Մատթեոս 8․ Քրիստոսը մաքրում է բորոտին, բժշկում հարյուրապետի ծառային և Պետրոսի զոքանչին։ Գադարացիները։

⬅ Վերադառնալ
1 Երբ Հիսուսն իջավ լեռան վրայից, նրա հետևից ժողովուրդի մեծ բազմություն գնաց: 2 Եվ ահա մի բորոտ, գալով, երկրպագում էր նրան և ասում. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»: 3 Եվ Հիսուսը ձեռքը մեկնելով, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվիր»։ Եվ նրա բորոտությունն անմիջապես մաքրվեց։ 4 Եվ Հիսուսը ասաց նրան. «Զգույշ կաց, ոչ ոքի չասես, այլ գնա, ցույց տուր քեզ քահանային և Մովսեսից հրամայված ընծան մատուցիր նրանց վկայություն լինելու համար»։ 5 Եվ երբ Հիսուսը մտավ Կափառնայում, մի հարյուրապետ եկավ Նրա մոտ և աղաչում էր Նրան։ 6 Եվ ասում էր. «Տե՛ր, իմ ծառան անդամալույծ ընկած է տանը և շատ է տանջվում»։ 7 Հիսուսը նրան ասաց. «Ես կգամ և կբժշկեմ նրան»։ 8 Եվ հարյուրապետը պատասխանելով ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ միայն մի խոսք ասա, և իմ ծառան կբժշկվի»։ 9 Որովհետև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, և իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. ասում եմ այս մեկին՝ գնա, և նա գնում է, և մյուսին՝ եկ, և նա գալիս է, և իմ ծառային՝ այս բանն արա, և նա անում է։ 10 Եվ երբ Հիսուսը լսեց, զարմացավ և ասաց իր հետևից եկողներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատք չգտա»։ 11 Եվ ասում եմ ձեզ, որ շատերը արևելքից և արևմուտքից կգան ու կնստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ երկնքի արքայությունում, 12 Իսկ արքայության որդիները դուրս կգցվեն դրսի խավարը, որտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։ 13 Ապա Հիսուսն ասաց հարյուրապետին. «Գնա, և ինչպես որ հավատացիր, թող այդպես լինի քեզ»: Եվ նրա ծառան բժշկվեց այդ պահին։ 14 Եվ Հիսուսը եկավ Պետրոսի տուն, տեսավ նրա զոքանչին՝ ջերմության մեջ պառկած։ 15 Հիսուսը բռնեց նրա ձեռքից, ու ջերմությունը թողեց նրան, և նա վեր կացավ ու սկսեց ծառայել նրանց։ 16 Երբ իրիկուն եղավ, շատ դիվահարներ բերին Հիսուսի մոտ, և նա խոսքով հանեց ոգիներին ու բժշկեց բոլոր հիվանդներին։ 17 Որպեսզի կատարվի Եսայի մարգարեի միջոցով ասվածը, որ ասում է. «Նա մեր հիվանդությունները վեր առավ և մեր ցավերը կրեց»։ 18 Եվ երբ Հիսուսը տեսավ իր շուրջը շատ ժողովուրդ, հրամայեց գնալ մյուս կողմը։ 19 Եվ մեկ դպիր, մոտենալով նրան, ասաց. «Վարդապետ, ես կգամ քո հետևից, ուր էլ որ գնաս»։ 20 Հիսուսն էլ ասաց նրան. «Աղվեսներն ունեն որջեր, և երկնքի թռչունները՝ բներ, բայց Մարդու Որդին իր գլուխը դնելու տեղ չունի: 21 Նրա աշակերտներից մեկը նրան ասաց. «Տե՛ր, ինձ թույլ տուր գնամ նախ հորս թաղեմ»: 22 Հիսուսը նրան ասաց. «Դու իմ հետևից եկ, և թող մեռելները թաղեն իրենց մեռելներին»: 23 Եվ երբ Հիսուսը նավ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից: 24 Եվ ահա մեծ ալեկոծություն եղավ ծովում, որ նավը ծածկվում էր ալիքներից, իսկ Նա քնած էր։ 25 Աշակերտները մոտենալով արթնացրին նրան և ասացին. «Տե՛ր, փրկիր մեզ, կորչում ենք»։ 26 Նա նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատներ»: Այդ ժամանակ վեր կացավ, սաստեց քամիներին ու ծովին, և կատարյալ խաղաղություն եղավ։ 27 Մարդիկ զարմացան և ասում էին. «Ինչ տեսակ մարդ է Սա, որ քամիներն ու ծովն էլ են հնազանդվում Նրան»։ 28 Եվ երբ նա անցավ մյուս կողմը՝ Գադարացիների երկիրը, նրան հանդիպեցին երկու դիվահարներ, որոնք դուրս էին գալիս գերեզմաններից, նրանք այնքան ահազդու էին, որ ոչ ոք չէր կարողանում այդ ճանապարհով անցնել։ 29 Եվ ահա, նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կա քո ու մեր միջև, Հիսուս՝ Աստծո Որդի, եկել ես այստեղ մեզ ժամանակից շուտ տանջելու՞»։ 30 Եվ նրանցից հեռու խոզերի մեծ խոզերամակ կար, որը արածում էր։ 31 Եվ դևերը աղաչում էին նրան և ասում. «Եթե մեզ հանում ես, թույլ տուր, որ գնանք այդ խոզերի երամակը»։ 32 Նա ասաց նրանց. «Գնացեք»: Եվ նրանք դուրս եկան ու մտան խոզերամակի մեջ։ Եվ ահա ամբողջ խոզերամակը դարավանդից վազեց դեպի ծովը, ու ջրերում խեղդվեցին։ 33 Իսկ խոզարածները փախան և գնալով քաղաք, պատմեցին ամենը, նաև դիվահարների պատմությունը։ 34 Եվ ահա, ամբողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ դուրս եկավ: Երբ տեսան նրան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։
🏠 Գլխավոր էջ