Մատթեոս 19․ Քրիստոսի վարդապետությունը ամուսնալուծության և հարստության մասին։

⬅ Վերադառնալ
1 Երբ Հիսուսն ավարտեց այս խոսքերը, դուրս եկավ Գալիլեայից և եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը: 2 Եվ շատ ժողովուրդներ էին գնում Նրա հետևից, և նրանց այնտեղ բժշկում էր: 3 Եվ փարիսեցիները եկան Նրա մոտ ու փորձելով հարցրին Նրան. «Արժա՞ն է արդյոք, որ մարդն արձակի իր կնոջն առանց որևէ պատճառի»: 4 Նա էլ պատասխանեց և ասաց նրանց. «Չե՞ք կարդացել, որ Արարիչը սկզբից արու և էգ ստեղծեց նրանց ու ասաց. 5 «Դրա համար մարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն», 6 որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Ուրեմն այն, ինչ Աստված միացրեց, թող մարդը չբաժանի»: 7 Նրան ասացին. «Ուրեմն ինչո՞ւ Մովսեսը պատվիրեց մեզ տալ արձակման թուղթ և արձակել»: 8 Նրանց ասաց. «Մովսեսը ձեր քարասրտության պատճառով թույլատրեց ձեզ ձեր կանանց արձակել, բայց սկզբում այդպես չի եղել: 9 Եվ Ես ասում եմ ձեզ, որ ամեն մարդ, ով արձակում է իր կնոջն առանց պոռնկության պատճառի, և ուրիշ կնոջ է առնում, շնություն է գործում։ Եվ այն մարդը, որ առնում է արձակված կնոջ, նույնպես շնություն է գործում» (Մտթ. 5.31)։ 10 Աշակերտներն ասացին Նրան. «Եթե ամուսնու հարաբերությունը կնոջ հետ այդպիսին է, ապա ավելի լավ է չամուսնանալ»։ 11 Հիսուսն էլ ասաց նրանց. «Ոչ բոլորն են դրան ընդունակ, այլ նրանք, ում տրված է։ 12 Որովհետև կան ներքինիներ, որոնք այդպես են ծնվել մոր որովայնից։ Եվ կան ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձվել։ Եվ կան ներքինիներ էլ, որոնք իրենք իրենց ներքինի են դարձրել երկնքի արքայության համար։ Ով կարող է այս ճանապարհով ընթանալ, թող ընթանա»։ 13 Այդ ժամանակ երեխաներ բերեցին Նրա մոտ, որպեսզի Նա ձեռքը դնի նրանց վրա և աղոթի։ Իսկ աշակերտները հանդիմանում էին նրանց: 14 Բայց Հիսուսն ասաց. «Թույլ տվեք այդ երեխաներին և մի արգելեք նրանց Ինձ մոտ գալ, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը»։ 15 Եվ ձեռքը դրեց նրանց վրա ու այնտեղից գնաց։ 16 Եվ ահա մեկը մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Բարի Վարդապետ, ի՞նչ բարի գործ պետք է անեմ, որպեսզի ունենամ հավիտենական կյանք»։ 17 Նա էլ նրան ասաց. «Ի՞նչու ես ինձ բարի կոչում. Ոչ ոք է բարի, բայց միայն մեկն՝ Աստված։ Բայց եթե ուզում ես կյանք մտնել, պահիր պատվիրանները»։ 18 Նա էլ Նրան ասաց. «Ո՞ր պատվիրանները»։ Եվ Հիսուսն ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնացիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, 19 Պատվիր քո հորն ու մորը, և սիրիր քո ընկերոջը քո անձի պես»(Ելք 20:13-16,12, Բ Օրինաց 5:17-20, 16, Ղևտ. 19.18)։ 20 Պատանին նրան ասաց. «Այդ ամենը իմ մանկությունից ի վեր պահել եմ. էլ ի՞նչ է ինձ պակասում»: 21 Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա ունեցվածքդ ծախիր ու տուր աղքատներին, և երկնքում գանձ կունենաս. ու եկ Ինձ հետևիր»։ 22 Երբ պատանին այս խոսքը լսեց, տրտմած հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ: 23 Եվ Հիսուսն ասաց Իր աշակերտներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ է մտնելու երկնքի արքայությունը: 24 Բայց դարձյալ ասում եմ ձեզ. ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի ծակով անցնի, քան թե հարուստը մտնի Աստծո արքայություն: 25 Եվ երբ Նրա աշակերտները լսեցին դա, շատ զարմացան և ասացին. «Ապա ո՞վ կարող է փրկվել»։ 26 Հիսուսը նրանց նայելով ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծո համար ամեն բան հնարավոր է»: 27 Այդ ժամանակ Պետրոսը պատասխանեց և ասաց Նրան. «Ահա մենք ամեն բան թողեցինք և Քո հետևից եկանք. իսկ ի՞նչ կլինի մեզ»։ 28 Հիսուսն էլ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք՝ ովքեր հետևել եք Ինձ, երբ Մարդու Որդին երկրորդ գալստյանը նստի Իր փառքի աթոռի վրա, դուք էլ կնստեք տասներկու աթոռների վրա՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու։ 29 Ամեն ոք, ով Իմ անունի համար թողնի տունը, կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ որդիներին, կամ արտեր, կստանա հարյուրապատիկը, և կժառանգի հավիտենական կյանք: 30 Շատ առաջիններ վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ»։
🏠 Գլխավոր էջ