Մատթեոս 6․ Քրիստոսի քարոզի շարունակությունը։
⬅ Վերադառնալ
1
Զգույշ կացեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առաջ չանեք, նրանց ցույց տալու համար, այլապես վարձք չեք ունենա ձեր Հորից, որ երկնքում է:
2
Արդ, երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առաջ, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում և փողոցներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից. ճշմարիտն ասում եմ ձեզ՝ նրանք իրենց վարձն ստացել են:
3
Բայց դու, երբ ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է գործում քո աջը.
4
Որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկ տեղը, հայտնապես կհատուցի քեզ:
5
Երբ աղոթոք անես, չլինես ինչպես կեղծավորները, որոնք սիրում են աղոթել ժողովարաններում և հրապարակների անկյուններում, որպեսզի տեսանելի լինեն մարդկանց առաջ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձքն արդեն ստացել են:
6
Բայց դու, երբ աղոթես, մտիր քո սենյակը, փակիր դուռդ, աղոթիր քո Հորը, Եվ քո Հայրը, որը տեսնում է ծածուկը, կհատուցի քեզ հայտնապես:
7
Երբ աղոթում եք, շատախոս մի՛ եղեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսելու համար լսելի կլինեն:
8
Արդ, նրանց նման մի՛ եղեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ բաներ են ձեզ պետք, նախքան Նրանից կխնդրեք:
9
Ուրեմն այսպե՛ս աղոթեք. Հա՛յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը,
10
քո արքայությունը թող գա, քո կամքը թող լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։
11
Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը:
12
Եվ Ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտապաններին։
13
Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։
14
Որովհետև, եթե դուք մարդկանց իրենց հանցանքները թողնեք, ձեր Երկնավոր Հայրն էլ ձեզ կների:
15
Իսկ եթե դուք մարդկանց չթողեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ չի թողնի ձեր հանցանքները:
16
Եվ երբ որ ծոմ եք պահում, մի՛ տրտմեք, ինչպես կեղծավորները, որովհետև նրանք իրենց երեսները խոժոռում են, որպեսզի մարդկանց ծոմ պահող երևան։ Ճշմարիտն ասում եմ ձեզ, նրանք իրենց վարձը ստացել են:
17
Բայց դու, երբ ծոմ ես պահում, գլուխդ օծիր և երեսդ լվա.
18
Որ մարդկանց ծոմ պահող չերևաս, այլ քո Հորը, որը ծածուկումն է. և քո Հայրը, որը տեսնում է ծածուկը, կհատուցի քեզ հայտնապես։
19
Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։
20
Այլ ձեզ համար գանձեր դիզե՛ք երկնքում, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն փչացնում, ո՛չ էլ գողերն են սողոսկում և գողանում:
21
Որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ կլինի նաև ձեր սիրտը։
22
Մարմնի ճրագը աչքն է.արդ, եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի.
23
Բայց եթե քո աչքը չար լինի, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Ուրեմն, եթե այն լույսը, որ քո մեջ է, խավար է, ապա խավարը որքան ավելի մեծ կլինի։
24
Ոչ ոք չի կարող երկու տերերին ծառայել, որովհետև կամ մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող Աստծուն ծառայել և մամոնային։
25
Սրա համար ասում եմ ձեզ. մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՞նչ պիտի ուտեք և ի՞նչ պիտի խմեք, և ո՛չ ձեր մարմնի համար, թե ի՞նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը, և մարմինն ավելին է քան հագուստը։
26
Նայեք երկնքի թռչուններին. նրանք ոչ սերմանում են, ոչ հնձում, ոչ էլ ամբարների մեջ են ժողովում, բայց ձեր Երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։
27
Հիմա ձեզանից ո՞վ կարող է հոգալով իր հասակի վրա ևս մեկ կանգուն ավելացնել։
28
Եվ հագուստի համար ինչու՞ եք հոգս անում. Նայեք վայրի շուշաններին, թե ինչպես են մեծանում. նրանք ոչ ջանք են գործադրում, ոչ էլ մանում։
29
Բայց ասում եմ ձեզ, որ անգամ Սողոմոնն իր ողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։
30
Իսկ եթե դաշտի խոտին, որը այսօր կա և վաղը փուռն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքա՞ն առավել ձեզ կհագցնի, թերահավատներ։
31
Ուրեմն, մի՛ մտահոգվեք՝ ասելով, թե ի՛նչ պիտի ուտենք, կամ ի՛նչ պիտի խմենք, կամ ի՛նչ պիտի հագնենք,
32
Որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. իսկ ձեր Երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը անհրաժեշտ է ձեզ։
33
Դուք նախ և առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը փնտրեք, և այդ ամենը կտրվի ձեզ ավելիով։
34
Արդ, վաղվա մասին մի՛ հոգացեք, որովհետև վաղվա օրն իր հոգսերն ունի. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են։