Մատթեոս 13:48
և երբ լցվեց, ցամաք հանեցին և նստեցին, լավերն ամանների մեջ հավաքեցին, իսկ անպետքները դուրս գցեցին:
Այս առակում Հիսուսը Աստծո արքայությունը ներկայացնում է ուռկանի կերպարով՝ մի պատկեր, որը ցույց է տալիս Նրա գործելակերպը աշխարհում։ Ուռկանը, նետվելով ծովը, հավաքում է բոլոր տեսակի ձկներ. այսպես էլ ավետարանի պատգամը տարածվում է բոլոր մարդկանց վրա՝ անկախ նրանց անցյալից, բնավորությունից կամ ներքին շարժառիթներից։ Սակայն երբ ուռկանը լցվում է, այն դուրս է բերվում ցամաք և տեղի է ունենում զատում. սա խորհրդանշում է աշխարհի վախճանը, երբ Աստծո դատաստանի օրը կլինի ճշգրտում։ Այդ ժամանակ նրանք, ովքեր իրապես պատկանում են Աստծուն՝ (լավ ձկները), կընդունվեն ու կպահպանվեն՝ Նրա արքայության համար։ Իսկ նրանք, ովքեր միայն արտաքինով էին հավատացյալ, բայց սրտով հեռու էին կամ նրանք ովքեր լսելով չեին հավատում (անպետք ձկները), դուրս կգցվեն։ Առակը հիշեցնում է, որ մինչ այժմ Աստծո հրավերը բաց է բոլորի առաջ, սակայն վերջում լինելու է զատորոշում։ Ոչ թե արտաքին պատկանելությունն է որոշիչ լինելու, այլ մարդու ներսի իրական բովանդակությունը։