Սաղմոս 6 — Աղոթք ողորմության և բժշկության համար
Երգողների գլխավորին։ Նիկինոթով, ութերորդ լարով։ Դավթի սաղմոս։
⬅ Վերադառնալ
1
Տե՛ր, Քո բարկությամբ ինձ մի՛ հանդիմանիր և Քո սրտմտությամբ ինձ մի՛ պատժիր։
2
Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև տկար եմ։ Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև մինչև ոսկորներս ցնցվում եմ։
3
Իմ անձը խիստ ցնցվում է։ Իսկ Դու, ո՛վ Տեր, մինչև ե՞րբ...
4
Վերադարձի՛ր, Տե՛ր, փրկի՛ր իմ անձը։ Ազատի՛ր ինձ, քանի որ ողորմած ես։
5
Որովհետև մահվան մեջ Քեզ հիշատակող չկա։ Գերեզմանում ո՞վ պիտի գոհություն հայտնի Քեզ։
6
Հոգնեցի իմ հառաչանքներից։ Ամեն գիշեր լվանում եմ իմ անկողինը և իմ արտասուքներով թրջում եմ իմ մահիճը։
7
Աչքս մաշվեց տրտմությունից և տկարացավ իմ թշնամիների պատճառով։
8
Հեռացե՛ք ինձանից, ո՛վ բոլոր անօրենություն գործողներ, որովհետև Տերը լսեց իմ լացի ձայնը։
9
Տերը լսեց իմ աղաչանքը, Տերն ընդունեց իմ աղոթքը։
10
Թող ամաչեն և խիստ սարսափեն իմ բոլոր թշնամիները։ Թող ետ դառնան և հանկարծ ամոթահար լինեն։