Գլխավոր Պահվածներ

Սաղմոս 14 — Մարդու անզգամությունը

Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։
⬅ Վերադառնալ
1 Անզգամն իր սրտում ասաց. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց գործերով, բարություն անող չկա։ 2 Տերը երկնքից նայեց մարդկանց որդիների վրա՝ տեսնելու, թե կա՞ արդյոք մի իմաստուն, որ Աստծուն է փնտրում։ 3 Բոլորը խոտորվեցին, միասին ապականվեցին։ Բարություն անող չկա, նույնիսկ մեկը չկա։ 4 Մի՞թե չեն հասկանում բոլոր անօրենություն գործողները, որոնք Իմ ժողովրդին ուտում են, ինչպես հացն են ուտում և Տիրոջը չեն կանչում։ 5 Այնտեղ նրանք սարսում են վախից, որովհետև Աստված արդարների սերնդի հետ է։ 6 Ձախողում եք աղքատի խորհուրդը, բայց Տերը նրա ապավենն է։ 7 Օ՜, թե Սիոնից գար Իսրայելի փրկությունը։ Երբ Տերը վերադարձնի Իր ժողովրդի գերությունը, Հակոբը կցնծա և Իսրայելը կուրախանա։