Մատթեոս 11․ Քրիստոսի պատասխանը Հովհաննես Մկրտչի աշակերտներին. Նախատում է Քորազինը, Բեթսայիդան և Կափառնայումը։
⬅ Վերադառնալ
1
Երբ Հիսուսն ավարտեց իր տասներկու աշակերտներին պատվերներ տալը, այնտեղից գնաց նրանց քաղաքներում ուսուցանելու և քարոզելու։
2
Եվ Հովհաննեսը, բանտում լինելով, Քրիստոսի գործերի մասին լսելով, իր աշակերտներին ուղարկեց և նրանց միջոցով Նրան հարցրեց.
3
Դո՞ւ ես Նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպասենք։
4
Եվ Հիսուսը պատասխան տվեց և նրանց ասաց. «Գնացեք ու պատմեք Հովհաննեսին այն, ինչ լսում և տեսնում եք։
5
Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներին Ավետարան է քարոզվում:
6
Եվ երանի նրան, ով ինձանով չի գայթակղվի»:
7
Եվ երբ նրանք գնացին, Հիսուսը սկսեց ժողովրդի հետ խոսել Հովհաննեսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս գնացիք անապատ. մի եղե՞գ, որ քամուց շարժվում է:
8
Հապա ի՞նչ տեսնելու համար դուրս գնացիք. մի մարդ, որ փափուկ զգեստնե՞ր է հագել. փափուկ զգեստներ հագնողներն ահա թագավորական տներում են:
9
Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք՝ մի մարգարեի՞. այո, ասում եմ ձեզ, ավելին, քան մարգարեն:
10
Որովհետև այդ նա է, որի համար գրված է. «Ահա ես իմ պատգամաբերին ուղարկում եմ քո առջևից, որ քո ճանապարհը քո առաջ պատրաստի»(Մղք. 3.1):
11
Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ չի եղել Հովհաննես Մկրտչից ավելի մեծը, բայց երկնքի արքայության մեջ ամենափոքրը նրանից մեծ է:
12
Բայց Հովհաննես Մկրտչի հայտնվելու օրերից մինչև հիմա երկնքի արքայությունը ուժով է վերցվում, և ուժեղներն են այն հափշտակում:
13
Որովհետև բոլոր մարգարեներն ու օրենքը մինչև Հովհաննեսն են մարգարեացել:
14
Եվ եթե ուզում եք ընդունել, նա Եղիան է, ով պետք է գար:
15
Ով լսելու ականջ ունի, թող լսի:
16
Բայց ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է այն երեխաներին, որոնք նստում են հրապարակներում ու ձայն են տալիս իրենց ընկերներին
17
ու ասում. «Մենք սրինգ փչեցինք ձեզ համար, և դուք չպարեցիք. մենք ողբացինք ձեզ համար, և դուք չսգացիք»:
18
Որովհետև Հովհաննեսը եկավ, ոչ ուտում էր և ոչ խմում, և ասում են՝ «Դև կա նրա մեջ»:
19
Եկավ Մարդու Որդին. ուտում ու խմում է, և ասում են. “Ահա ուտող-խմող մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ”։ Բայց Աստծու իմաստությունը հասկացվեց իր որդիների կողմից»։
20
Այդ ժամանակ Հիսուսը սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում Նրա հրաշքներից շատերը կատարվեցին, սակայն նրանք չապաշխարեցին:
21
«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարել էին։
22
Բայց ասում եմ ձեզ, Տյուրոսի և Սիդովնի համար ավելի հեշտ կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար:
23
Եվ դու, Կափառնայում, որ մինչև երկինք ես բարձրացել, մինչև դժոխքը պիտի իջնես. որովհետև եթե Սոդոմի մեջ կատարված լինեին այն հրաշքները, որոնք կատարվեցին քո մեջ, մինչև այսօր այն կպահպանվեր:
24
Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմի երկրի համար ավելի հեշտ կլինի դատաստանի օրը, քան քեզ համար»:
25
Այն ժամանակ Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Գոհանում եմ քեզանից, Հա՛յր, երկնքի և երկրի Տեր, որ այս բաները ծածկեցիր իմաստուններից և գիտուններից ու երեխաներին հայտնեցիր:
26
Այո՛, Հայր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ:
27
Ամեն բան ինձ տրվեց իմ Հորից: Ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից ում Որդին կուզենա հայտնել:
28
Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ:
29
Վերցրեք Իմ լուծը ձեր վրա և սովորեք ինձնից, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք,
30
Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»: