Մատթեոս 12․ Շաբաթ օրվա մասին. Քրիստոսը բժշկություններ է գործում։ Սուրբ Հոգու դեմ եղած մեղքը:
⬅ Վերադառնալ
1
Այդ ժամանակ Հիսուսը մի շաբաթ օր գնաց արտերի միջով: Նրա աշակերտները քաղց զգացին ու սկսեցին հասկ պոկել և ուտել:
2
Եվ երբ փարիսեցիները դա տեսան, նրան ասացին. «Ահա, քո աշակերտներն անում են այն, ինչ չի թույլատրվում շաբաթ օրը»:
3
Նա էլ ասաց նրանց. «Չէ՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ ինքը և նրա հետ գտնվողները քաղց զգացին:
4
Ինչպես նա մտավ Աստծո տունը և կերավ առաջավորության հացը, որը չէր թույլատրվում ուտել ոչ իրեն, ոչ էլ իր հետ եղողներին, այլ միայն՝ քահանաներին:
5
Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ քահանաները լուծում են շաբաթ օրերը՝ տաճարում ծառայելով, սակայն մեղավոր չեն համարվում։
6
Բայց ես ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի մեծը կա:
7
Բայց եթե գիտենայիք, թե ինչ է նշանակում՝ “Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ”, ապա չէիք դատապարտի անմեղներին:
8
Որովհետև Մարդու Որդին շաբաթի էլ Տերն է:
9
Եվ Հիսուսն այնտեղից գնաց և եկավ նրանց ժողովարանը:
10
Եվ ահա, այնտեղ մի մարդ կար՝ չորացած ձեռքով։ Հիսուսին ամբաստանելու համար Նրան հարցրին ու ասացին. «Շաբաթ օրն արժա՞ն է բժշկություն անել»:
11
Եվ Նա ասաց նրանց. «Ձեզանից ո՞վ կլինի այն մարդը, որ եթե մեկ ոչխար ունենա, և այն շաբաթ օրը ընկնի փոսի մեջ, մի՞թե չի բռնի այն և դուրս հանի:
12
Արդ, մարդը որքան առավել է ոչխարից. ուստի արժան է շաբաթ օրը բարիք գործել»:
13
Այն ժամանակ ասաց այդ մարդուն. «մեկնիր ձեռքդ», նա էլ չորացած ձեռքը մեկնեց, և այն առողջացավ՝ ինչպես մյուսը:
14
Իսկ փարիսեցիները դուրս ելան և Նրա դեմ խորհուրդ արին, թե ինչպես կործանեն Նրան:
15
Եվ Հիսուսը, դա իմանալով, հեռացավ այնտեղից, և շատ ժողովուրդ գնաց Նրա հետևից։ Եվ Նա բոլորին բժշկեց:
16
Եվ պատվիրեց նրանց, որ Իր մասին չհայտնեն,
17
Որպեսզի կատարվի Եսայի մարգարեի միջոցով ասվածը, որ ասում է.
18
«Ահա իմ ծառան, որին ընտրեցի, և Իմ սիրելին, որի նկատմամբ Իմ Հոգին բարեհաճ եղավ. Իմ Հոգին նրա վրա կդնեմ, և նա հեթանոսներին կհայտնի դատաստանի մասին.
