Մատթեոս 16․ Փարիսեցիները նշան են խնդրում։ Քրիստոսի պատասխանը։ Կանխավ իմացնում է իր մահը։
⬅ Վերադառնալ
1
Եվ Փարիսեցիները և Սադուկեցիները մոտեցան Հիսուսին ու փորձելով Նրան, ուզում էին, որ նա երկնային մի նշան ցույց տար իրենց:
2
Նա էլ պատասխան տվեց և ասաց նրանց. «Երեկոյան ասում եք. “Պարզ եղանակ կլինի, որովհետև երկինքը շառագունել է”:
3
Եվ առավոտյան ասում եք՝ “այսօր վատ եղանակ կլինի, որովհետև երկինքը մթնել և շառագունել է”։ Կեղծավորներ, երկնքի երեսը կարող եք քննել, բայց ժամանակների նշանները չե՞ք կարող ճանաչել»:
4
Չար և շնացող մի սերունդ նշան է ուզում, սակայն նրան նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից»։ Եվ նա թողեց նրանց և գնաց։
5
Երբ Նրա աշակերտները լճի մյուս ափը գնացին, մոռացան հաց վերցնել իրենց հետ:
6
Եվ Հիսուսը ասաց նրանց. «Տեսե՛ք և Զգուշացե՛ք Փարիսեցիների և Սադուկեցիների խմորից»:
7
Նրանք իրենց մեջ մտածում էին ու ասում. «Հաց չենք վերցրել»:
8
Եվ Հիսուսը, սա հասկանալով, ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մեջ մտածում, թե հաց չեք վերցրել։
9
Դեռ չէ՞ք հասկացել, կամ չե՞ք հիշում հինգ հազար մարդու համար այն հինգ հացի մասին և թե քանի՞ կողով վերցրիք,
10
ոչ էլ այն յոթ հացը չորս հազար մարդու համար, և թե քանի՞ զամբյուղ վերցրիք:
11
Ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար չէի ասում ձեզ՝ զգույշ եղեք Փարիսեցիների և Սադուկեցիների խմորից»:
12
Այն ժամանակ հասկացան, որ չէր ասում հացի խմորից զգուշանալ, այլ՝ Փարիսեցիների և Սադուկեցիների վարդապետությունից:
13
Եվ Հիսուսը գնաց դեպի Կեսարիա Փիլիպպեի կողմերը և իր աշակերտներին հարցրեց ու ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում՝ մարդի Որդին ո՞վ է»:
14
Նրանք էլ ասացին. «Ոմանք ասում են, որ Նա Հովհաննես Մկրտիչն է, մյուսները՝ Եղիան, ուրիշներն էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»:
15
Նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ եք ասում Իմ մասին, ո՞վ եմ»:
16
Սիմոն Պետրոսը պատասխանեց և ասաց. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծո Որդին»:
17
Եվ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Երանի՛ քեզ, Սիմոն՝ Հովնանի որդի, որովհետև սա քեզ հայտնեց ոչ թե մարմինն ու արյունը, այլ իմ Հայրը, որ երկնքում է:
18
Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։
19
Եվ Ես քեզ կտամ երկնքի արքայության բանալիները. և այն, ինչ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում. և ինչ արձակես երկրի վրա, արձակված կլինի երկնքում»։
20
Այդ ժամանակ Հիսուսը պատվիրեց Իր աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թե Ինքն է Քրիստոսը:
21
Դրանից հետո Հիսուսն սկսեց հայտնել իր աշակերտներին, որ Ինքը պետք է գնա Երուսաղեմ և ծերերից, քահանայապետերից ու դպիրներից շատ չարչարվի, սպանվի, և երրորդ օրը հարություն առնի:
22
Եվ Պետրոսը նրան մի կողմ տանելով սկսեց հանդիմանել և ասաց. «Քավ լիցի, Տե՛ր, թող քեզ այդպիսի բան չպատահի»:
23
Եվ Նա դառնալով Պետրոսին ասաց . «Հետևս գնա՛, սատանա՛, դու գայթակղություն ես Ինձ, որովհետև դու խորհում ես ոչ թե այնպես, ինչպես Աստված է կամենում, այլ այնպես՝ ինչպես մարդիկ»:
24
Այդ ժամանակ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Եթե մեկը ցանկանում է գալ իմ հետևից, թող իր անձն ուրանա, խաչը վերցնի և ինձ հետևի»:
25
Որովհետև ով որ կամենա իր անձը փրկել, կկորցնի այն, իսկ ով որ իր անձը կորցնի Ինձ համար՝ կգտնի այն:
26
Որովհետև ի՞նչ օգուտ ունի մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի։ Կամ մարդն ի՞նչ կարող է տալ իր հոգին փրկելու փոխարեն:
27
Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, Իր հրեշտակների հետ, և այդ ժամանակ յուրաքանչյուրին կհատուցի ըստ իր գործերի:
28
Ճշմարիտ եմ ասում ձեզ. այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակելու, մինչև Մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս չտեսնեն»: