Մատթեոս 22․ Հարսանիքի առակը։ Հերովդեսականները։ Սադուկեցիները։

⬅ Վերադառնալ
1 Եվ Հիսուսը դարձյալ խոսեց նրանց հետ առակներով և ասաց։ 2 «Երկնքի արքայությունը նման մի թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ 3 Նա իր ծառաներին ուղարկեց, հրավիրյալներին հարսանիքի կանչելու, բայց նրանք չկամեցան գալ։ 4 Կրկին ուրիշ ծառաներ ուղարկեց և ասաց. «Ասե՛ք հրավիրյալներին. “Ահա իմ ճաշը պատրաստեցի, իմ եզները և պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ պատրաստ է. եկե՛ք հարսանիքի” »։ 5 Իսկ նրանք, անտեսելեվ հեռացան. մեկը գնաց իր արտը, իսկ մյուսն՝ իր առևտրին: 6 Իսկ մնացածները, բռնելով նրա ծառաներին, վիրավորեցին և սպանեցին նրանց: 7 Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը: 8 Այդ ժամանակ նա իր ծառաներին ասաց․ “հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին: 9 Արդ, գնացեք ճանապարհների խաչմերուկները և ում էլ որ գտնեք, հարսանիքի հրավիրեք ”: 10 Եվ ծառաները դուրս գնացին դեպի ճանապարհները, ժողովեցին բոլորին ում գտան, և չարերին և բարիներին և հարսանիքը լցվեց հյուրերով: 11 Երբ թագավորը մտավ, որպեսզի նայի հյուրերին, այնտեղ մի մարդու տեսավ, որը հարսանիքի հանդերձ չէր հագել: 12 Եվ նա ասաց նրան․ “ընկեր, ինչպե՞ս ես այստեղ մտել, երբ հարսանիքի հանդերձ չունես։ Եվ նա պապանձվեց ”: 13 Այն ժամանակ թագավորը ասաց ծառաներին․ “կապեցեք նրա ձեռքերն ու ոտքերը, վերցրեք նրան և դուրս գցեք դուրս՝ խավարի մեջ. այնտեղ կլինի լաց և ատամների կրճոտցը: 14 Որովհետև շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված ”»: 15 Այդ ժամանակ փարիսեցիները գնացին և խորհուրդ արեցին Հիսուսի դեմ, թե ինչպես կարող են խոսքերով ծուղակը գցել Նրան: 16 Եվ իրենց աշակերտներին Հերովդեսականների հետ ուղարկեցին Նրա մոտ և ասացին․ «Վարդապետ, մենք գիտենք, որ դու ճշմարիտ ես, և Աստծո ճանապարհն ուսուցանում ես ճշմարտությամբ, և ոչ մեկից չես վախենում, որովհետև երեսպաշտություն չես անում: 17 Արդ, ասա մեզ, ինչպե՞ս ես կարծում․ Կայսրին հարկ տա՞լը օրինավո՞ր է, թե՞ ոչ»: 18 Եվ Հիսուսը, նրանց խորամանկ մտադրությունն իմանալով, ասաց․ «ինչո՞ւ եք փորձում ինձ, կեղծավորնե՛ր։ 19 Ցույց տվեք ինձ հարկի դինարը»։ Եվ նրանք բերեցին ու Հիսուսին տվեցին մեկ դինար։ 20 Եվ նրանց ասաց․ «Այս պատկերը և գրությունն ո՞ւմն է »։ Նրան պատասխանեցին՝ «Կայսրինը»։ 21 Այդ ժամանակ նրանց ասաց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսրին և Աստծունը՝ Աստծուն»։ 22 Եվ երբ լսեցին, զարմացան, թողեցին Նրան ու գնացին: 23 Այդ օրը Հիսուսի մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ 24 Եվ ասացին․ «Վարդապետ, Մովսեսն ասել է՝ “եթե մի մարդ անզավակ մահանա, նրա եղբայրը թող նրա կնոջն առնի և իր եղբոր համար զավակ բերի” (Բ Օր. 25.5): 25 Մեզ մոտ յոթ եղբայրներ կային․ Առաջինը կին առավ ու մեռավ և քանի որ զավակ չուներ, իր կնոջը թողեց իր եղբորը։ 26 Նույն կերպ էլ երկրորդ եղբայրը, երրորդը՝ մինչև յոթերորդը 27 Բոլորից հետո նաև կինը մահացավ: 28 Հիմա հարության ժամանակ նա այդ յոթից որի՞ կինը կլինի, որովհետև բոլորն էլ նրան կնության առան»։ 29 Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց․ «Մոլորված եք, որովհետև չեք հասկանում ո´չ Սուրբ գիրքը, ո´չ էլ Աստծո զորությունը։ 30 Քանզի հարության ժամանակ ո´չ կին են առնելու ո´չ էլ ամուսին, այլ կլինեն ինչպես Աստծո հրեշտակները երկնքում: 31 Իսկ մեռելների հարության մասին չէ՞ք կարդացել այն, ինչ Աստված ասաց ձեզ. 32 “Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, և Հակոբի Աստվածը”(Ելք 3.6)։ Աստված մեռելների Աստված չէ, այլ ողջերի»: 33 Եվ ժողովուրդը լսելով՝ զարմանում էր Նրա վարդապետության վրա: 34 Բայց երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, միմյանց մոտ հավաքվեցին։ 35 Եվ նրանցից մեկը՝ օրենքի գիտակ, Նրան փորձելու համար հարցրեց և ասաց. 36 «Վարդապե´տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»: 37 Եվ Հիսուսը նրան ասաց․ « “ Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով”:(Բ Օր. 6.5): 38 Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը: 39 Եվ երկրորդն էլ սրա նման է․ “Սիրիր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ”(Ղևտ. 19.18, Մտթ. 5.43): 40 Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»: 41 Երբ փարիսեցիները հավաքված էին, Հիսուսը նրանց հարցրեց և ասաց. 42 «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին․ ո՞ւմ որդին է Նա»։ Նրան պատասխանեցին՝ Դավթի։ 43 Նա նրանց ասաց․« Ապա ինչպե՞ս է, որ Դավիթը հոգով Նրան “Տեր” է կոչում՝ ասելով. 44 “Տերն իմ Տիրոջն ասաց․ Նստի´ր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ” (Սաղ.110.1)։ 45 Արդ, եթե Դավիթը Նրան “Տեր” է կոչում, ապա ինչպես՞ է Քրիստոսը նրա որդին»: 46 Եվ ոչ ոք չէր կարողանում Նրան պատասխանել և այդ օրվանից հետո էլ ոչ ոք չէր համարձակվում Նրան մի բան հարցնել:
🏠 Գլխավոր էջ