Մատթեոս 18․ Քրիստոսը պատվիրում է խոնարհ լինել։ Հովվի և պարտատեր ծառայի առակները։

⬅ Վերադառնալ
1 Այդ նույն ժամին աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Ո՞վ է ավելի մեծ երկնքի արքայության մեջ»։ 2 Եվ Հիսուսը, մի երեխա կանչելով Իր մոտ, նրան կանգնեցրեց աշակերտների մեջտեղում։ 3 Եվ ասաց.«Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք և չդառնաք երեխաների նման, երկնքի արքայություն չեք մտնի: 4 Արդ, ով իր անձը այս երեխայի նման խոնարհեցնի, նա է մեծը երկնքի արքայության մեջ» 5 Եվ ով Իմ անունով այսպիսի մի երեխայի ընդունի, ինձ է ընդունում: 6 Եվ ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որ հավատում է Ինձ, ավելի լավ կլիներ նրա համար, եթե նրա վզից կախեին աղացքար և նա ծովի հատակը սուզվի: 7 Վայ աշխարհին գայթակղությունների պատճառով. որովհետև անհրաժեշտ է, որ գայթակղությունները գան, սակայն վա՛յ այն մարդուն, որի միջոցով գայթակղությունը կգա: 8 Եվ եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր այն և հեռացրու քեզանից. ավելի լավ է քեզ համար մուտք գործել կյանք՝ կաղ կամ անդամահատ, քան թե ունենալ երկու ձեռք և երկու ոտք ու գցվել հավիտենական կրակի մեջ: 9 Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ , հանիր այն և դեն նետիր. ավելի լավ է քեզ համար մեկ աչքով մտնել կյանք, քան թե ունենալ երկու աչք և կրակի գեհենը գցվել: 10 Զգույշ եղեք, որ այս փոքրերից որևէ մեկին չանարգեք, որովհետև ասում եմ ձեզ, նրանց հրեշտակները երկնքում միշտ տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը: 11 Որովհետև Մարդու Որդին եկավ, որպեսզի փրկի կորածին: 12 Ի՞նչ է թվում ձեզ. եթե մի մարդ ունենա հարյուր ոչխար, և նրանցից մեկը մոլորվի, նա չի՞թողնի իննսունիննին սարերում և գնա մոլորվախծին որոնելու։ 13 Եվ եթե գտնի դրան, ճշմարիտ եմ ասում ձեզ, դրա համար ավելի կուրախանա, քան այն իննսունիննի, որոնք չեն մոլորվել։ 14 Այսպես էլ ձեր երկնավոր Հայրը չի կամենում, որ այս փոքրերից որևէ մեկը կորչի: 15 Եթե քո եղբայրը մեղանչի քո դեմ, գնա և նրան հանդիմանիր, երբ դու և նա մենակ լինեք. եթե քեզ լսի, ապա քո եղբորը շահած կլինես: 16 Իսկ եթե քեզ չլսի, վերցրու քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան հաստատվի։ (Բ Օր. 19:15): 17 Սակայն եթե նրանց էլ չլսի, ասա եկեղեցուն. և եթե եկեղեցուն էլ չլսի, թող լինի քեզ համար հեթանոսի ու մաքսավորի պես: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ երկրի վրա կապեք, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակեք, արձակված կլինի երկնքում: 19 Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզնից երկուսը երկրի վրա մեկ բանի համար միաբանվեն, ինչ որ խնդրեն, կլինի նրանց Իմ Հորից, որ երկնքում է։ 20 Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, Ես այնտեղ` նրանց մեջ եմ»։ 21 Այն ժամանակ Պետրոսը Նրան մոտենալով ասաց. «Տե՛ր, եթե իմ եղբայրը իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ նրան ներեմ՝ մինչև յո՞թ անգամ»։ 22 Հիսուսը նրան ասաց. «Չեմ ասում քեզ՝ մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ: 23 Դրա համար երկնքի արքայությունը նմանվեց մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան: 24 Եվ երբ նա սկսեց հաշիվ տեսնել, նրա մոտ բերվեց մեկը, որը պարտք էր տասը հազար քանքար: 25 Բայց քանի որ չուներ վճարելու, նրա տերը հրամայեց վաճառել իրեն, իր կնոջը, որդիներին, ամբողջ ունեցածը և հատուցել: 26 Եվ ծառան, երեսով գետնին ընկնելով, երկրպագում էր նրան և ասում. “Տե՛ր, համբերատար եղիր իմ նկատմամբ, և ես ամենը կվճարեմ քեզ”: 27 Եվ այդ ծառայի տերը գթաց նրան, արձակեց և պարտքն էլ ներեց նրան: 28 Եվ երբ այդ ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակիցներից մեկին, որը նրան հարյուր դահեկան էր պարտական։ Նա բռնեց նրան, խեղդում էր և ասում. «Վճարիր ինձ այն, ինչ պարտք ես ինձ»։ 29 Նրա ծառայակիցը ընկավ նրա ոտքերի առաջ, աղաչում էր և ասում. “Համբերատար եղիր իմ նկատմամբ, և ես ամենը կվճարեմ քեզ”։ 30 Բայց նա չկամեցավ, այլ գնաց և նրան գցեց բանտ, մինչև որ պարտքը վճարեր: 31 Երբ նորա ծառայակիցները տեսան եղածը, շատ տրտմեցին և եկան ամեն ինչ հայտնեցին իրենց տիրոջը: 32 Այն ժամանակ նրա տերը կանչեց նրան և ասաց. “Չար ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, քանի որ դու աղաչեցիր ինձ: 33 Չպե՞տք է արդյոք դու էլ քո ծառայակցին ողորմած լինեիր, ինչպես ես քեզ ողորմեցի ”։ 34 Եվ նրա տերը, բարկանալով՝ նրան հանձնեց դահիճներին, մինչև որ ամբողջ պարտքը հատուցեր։ 35 Այսպես էլ Իմ Երկնավոր Հայրը կվարվի ձեզ հետ, եթե ձեզնից յուրաքանչյուրն իր եղբորը հանցանքները սրտանց չների»։
🏠 Գլխավոր էջ