Մատթեոս 7․ Քրիստոս արգելում է անխոհեմ դատելը։ Իր տունը վեմի վրա կառուցող մարդու առակը։

⬅ Վերադառնալ
1 Մի՛ դատեք, որ չդատվեք: 2 Որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նրանով էլ պիտի դատվեք. և ինչ չափով որ չափում եք, նրանով էլ կչափվի ձեզ: 3 Եվ ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ եղած շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ եղած գերանը չես նկատում: 4 Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում «Թող շյուղն աչքիցդ հանեմ», մինչդեռ քո աչքի մեջ գերան կա։ 5 Կեղծավոր, առաջ քո աչքից գերանը հանի՛ր, հետո կտեսնես թե ինչպես եղբորդ աչքից շյուղը հանես։ 6 Մի՛ տվեք Սուրբ բանը շներին և մի՛ գցեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի ոտնակոխ չանեն դրանք և շրջվելով ձեզ պատառոտեն։ 7 Խնդրեք, և կտրվի ձեզ, որոնեք և կգտնեք, դուռը թակեք, և կբացվի ձեզ։ 8 Որովհետև ամեն խնդրող ստանում է, որոնողը գտնում է, և դուռը թակողին կբացվի։ 9 Կամ ո՞վ է ձեզնից այն մարդը, որից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, 10 Եվ եթե ձուկ ուզե, մի՞թե նրան օձ կտա։ 11 Արդ, եթե դուք, չար լինելով, գիտեք ձեր զավակներին բարի պարգևներ տալ, ապա որքան առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են Իրենից։ 12 Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես էլ դուք արեք նրանց .որովհետև սա է օրենքի և մարգարեների էությունը։ 13 Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է դուռը և ընդարձակ է ճանապարհը, որ կորստյան է տանում ու շատերն են այդ ճանապարհով գնում։ 14 Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները։ 15 Զգուշացեք սուտ մարգարեներից, որոնք ձեզ մոտ են գալիս ոչխարների հանդերձներով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ 16 Իրենց պտուղներից նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։ 17 Այդպես էլ ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, և չար ծառը՝ չար պտուղ։ 18 Բարի ծառը չի կարող չար պտուղ տալ, ոչ էլ չար ծառը՝ բարի պտուղ։ 19 Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում է և կրակի մեջ գցվում։ 20 Ուրեմն իրենց պտուղներից նրանց կճանաչեք։ 21 Ոչ թե ամեն ինձ «Տե՛ր, Տե՛ր» ասողը կմտնի երկնքի արքայությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։ 22 Շատերը կասեն ինձ այն օրը՝ «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ հրաշքներ գործեցինք»: 23 Եվ այն ժամանակ ես պարզ կասեմ նրանց՝ «Երբեք ձեզ չեմ ճանաչել. հեռացե՛ք ինձնից, անօրեններ»: 24 Արդ, ով լսում է իմ այս խոսքերը և կատարում դրանք, նրան կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա: 25 Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին և զարկեցին այդ տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված: 26 Եվ ով լսում է իմ այս խոսքերը, բայց չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, ով իր տունը կառուցեց ավազի վրա։ 27 Անձրևը եկավ, գետերը վարարեցին, քամիները փչեցին ու զարկեցին տանը, և այն կործանվեց, ու նրա կործանումը մեծ եղավ։ 28 Եվ երբ Հիսուսը այս խոսքերը վերջացրեց, ժողովուրդը զարմացած էր Նրա ուսուցման վրա, 29 որովհետև նրանց սովորեցնում էր իշխանություն ունեցողի պես և ոչ թե դպիրների նման։
🏠 Գլխավոր էջ