19
Նա չի հակառակվի, չի աղաղակի, և ոչ էլ հրապարակներում մեկը Նրա ձայնը կլսի:
20
Ջախջախված եղեգը չի փշրի, և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի:
21
Եվ հեթանոսները հույսը կդնեն Նրա անվան վրա» (Ես. 42.1-4):
22
Այդ ժամանակ Նրա մոտ բերեցին մի կույր և համր դիվահարի և Հիսուսը նրան բժշկեց, այնպես որ կույր և համրը և տեսավ և խոսեց:
23
Եվ ժողովուրդի ողջ բազմությունը զարմացավ ու ասում էր. «Մի՞թե սա է Դավթի որդին»։
24
Բայց փարիսեցիները, լսելով, ասացին. «Դա դևերին ուրիշ բանով չի հանում, եթե ոչ միայն դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով»:
25
Եվ Հիսուսը, նրանց մտքերը հասկանալով, ասաց նրանց. «Ամեն թագավորություն, որն իր դեմ բաժանված է, կավերվի, և ամեն քաղաք կամ տուն, որըն իր դեմ բաժանված է, կանգուն չի մնա»:
26
Եվ եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվում է. էլ ինչպե՞ս կանգուն կմնա նրա թագավորությունը։
27
Եվ եթե ես Բեեղզեբուղով եմ հանում դևերին, ապա ձեր որդիներն ի՞նչով են հանում. Դրա համար էլ նրանք ձեր դատավորները կլինեն։
28
Բայց եթե ես Աստծո Հոգովն եմ հանում դևերին, ուրեմն Աստծո արքայությունը ձեզ վրա հասել է:
29
Կամ ինչպե՞ս կարող է մեկը մտնել մի զորավոր մարդու տուն և հափշտակել նրա ունեցվածքը, եթե նախ չկապի այդ զորավորին, հետո նրա տունը կողոպտի:
30
Ով որ ինձ հետ չէ, ինձ հակառակ է. և ով որ ինձ հետ չի ժողովում, ցրում է:
31
Դրա համար ասում եմ ձեզ. ամեն մեղք և հայհոյանք մարդկանց կներվեն, բայց Հոգու դեմ հայհոյանքը չի ներվի մարդկանց:
32
Ով Մարդու Որդու դեմ որևէ բան ասի, նրան կներվի. բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի՝ ոչ այս աշխարհում, ոչ էլ հանդերձյալում։
33
Եթե ծառը բարի անեք, նրա պտուղն էլ բարի կլինի, եթե ծառը չար անեք, նրա պտուղն էլ չար կլինի. որովհետև ծառը պտղից է ճանաչվում:
34
Իժերի ծնունդներ, դուք ինչպես կարող եք բարի խոսել, երբ չար եք. որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում:
35
Բարի մարդն իր սրտի բարի գանձարանից է բարիք դուրս բերում, և չար մարդը չար գանձարանից է չարիք հանում:
36
Բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը պատասխան պիտի տան:
37
Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես, և քո խոսքերից պիտի դատապարտվես:
38
Այդ ժամանակ դպիրներից և փարիսեցիներից ոմանք պատասխանեցին Հիսուսին ու ասացին. «Վարդապետ, ուզում ենք քեզնից մի նշան տեսնել»:
39
Նա պատասխան տվեց և նրանց ասաց. «Չար և շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նրան նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից:
40
Որովհետև ինչպես Հովնանը երեք օր և երեք գիշեր մեծ ձկան փորում էր, այնպես էլ Մարդու Որդին երեք օր և երեք գիշեր կլինի երկրի սրտում:
41
Նինվեացիները դատաստանի օրը վեր կկենան այս սերնդի հետ և կդատապարտեն նրան, որովհետև նրանք ապաշխարեցին Հովնանի քարոզությամբ.և ահա այստեղ Հովնանից ավելի մեծն է:
42
Հարավի թագուհին դատաստանի օրը վեր կկենա այս ազգի հետ և կդատապարտի նրան, որովհետև նա երկրի ծայրերից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու. և ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա:
43
Եվ երբ պիղծ ոգին դուրս է գալիս մարդուց, անջուր տեղերում ման է գալիս՝ հանգիստ փնտրելով, բայց չի գտնում:
44
Այդ ժամանակ ասում է. “Վերադառնամ իմ տունը, որտեղից դուրս ելա”, և գալիս է ու գտնում այն դատարկված, մաքրված և հարդարված:
45
Այդ ժամանակ գնում է և իր հետ բերում է ուրիշ յոթ ավելի չար ոգիներ, քան ինքն է և նրանք մտնում ու բնակվում են այնտեղ. և այդ մարդու վերջին վիճակն ավելի վատ է լինում, քան առաջինն էր։ Այսպես կլինի նաև այս չար սերնդի հետ»:
46
Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա Նրա մայրը և եղբայրները կանգնած էին դրսում և ուզում էին Նրա հետ խոսել:
47
Եվ մեկն ասաց Նրան. «Ահա, քո մայրը և քո եղբայրները դրսում կանգնած են և ուզում են քեզ հետ խոսել»:
48
Նա պատասխանեց Իրեն ասողին ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, և ո՞վքեր են իմ եղբայրները»:
49
Եվ իր ձեռքը դեպի իր աշակերտները պարզելով՝ ասաց. «Ահա Իմ մայրը և Իմ եղբայրները»
50
Որովհետև ով կատարում է Իմ Հոր կամքը, որը երկնքում է, նա է Իմ եղբայրը, քույրը և մայրը»: