Քրիստոսը կանխավ իմացնում է տաճարի կործանումը։ Հալածանքներ, պատերազմներ։ Ավետարանի քարոզությունը։ Պատվիրում է արթուն լինել։
⬅ Վերադառնալ
1
Եվ երբ Հիսուսը տաճարից դուրս էր գալիս, Նրա աշակերտներից մեկն ասաց Նրան. «Վարդապե՛տ, տե՛ս ինչպիսի՜ քարեր և ինչպիսի՜ շինություններ են»։
2
Հիսուսը նրան պատասխան տվեց և ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինությունները. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդտեղ քարը քարի վրա չպիտի թողնվի, ամբողջը պիտի քանդվի»։
3
Եվ երբ Նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա՝ տաճարի դիմաց, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը և Անդրեասը առանձին հարցրին Նրան.
4
«Ասա՛ մեզ, ե՞րբ կլինի այդ, և ի՞նչ նշան կլինի, երբ այս ամենը կատարվելու լինի»։
5
Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Զգո՛ւյշ մնացեք՝ ոչ ոք ձեզ չմոլորեցնի,
6
որովհետև շատերը պիտի գան իմ անունով և ասեն՝ “Ես եմ Քրիստոսը” և շատերին պիտի մոլորեցնեն։
7
Երբ լսեք պատերազմների ձայների և պատերազմների լուրերի մասին, մի՛ խռովվեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, բայց դեռ վերջը չէ։
8
Որովհետև ազգ ազգի դեմ կելնի և թագավորություն՝ թագավորության դեմ. տեղ-տեղ երկրաշարժեր կլինեն, սովեր, համաճարակներ և խռովություններ կլինեն։ Սրանք ցավերի սկիզբն են։
9
Ձեզ էլ դատարաններ կհանձնեն, և ժողովարաններում ծեծի կենթարկվեք, իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կկանգնեք՝ վկայություն տալու նրանց և բոլոր հեթանոսներին։
10
Բայց նախ պետք է Ավետարանը քարոզվի բոլոր ազգերին։
11
Եվ երբ ձեզ տանեն դատարան հանձնելու, նախապես մի՛ մտահոգվեք և մի՛ մտածեք, թե ի՛նչ պիտի խոսեք, այլ ինչ որ այդ ժամին ձեզ տրվի, ա՛յդ խոսեք, որովհետև դո՛ւք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին։
12
Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, և որդիները ծնողների դեմ կելնեն ու կսպանեն նրանց:
13
Եվ Իմ անվան պատճառով բոլորը ձեզ կատեն. բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի»։
14
«Երբ տեսնեք “ավերածության պղծությունը”՝ կանգնած այնտեղ, ուր չպետք է լինի, (ով կարդում է, թող հասկանա), այն ժամանակ Հրեաստանում եղողները թող փախչեն լեռները։
15
Ով տանիքի վրա է, թող ներքև չիջնի և տուն չմտնի՝ իր տնից որևէ բան վերցնելու,
16
և ով արտում է, թող հետ չդառնա՝ իր հանդերձը վերցնելու։
17
Բայց վա՜յ հղիներին և կերակրող մայրերին այդ օրերին։
18
Աղոթեցե՛ք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի։
19
Այդ օրերը պիտի լինեն այնպիսի նեղության օրեր, որոնց նման արարչագործության սկզբից մինչև այժմ երբեք չի պատահել և ոչ էլ կպատահի։
20
Եվ եթե Տերը իր ընտրյալների համար չկարճացներ այդ օրերը, ոչ մի մարմին չէր փրկվի. բայց ընտրյալների համար, որոնց ընտրեց, Նա կարճացրեց այդ օրերը։
21
Այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի՝ ահա Քրիստոսը այստեղ է կամ ահա այնտեղ է, չհավատաք։
22
Որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ պիտի ելնեն, նշաններ ու հրաշքներ պիտի ցույց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։
23
Բայց դուք զգուշացե՛ք. ահա ամեն բան նախապես ասացի ձեզ»։
24
«Բայց այդ օրերին, այդ նեղությունից հետո, արևը կխավարի, լուսինը իր լույսը չի տա։
25
Եվ երկնքի աստղերը կընկնեն, ու երկնքում եղող զորությունները կշարժվեն։
26
Այդ ժամանակ կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով (Դան. 7.13)՝ զորությամբ ու մեծ փառքով։
27
Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը»։
28
«Բայց դուք թզենու օրինակո՛վ սովորեք դասը. երբ նրա ճյուղերը հետզհետե արդեն փափկում են և տերևներ են արձակում, իմանում եք, որ ամառը մոտ է։
29
Նույնպես և դուք, երբ այս բոլորը կատարված տեսնեք, իմացե՛ք, որ Մարդու Որդին դռների մոտ է։
30
Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս սերունդը չի անցնի, մինչև այս ամենը կատարվի։
31
Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի»։
32
«Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։
33
Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացե՛ք և աղոթեցե՛ք, որովհետև չգիտեք, թե երբ է ժամանակը։
34
Նման կլինի այն իրավիճակին, որ մի մարդ, ուրիշ երկիր գնալով, թողնի իր տունն ու իր ծառաներին իշխանություն տա. յուրաքանչյուրին՝ իր գործը, դռնապանին էլ պատվիրի, որ արթուն լինի։
35
Արդ, արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա՝ երեկոյա՞ն, կեսգիշերի՞ն, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան։
36
Չլինի թե հանկարծակի գա և ձեզ քնի մեջ գտնի։
37
Եվ ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում. արթո՛ւն կացեք»։