Մատթեոս 3․ Հովհաննես Մկրտչի քարոզչությունը անապատում. Նա մկրտում է Քրիստոսին Հորդանանում։

⬅ Վերադառնալ
1 Այն օրերում հայտնվեց Հովհաննես Մկրտիչը, որ քարոզում էր Հրեաստանի անապատում 2 Եվ ասում. Ապաշխարեք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը: 3 Հիրավի Սա՛ նա է, որի մասին խոսվել է Եսայի մարգարեի միջոցով, որ ասում է. «Անապատում կանչողի ձայնն է “Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները”» (Ես. 40.3)։ 4 Եւ ինքը՝ Հովհաննեսը, հագնում էր ուղտի բրդից հագուստ և կրում կաշվե գոտի իր մեջքին, և նրա կերակուրն էր մարախ և վայրի մեղր: 5 Այդ ժամանակ նրա մոտ էր գնում ողջ ժողովուրդը՝ Երուսաղեմից, ողջ Հուդայից ու Հորդանանի բոլոր շրջաններից, 6 Եվ նրա ձեռքով մկրտվում էին Հորդանանում ու խոստովանում իրենց մեղքերը: 7 Եվ Հովհաննեսը տեսնելով, որ շատ սադուկեցիներ ու փարիսեցիներ եկել են մկրտությանը, նրանց ասաց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ ասաց, թե այսպիսով կարող եք փախչել Տիրոջ գալիք բարկությունից։ 8 Արդ, ապաշխարության արժանի պտուղներ տվեք: 9 Եվ մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։ 10 Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված. արդ, ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կկտրվի ու կրակի մեջ կգցվի: 11 Ես ջրով եմ մկրտում ձեզ ապաշխարության համար, բայց ինձանից հետո եկողը ինձնից զորավոր է, որի կոշիկները վեր առնելու արժանի չեմ. նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով և կրակով: 12 Որ քամհարը նրա ձեռքին է, նա կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի շտեմարանի մեջ, իսկ հարդը կայրի անաշեջ կրակով: 13 Այդ ժամանակ Հիսուսը Գալիլեայից եկավ Հորդանան, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։ 14 «Սակայն Հովհաննեսը կանխեց Նրան և ասաց. «Ես պետք է քեզնից մկրտվեմ, և դո՞ւ ես ինձ մոտ գալիս»։ 15 Եվ Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև մեզ հարկ է այսպես կատարել ամբողջ արդարությունը»։ Այդ ժամանակ նա թույլ տվեց Հիսուսին: 16 Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց Նրա համար, և տեսավ Աստծու Հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր Իր վրա։ 17 Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, Որին ես հավանեցի»։
🏠 Գլխավոր էջ