհետև դուք մաքրում եք բաժակի և ափսեյի դրսի կողմը, բայց ներսը լի է հափշտակությամբ և անժուշկալությամբ:
26
Կույր փարիսեցի, նախ և առաջ մաքրիր բաժակի և ափսեյի ներսը, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի:
27
Վա՜յ ձեզ կեղծավորներ՝ դպիրներ և փարիսեցիներ, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսում լի են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ պղծությամբ:
28
Այդպես էլ դուք՝ արտաքուստ արդար եք երևում մարդկանց, բայց ներսում լի եք կեղծավորությամբ և անօրենությամբ:
29
Վա՜յ ձեզ կեղծավորներ՝ դպիրներ և փարիսեցիներ, որ շինում եք մարգարեների գերեզմաններն ու արդարների շիրիմները զարդարում:
30
Եվ ասում եք․ “Եթե մենք լինեինք մեր հայրերի ժամանակներում, նրանց հետ մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի”:
31
Ուրեմն ինքներդ ձեր մասին վկայում եք, որ մարգարեներին սպանողների որդիներ եք:
32
Արդ դուք լրացրեք ձեր հայրերի բաց թողածը:
33
Օձե´ր, իժերի´ զավակներ, ինչպես պիտի փախչեք գեհենի դատաստանից:
34
Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների, իմաստունների և դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք ու խաչը հանելու, ոմանց ձեր ժողովարաններում ծեծելու և քաղաքից քաղաք հալածելու եք:
35
Այդպես ձեզ վրա է ընկնելու երկրի վրա թափված ամեն արդար արյան պատասխանատվությունը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի միջև:
36
Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս ամենը կգա այս սերնդի վրա:
37
Երուսաղեմ, Երուսաղեմ, որ մարգարեներին սպանում ես և քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին. քանի անգամ կամեցա քո զավակներին հավաքել, ինչպես հավը իր ձագերին է հավաքում իր թևերի տակ, բայց դուք չկամեցաք:
38
Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի
39
Քանզի ասում եմ ձեզ, որ այսուհետ ինձ չեք տեսնի, մինչև չասեք․ “Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը” (Սաղ. 118.26, Մտթ.21.9)»: