Մատթեոս 14․ Հովհաննես Մկրտչի սպանությունը։ Քրիստոսի հրաշքները:

⬅ Վերադառնալ
1 Այդ ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավի մասին 2 Եվ ասաց իր ծառաներին. «Նա Հովհաննես Մկրտիչն է, հարություն է առել մեռելներից, դրա համար էլ նրա միջոցով հրաշքներ են կատարվում»։ 3 Որովհետև Հերովդեսը բռնել էր Հովհաննեսին, կապել և բանտ էր նետել իր եղբոր Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, 4 Որովհետև Հովհաննեսը նրան ասում էր. «Արժանի չէ քեզ, որ նրան ունենաս»։ 5 Եվ նա ուզում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, որովհետև ժողովուրդը Հովհաննեսին որպես մարգարե էր ընդունում: 6 Եվ երբ Հերովդեսի ծննդյան օրը եկավ, Հերովդիայի դուստրը հանդեսի ժամանակ պարեց և դա դուր եկավ Հերովդեսին: 7 Եվ նա երդմամբ խոստացավ աղջկան տալ այն, ինչ որ նա ուզեր: 8 Նա էլ, նախապես իր մորից խրատված լինելով, ասաց. «Տուր այստեղ՝ սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»: 9 Եվ թագավորը տրտմեց, բայց իր երդումների և իր սեղանակիցների պատճառով հրամայեց, որ նրան տրվի: 10 Եվ մարդիկ ուղարկեց, բանտում գլխատել տվեց Հովհաննեսին։ 11 Նրա գլուխը բերեցին սկուտեղի վրա և տվեցին աղջկան։ Նա էլ այն իր մորը տարավ: 12 Եվ նրա աշակերտները եկան, վերցրին Հովհաննեսի մարմինը և թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին: 13 Երբ Հիսուսն այդ լսեց, Նա միայնակ նավով գնաց այնտեղից դեպի մի ամայի տեղ։ Երբ ժողովուրդը լսեց, քաղաքներից ոտքով գնաց Նրա հետևից: 14 Հիսուսը, ցամաք ելնելով, շատ ժողովուրդ տեսավ, գթաց նրանց և բժշկեց հիվանդներին: 15 Եվ երբ երեկո եղավ, աշակերտները եկան Նրա մոտ և ասացին. «Այս տեղն ամայի է, և ժամանակն արդեն անցել է։ Արձակիր ժողովուրդներին, որ գնան գյուղեր և իրենց համար ուտելիք առնեն»: 16 Հիսուսն էլ ասաց նրանց. «Կարիք չկա, որ գնան. Դուք նրանց ուտելիք տվեք»: 17 Նրանք էլ ասացին Հիսուսին. «Մենք այստեղ ոչինչ չունենք, բացի հինգ հացից և երկու ձկից»։ 18 Իսկ Նա ասաց. «Դրանք բերեք այստեղ՝ Իմ մոտ»: 19 Եվ կարգադրեց, որ ժողովուրդը նստի խոտերի վրա։ Եվ հինգ հացն ու երկու ձուկը վերցրեց, նայեց դեպի երկինք, օրհնեց, մաս-մաս արեց, հացերը տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին: 20 Եվ բոլորը կերան և կշտացան, մնացած կտորները հավաքեցին՝ տասներկու զամբյուղ լցված: 21 Եվ ուտողները հինգ հազարի չափ մարդիկ էին՝ չհաշված կանանց և երեխաներին: 22 Հիսուսն իսկույն ստիպեց իր աշակերտներին, որ նավ նստեն և իրենից առաջ լճի մյուս կողմն անցնեն, մինչ ինքն այդ ժողովրդին արձակի: 23 Երբ ժողովրդին արձակեց, բարձրացավ լեռը՝ առանձին աղոթք անելու։ Եվ երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր: 24 Բայց նավը արդեն ծովի մեջտեղում էր, ալեկոծվում էր, որովհետև քամին հակառակ կողմից էր: 25 Գիշերվա չորրորդ պահին, Հիսուսը լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ: 26 Եվ երբ աշակերտները տեսան Նրան ծովի վրայով քայլելիս, շփոթվեցին և ասացին. «Դա ուրվական է» և վախից աղաղակեցին: 27 Եվ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվեք, Ես եմ. մի վախեցեք»: 28 Եվ Պետրոսը պատասխանեց Նրան և ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով Քեզ մոտ գալ»: 29 Նա էլ ասաց. «Եկ»։ Եվ Պետրոսը նավից իջնելով, քայլեց ջրերի վրայով, որպեսզի գա Հիսուսի մոտ: 30 Եվ երբ տեսավ, որ քամին սաստիկ է, վախեցավ. և երբ սկսեց սուզվել, աղաղակեց և ասաց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»: 31 Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»: 32 Եվ երբ նավը մտան, քամին հանդարտվեց: 33 Եվ նավի մեջ եղողները երկրպագեցին Նրան և ասացին․ «Իսկաապես Դու Աստծո Որդին ես»։ 34 Եվ երբ անցան լճի մյուս կողմը, եկան Գեննեսարեթի գավառը: 35 Տեղաբնակները Հիսուսին ճանաչելով, տեղեկացրին ամբողջ շրջակայքին և բոլոր հիվանդներին բերեցին Նրան մոտ: 36 Եվ Նրան աղաչում էին, որ գոնե Նրա հանդերձի ծայրին դիպչեն. և ովքեր որ դիպան, բժշկվեցին:
🏠 Գլխավոր էջ