Մատթեոս 10․ Քրիստոսը տասներկու առաքյալներին իշխանություն տալով ուղարկում է։
⬅ Վերադառնալ
1
Հիսուսն իր մոտ կանչեց տասներկու աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիների վրա, որ նրանց հանեն, և ամեն ցավ ու ամեն հիվանդություն բժշկեն։
2
Եվ տասներկու առաքյալների անուններն այս են. առաջինը՝ Սիմոն, որը Պետրոս անվանեց, և նրա եղբայրը՝ Անդրեասը։
3
Զեբեդոսի որդի Հակոբոս և նրա եղբայր Հովհաննեսը, Փիլիպպոսը և Բարթողոմեոսը, Թովմասը և Մատթեոս մաքսավորը, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոսը, որը կոչվում էր Թադեոս,
4
Սիմոն Կանանացին ու Հուդա Իսկարիովտացին, որը և մատնեց նրան։
5
Այս տասներկուսին Հիսուսն ուղարկեց՝ նրանց պատվիրելով և ասելով. «Դեպի հեթանոսները տանող ճանապարհով չգնաք, և սամարացիների քաղաք չմտնեք.
6
Ավելի լավ է գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ:
7
Երբ գնաք, քարոզեք և ասեք. որ Երկնքի արքայությունը մոտեցել է։
8
Բժշկեք հիվանդներին, մաքրեք բորոտներին, հարություն տվեք մեռելներին, հանեք դևերին. ձրի ստացել եք, ձրի տվեք։
9
Մի՛ վերցրեք ոչ ոսկի, ոչ արծաթ և ոչ էլ պղնձադրամ ձեր գոտիների մեջ.
10
Ո՛չ ճանապարհի պարկ, ոչ երկուական հանդերձ, ո՛չ կոշիկներ և ո՛չ էլ գավազան, որովհետև մշակն իր կերակուրին արժանի է:
11
Որ քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրեք, թե այնտեղ ով կա ձեզ ընդունելու արժանի, և այնտեղ մնացեք, մինչև ձեր ելնելը:
12
Եվ երբ այդ տուն մտնեք, նրան ողջույն տվեք:
13
Եվ եթե այդ տունն արժանի է, ձեր խաղաղությունը նրա վրա կիջնի, բայց եթե արժանի չէ, ձեր խաղաղությունը ետ կդառնա դեպի ձեզ։
14
Իսկ ով ձեզ չընդունի, ոչ էլ ձեր խոսքին ականջ դնի, երբ այդ տնից կամ այդ քաղաքից դուրս ելնեք, ձեր ոտքերի փոշին թոթափեք:
15
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դատաստանի օրը Սոդոմացիների և Գոմորացիների երկրի համար ավելի հեշտ կլինի, քան այդ քաղաքի:
16
Ահա Ես ուղարկում եմ ձեզ ինչպես ոչխարներ՝ գայլերի մեջ. ՈՒստի եղեք խորագետ, ինչպես օձերը, և միամիտ՝ ինչպես աղավնիները:
17
Եվ զգույշ եղեք մարդկանցից, որովհետև նրանք ձեզ դատաստանի կկանգնեցնեն ու իրենց ժողովարաններում կտանջեն ձեզ:
18
Իմ պատճառով կառավարիչների և թագավորների առաջ կտարվեք՝ նրանց ու հեթանոսներին վկայություն տալու համար:
19
Բայց երբ ձեզ մատնեն, մի՛ անհանգստացեք՝ թե ինչպե՞ս կամ ի՞նչ պիտի խոսեք, որովհետև հենց նույն ժամին կտրվի ձեզ այն, ինչ խոսելու եք:
20
Քանի որ խոսողը դուք չեք, այլ ձեր Հոր Հոգին, որ խոսում է ձեր մեջ:
21
Եվ եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն, զաավակները ծնողների դեմ կելնեն և կսպանեն նրանց:
22
Եվ ամենի կողմից ատված կլինեք Իմ անունի համար: Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կապրի:
23
Եվ երբ այս քաղաքում հալածեն ձեզ, փախեք մեկ ուրիշ քաղաք. ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք սպառած չեք լինի Իսրայելի քաղաքները, մինչև Մարդու Որդու գալուստը:
24
Աշակերտը վարդապետից բարձր չէ, և ոչ էլ ծառան իր տիրոջից:
25
Բավական է աշակերտին, որ իր ուսուցչի նման լինի, իսկ ծառային՝ իր տիրոջ նման: Եթե տան տիրոջը «Բեեղզեբուղ» կոչեցին, ապա որքան ավելի՝ նրա ընտանիքի անդամներին:
26
Ուստի մի՛ վախեցեք նրանցից, որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և թաքուն բան, որ չիմացվի:
27
Ինչ որ ասում եմ ձեզ խավարում, լույսի մեջ ասեք, և ինչ որ լսում եք ականջին, տանիքների վրա քարոզեք:
28
Եվ մի վախեցեք նրանցից, որոնք սպանում են մարմինը, բայց հոգին սպանել չեն կարող. այլ ավելի վախեցեք նրանից, ով կարող է և՛ հոգին, և՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ:
29
Չէ՞որ երկու ճնճղուկ մեկ լումայով են վաճառվում, և նրանցից մեկը գետնին չի ընկնի առանց ձեր Հոր գիտության:
30
Ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է:
31
Արդ մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք:
32
Արդ, ով որ ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում է:
33
Եվ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է:
34
Մի կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր:
35
Որովհետև Ես եկա բաժանելու որդուն իր հորից, աղջկան՝ իր մորից, հարսին՝ իր սկեսրոջից:
36
Եվ մարդու թշնամիները իր ընտանիքի անդամները կլինեն:
37
Ով որ հորը կամ մորն Ինձնից ավելի է սիրում, նա Ինձ արժանի չէ: Եվ ով իր որդուն կամ աղջկան Ինձնից ավելի է սիրում, նա Ինձ արժանի չէ:
38
Եվ ով որ չի վերցնում իր խաչը և չի գալիս Իմ հետևից, նա Ինձ արժանի չէ:
39
Ով որ իր անձը գտնում է, կկորցնե նրան, և ով որ իր անձը Ինձ համար կորցնի, նա կգտնի նրան:
40
Ով որ ձեզ ընդունում է, Ինձ է ընդունում, և ով որ Ինձ ընդունում է, Ինձ ուղարկողին է ընդունում:
41
Ով մարգարեին ընդունում է որպես մարգարեի, նա մարգարեի վարձք կստանա, և ով արդարին ընդունում է որպես արդարի, արդարի վարձք կստանա:
42
Եվ ով այս փոքրիկներից որևէ մեկին որպես իմ աշակերտի թեկուզ մեկ բաժակ սառը ջուր տա խմելու, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա չի կորցնի իր վարձքը»: