Մատթեոս 9․ Քրիստոսը բժշկում է զանազան հիվանդություններ և հարություն է տալիս մի մահացած աղջկա։

⬅ Վերադառնալ
1 Եվ Նա նավը մտնելով անցավ այն կողմը, և եկավ Իր քաղաքը։ 2 Եվ ահա մի անդամալույծ բերին Նրա մոտ՝ մահճի մեջ դրած. և Հիսուսը նրանց հավատքը տեսնելով՝ անդամալույծին ասաց. Քաջալերվիր, որդյա՛կ, քո մեղքերը ներված են քեզ։ 3 Եվ ահա դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. «Սա հայհոյում է»: 4 Եվ Հիսուսը նրանց միտքը հասկանալով, ասաց. «Ինչո՞ւ եք չար բան խորհում ձեր սրտերում։ 5 Ի՞նչն է ավելի դյուրին. ասել՝ “Թող քո մեղքերը ներվեն քեզ”, թե՞ “Վե՛ր կաց և քայլի՛ր”: 6 Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու,- այդ ժամանակ Նա անդամալույծին ասաց,- վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն»։ 7 Եվ նա վեր կացավ, գնաց իր տուն։ 8 Երբ ժողովրդի բազմությունը տեսավ, զարմացավ. փառավորում էին Աստծուն, որ մարդկանց այդպիսի իշխանություն է տվել։ 9 Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ 10 Եւ եղավ՝ երբ Հիսուսը նրա տանը սեղանի շուրջ նստած էր, և ահա շատ մաքսավորներ և մեղավորներ եկել էին ու բազմել Հիսուսի և Նրա աշակերտների հետ։ 11 Եվ փարիսեցիները տեսնելով, Նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը ուտում մաքսավորների և մեղավորների հետ»։ 12 Բայց երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները»։ 13 Գնացե՛ք, սովորեցե՛ք, թե ի՞նչ է նշանակում.«Ողորմություն եմ կամենում և ոչ զոհ», որովհետեւ Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին։ 14 Այդ ժամանակ Հովհաննեսի աշակերտները Հիսուսի մոտ եկան և ասացին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ենք ծոմ պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում»։ 15 Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե կարող են հարսանիքի որդիները սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է. բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և այն ժամանակ նրանք ևս ծոմ կպահեն։ 16 Ոչ ոք նոր կտորից կարկատան չի դնում հնացած հագուստի վրա, որովհետև այն ամբողջությամբ կպոկվի հագուստից, և ավելի վատ պատռվածք կառաջանա։ 17 Եվ ոչ էլ նոր գինին են հին տիկերի մեջ լցնում, այլապես տիկերը կպատռվեն, գինին կթափվի, ու տիկերը կկորչեն։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են »: 18 Նա այս բաները նրանց հետ խոսելիս, ահա մի իշխան եկավ, Նրան երկրպագեց եւ ասաց. «Իմ աղջիկը հենց նոր մահացավ, բայց արի, ձեռքդ նրա վրա դիր, և նա կկենդանանա»: 19 Եվ Հիսուսը վեր կացավ, գնաց նրա ետեւից, և նրա աշակերտները ևս: 20 Եվ ահա տասներկու տարի արյունահոսությամբ տառապող մի կին, հետեւից մոտենալով, դիպավ Հիսուսի հանդերձի ծայրին: 21 Որովհետեւ իր մտքում ասում էր. «Եթե միայն նրա հանդերձին դիպչեմ, կփրկվեմ»։ 22 Բայց երբ Հիսուսը ետ դարձավ, նրան տեսավ և ասաց. «Քաջալերվիր, դուստր, քո հավատքը քեզ փրկեց»։ Եվ կինը նույն ժամին ազատվեց: 23 Երբ Հիսուսը եկավ իշխանի տունը, տեսավ փողհարներին ու տագնապած մարդկանց, 24 նրանց ասաց. «դու՛րս գնացեք, որովհետեւ աղջիկը մեռած չէ, այլ քնած է»։ Եվ նրանք ծաղրում էին Նրան: 25 Եվ երբ մարդկանց դուրս հանեցին, Հիսուսը ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքից, և նա վեր կացավ: 26 Եվ սրա համբավը տարածվեց ողջ երկրով մեկ: 27 Երբ Հիսուսն այնտեղից հեռանում էր, երկու կույր գնում էին նրա հետևից, աղաղակելով ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի Որդի»: 28 Եվ երբ տուն հասավ, կույրերը նրա մոտ եկան։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, թե կարող եմ դա անել»։ Նրանք ասացին. «Այո՛, Տեր»: 29 Այդ ժամանակ Նա դիպավ նրանց աչքերին և ասաց. «Ձեր հավատքի պես թող լինի ձեզ»: 30 Եվ նրանց աչքերը բացվեցին։Հիսուսը նրանց պատվիրեց և ասաց. «Զգո՛ւյշ կացեք, ոչ ոք չիմանա»: 31 Իսկ նրանք դուրս գնացին և հռչակեցին Նրան ողջ երկրով մեկ: 32 Եվ երբ նրանք դուրս էին գալիս, ահա մի համր դիվահարի բերեցին Նրա մոտ: 33 Եվ երբ դևը դուրս հանվեց, համրը խոսեց։ Ժողովուրդը զարմացավ և ասացին. «Երբեք Իսրայելի մեջ այսպիսի բան չի եղել»: 34 Սակայն փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է հանում դևերին»: 35 Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության Ավետարանը քարոզում, ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում: 36 Եվ Նա ժողովրդի բազմությունը տեսնելով, գթաց նրանց, որ նրանք հոգնել ու ցիրուցան էին եղել, ինչպես հովիվ չունեցող ոչխարները: 37 Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Հունձքը շատ է, բայց մշակները՝ քիչ: 38 Արդ աղաչեցեք հունձքի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հունձքի մեջ»:
🏠 Գլխավոր էջ