Մատթեոս 4․ Քրիստոսի ծոմը։ Պետրոս և Անդրեաս։ Հակոբոս և Հովհաննէս։
⬅ Վերադառնալ
1
Դրանից հետո Հիսուսը Սուրբ Հոգու կողմից անապատ տարվեց, որ փորձվի սատանայից:
2
Ու քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց։
3
Եվ փորձիչը Նրան մոտենալով ասաց. «Եթե Աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց դառնան»։
4
Նա պատասխանեց և ասաց. «Գրված է.“Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլ ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից” (Բ Օր. 8.3)»։
5
Ապա սատանան նրան տարավ սուրբ քաղաքը, և կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա:
6
Եվ ասաց Նրան. «Եթե Աստծու որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, որովհետև գրված է. “Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես” (Սաղ. 90(91).11ա, 12)»
7
Հիսուսը նրան դարձյալ ասաց. «Գրված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն” (Բ Օր. 6.16)»։
8
Դարձյալ սատանան Նրան տարավ մի շատ բարձր սար և ցույց տվեց Նրան աշխարհի բոլոր թագավորությունները և նրանց փառքը։
9
Եվ ասաց Նրան. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով երկրպագես ինձ»։
10
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հեռու՛ գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։
11
Ապա սատանան թողեց նրան, և ահա հրեշտակներ մոտեցան և ծառայում էին Հիսուսին։
12
Եվ երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը մատնվեց, հեռացավ և գնաց Գալիլեա։
13
Եվ Նազարեթը թողնելով՝ եկավ բնակվեց ծովեզրյա Կափառնայումում, Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում։
14
Որ կատարուի Եսայի մարգարեի միջոցով ասվածը, որը ասում է.
15
«Զաբուղոնի երկիր և Նեփթաղիմի երկիր, ծովի ճանապարհ և Հորդանանի այն կողմը, հեթանոսներով բնակեցված Գալիլեա։
16
Այն ժողովուրդը, որ խավարի մեջ էր նստում, մեծ լույս տեսավ, և լույս ծագեց նրանց համար, որ ապրում էին ստվերով պարուրված մահվան աշխարհում» (Ես. 8.23բ–9.1)։
17
Այնուհետև Հիսուսն սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։
18
Եվ Հիսուսը Գալիլեայի ծովի եզերքով քայլելիս տեսավ երկու եղբոր՝ Սիմոնին, որը կոչվում էր Պետրոս, և նրա եղբայր Անդրեասին, ովքեր ծովում ցանց էին նետում, քանի որ ձկնորս էին:
19
Հիսուսը նրանց ասաց. «Եկե՛ք Իմ հետևից, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»։
20
Եվ նրանք անմիջապես թողեցին իրենց ուռկանները ու գնացին Նրա հետևից:
21
Այնտեղից առաջանալով Հիսուսը տեսավ ուրիշ երկու եղբայրների՝ Զեբեդոսի որդի Հակոբոսին, և նրա եղբայր Հովհաննեսին, որոնք Զեբեդեոսի հետ նավի մեջ էին և իրենց ցանցերը կարգի էին բերում, և կանչեց նրանց:
22
Նրանք ևս անմիջապես թողեցին նավն ու իրենց հորը ու գնացին Նրա հետևից:
23
Եվ Հիսուսը շրջում էր ամբողջ Գալիլեայում՝ ուսուցանում նրանց ժողովարաններում, Աստծո արքայության ավետարանը քարոզում, և ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը բժշկում:
24
Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքով մեկ: Հիսուսի մոտ բերեցին բոլոր հիվանդներին, ովքեր տառապում էին տարբեր ցավերից և տանջանքներից՝ դիվահարների, լուսնոտների, անդամալույծների։ Եվ նա բժշկում էր նրանց:
25
Եվ նրա հետևից գնում էին մեծ բազմություններ Գալիլեայից, Դեկապոլիսից, Երուսաղեմից, Հրեաստանից և Հորդանանի մյուս կողմից: